
Արամ Մանուկյան. «Հինգ կոճակ քվեարկեց հոսանքի գնի թանկացման օգտին»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում ընդունվեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 4 դրամով:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները:
ՀԾԿՀ շենքի առջև հավաքված մի խումբ քաղաքացիների, ովքեր փորձում էին ներս մտնել` մասնակցելու քննարկմանը, նիստից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ իրենք հիմնավորել են հանձնաժողովի հինգ անդամներին, թե ինչո՞ւ էլեկտրաէներգիայի գինը չպետք է թանկանա ու չեն լսել որևէ հակափաստարկ հանձնաժողովի անդամների կողմից:
«Մենք բոլորս առանց բացառության հիմնավորել ենք չթանկացնելը: Ասել ենք, որ սա վնաս է, ու ոչ մի հակադարձ փաստարկ չի եղել, հանձնաժողովի անդամներից ոչ մեկը ոչ մի ծպտուն չի արել: Հինգ խմբակցության ներկայացուցիչները հիմնավորել են, որ թանկացում չպետք է լինի, մենք ներկայացրել ենք փաստեր, որոնց մասին ոչ մեկը չգիտեր: Ոչ մեկը, օրինակ, չգիտեր, որ մենք Վրաստանից հոսանք ենք առնում: Մենք ասել ենք, որ և՛ այս տարի և՛ անցյալ տարի, հիմա էլ Վրաստանից մեզ հոսանք են տալիս. սա եղել է գաղտնիք: Ընդ որում՝ այս հանձնաժողովի նիստին ներկա չէին, չէին մասնացում ո՛չ ֆինանսների, ո՛չ էկոնոմիկայի, ո՛չ էներգետիկայի նախարարները, որովհետև թքած ունեն, որովհետև այս հիմնարկին ասել են, հանձնարարել են կոճակի դեր կատարել: Հինգ կոճակ քվեարկեց հոսանքի գնի թանկացման օգտին»,- նշեց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորն ասաց, որ ԱԺ չորս խմբակցությունները կոմպրոմիսային, կառուցողական առաջարկ են ներկայացրել հանձնաժողովին՝ ճշտելու որոշ փաստեր Վրաստանի, Որոտանի հէկերի հետ, հասկանալու որոշակի մանրամասներ, սակայն ՀԾԿՀ-ն չի ընդունել այն: «Այս պահին քառյակը չունի որոշում հաջորդ քայլի համար: ՄԵնք կխորհրդակցենք ու տեղյակ կպահենք մեր որոշումների մասին»,- հավելեց նա:
Մեկնաբանել