
Հանրային քննարկումն անցավ առանց հանրության մասնակցության (տեսանյութ)
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջև, որտեղ քննարկվում էր Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, քաղաքացիները պահանջում էին ներս թողնել իրենց` մասնակցելու քննարկմանը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անընդհատ պատճառաբանում էր, թե ներսում տեղ չկա, ուստի չեն կարող քաղաքացիներին թույլատրել մուտք գործել ՀԾԿՀ:
Օսիպյանը նախ հայտարարեց, թե շենք կարող է մտնել միայն 10 հոգի, ապա մտադրությունը փոխեց` նշելով, որ հինգ րոպեով կարող է ներս մտնել 2-ական քաղաքացի: Արդյունքում ակտիվիստները, որպես բողոքի նշան, փակեցին Սարյան փողոցը` հայտարարելով, որ իրենք հանրային քննարկմանը մասնակցելու սահմանադրական իրավունք ունեն, իսկ ոստիկանությունը ոտնահարում է իրենց իրավունքը: Սկսվեցին բախումներ ոստիկանների ու քաղաքացիների միջև:
Նիստը շարունակվեց առանց ակտիվիստների մասնակցության, թեպետ, ինչպես հայտարարեց նրանցից մեկը, ներսում 12 ազատ աթոռ կար: Հանձնաժողովը քվեարկեց էլեկտրաէներգիայի թանկացման օգտին: Նոր գինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:
Այս ընթացքում ակտիվիստները շարունակում էին պայքարել իրենց իրավունքն իրացնելու համար, ոստիկաններն էլ, ուժ գործադրելով, նրանց հեռացնում էին տարածքից: «Տղաներ, ոչինչ, մի օր ձեզ հետ բարձր կխոսեն, մի օր կհայհոյեն, ոչինչ…»,- դիմելով քաղաքացիներին քաշքշող ոստիկաններին` ասում էր փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը: Նա բազմիցս դիմում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին` նրան հորդորելով դիմել ակտիվիստներին` դադարեցնելու ակցիան:
«Պարոն Զուրաբյան, որպես ԱԺ պատգամավորի` ես Ձեզ խնդրում եմ դիմել ակցիայի մասնակիցներին, որ հետևեն օրենքին, ոստիկանների հետ կոնֆլիկտ չստեղծեն: Ձեզ մի դրեք չլսելու տեղ, պարոն Զուրաբյան, խնդրում եմ, հավատացեք` անկեղծ եմ ասում, իմ բառերի մեջ տեսեք անկեղծություն, մենք ցանկություն չունենք որևէ մեկիդ հետ կոնֆլիկտ ստեղծել»,- հայտարարեց Օսիպյանը, սակայն ակտիվիստները չհավատացին նրան:
Օսիպյանը մոտեցավ Զուրաբյանին` ասելով, որ ինքը ողջունում է ակցիան, բայց ծառայության մեջ է, ուստի պետք է պահպանի հասարակական կարգը: «Տփող լինեինք, հիմա կտփեինք»,- ասաց Օսիպյանը` արձագանքելով քաղաքացիներից մեկի ռեպլիկին:
Զուրաբյանն էլ ասաց, թե տեղի է ունենում խաղաղ ակցիա` առանց զենքի, մարդիկ ունեն պայքարելու իրավունք, իսկ ոստիկանության պարտականությունն է ապահովել, երաշխավորել քաղաքացիների սահմանադրական իրավունքը: «Այստեղ ոչ մի բախում չկա, լարվածությունը մտցնում է ոստիկանությունը: Մարդիկ իրենց ակցիան անում են, ո́չ զենք ունեն, ո́չ… մարդիկ են, արտահայտվում են, ի՞նչ խնդիր կա»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Ակցիայի մանրամասները` «Հետք»-ի տեսանյութում
Մեկնաբանել