HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլեյ-օֆում նյարդերի պայքար է. 1/4-րդում՝ Ֆրանսիա-Գերմանիա

Աշխարհի առաջնության փլեյ-օֆ փուլում թիմերին չի հաջողվել 3 գոլից ավելի խփել, իսկ հաղթանակները եղել են ոչ ավել, քան 2 գոլի տարբերությամբ: Ամենահեշտ հաղթանակը տրվել է Կոլումբիային, որը 2-0 հաշվով հաղթեց ուրուգվայցիներին, բայց այս դեպքում էլ չի կարելի ասել, թե պայքարը միակողմանի էր: Այնպիսի թիմեր, ինչպիսիք են Բրազիլիան, Հոլանդիան, Գերմանիան, Ֆրանսիան, դժվարությամբ են կոտրում մրցակիցների դիմադրությունը: Դա վկայում է այն մասին, որ ուժերը տարբեր գործոնների ազդեցությամբ ներկայում հավասար են. մի կողմից՝ կլիման է նպաստում եվրոպացիների համեմատաբար դժգույն ելույթներին աֆրիկական կամ ամերիկյան թիմերի հետ, մյուս կողմից՝ հենց վերջիններս են եվրոպական թիմերում հանդես եկող իրենց աստղերի շնորհիվ առաջընթաց գրանցել ու այսօր գրեթե ոչնչով չեն զիջում եվրոպական գրանդ հավաքականներին: 

1/8-րդ եզրափակչի Ֆրանսիա-Նիգերիա եւ Գերմանիա-Ալժիր խաղերը նույնպես անցան համառ պայքարում: Ֆրանսիացիներին միայն 79-րդ րոպեին հաջողվեց գոլ խփել, անկյունայինի խաղարկումից հետո սխալվեց դարպասապահ Էնյեաման, ինչից էլ օգտվեց Պոլ Պոգբան՝ գնդակը գլխով ուղարկելով անպաշտպան դարպասը: Իսկ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ նիգերիացիների ավագ Յոբոն. Ֆրանսիա-Նիգերիա՝ 2-0:

Գերմանիա-Ալժիր հանդիպումն անցավ հավասար պայքարում. աֆրիկացիները հատկապես առաջին կեսում երկար ժամանակ տիրում էին նախաձեռնությանը: Մանուել Նոյերը մի քանի անգամ փրկեց իր թիմին: Սակայն հանդիպման լավագույն խաղացողը ալժիրցիների դարպասապահ Ռաիս Մ՛Բոլին էր, որը գերմանական մեքենայի գրոհները շարունակ հետ էր մղում: Հանդիպման խաղավերջում արդեն զգացվում էր աֆրիկացիների հոգնածությունը, չնայած գերմանացիներն էլ ահագին ուժեր էին ծախսել: Հիմնական ժամանակում այդպես էլ գոլ չգրանցվեց: Իսկ ահա լրացուցիչ 30 րոպեները դրամատիկ ստացվեցին: Արդեն 92-րդ րոպեին Անդրե Շյուռլեն պատահական գոլի հեղինակ դարձավ, գնդակը հաջող դիպավ նրա ոտքին ու ամենահաս Մ՛Բոլին չկարողացավ կասեցնել այն: Ամենավերջին՝ 120-րդ րոպեին հոգնած աֆրիկացիներին վերջին հարվածը հասցրեց Օզիլը, սակայն ավելացված հենց առաջին րոպեին Ջաբուն այդուհանդերձ տխրեցրեց Նոյերին՝ եզրափակելով եզրից կատարված փոխանցումը. Գերմանիա-Ալժիր՝ 2-1: Վահիդ Հալիլհոջիչն իսկապես կարող է հպարտանալ իր սաներով. աֆրիկացիներն իսկական մարտ տվեցին աշխարհի եռակի չեմպիոններին, որոնք ֆավոիտներից մեկն են այս առաջնությունում:  

Այսպիսով՝ 1/4-րդում կխաղան Ֆրանսիան ու Գերմանիան, ինչը հիանալի նվեր է ֆուտբոլասերների համար. հանդիպելու են աշխարհի նախկին չեմպիոնները: Կիսաեզրափակիչում այս զույգի հաղթողը կխաղա Բրազիլիա-Կոլումբիա զույգի հաղթողի հետ: Հատկանշական է, որ մինչ օրս 1/4-րդ են դուրս եկել բացառապես խմբերի հաղթողները:  

Այսօր կկայանան վերջին երկու հանդիպումները. Արգենտինա-Շվեյցարիա (20:00), Բելգիա-ԱՄՆ (24:00): Այս զույգերի հաղթողները 1/4-րդում կխաղան իրար հետ: Ինչպես հայտնի է, մյուս զույգը կազմել են Հոլանդիան ու Կոստա Ռիկան: 

Լուս.-ը՝ Getty Images    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter