HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

6 դատական գործ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ. դրանցից մեկի շրջանակներում նա երեկ ձերբակալվել է

Հուլիսի 1-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզի Նանտեղ արվարձանում` դիրքի չարաշահման եւ քննության գաղտնիությունը ոտնահարելու մեղադրանքով հարուցված գործով հարցաքննության համար: Արդարադատության ոստիկանության կենտրոնական բաժանմունքում 15-ժամյա հարցաքննությունից հետո հուլիսի 2-ի առավոտյան Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: 

Երկուշաբթի ձերբակալվել եւ հարցաքննվել էին նրա փաստաբան Տիերի Հերցոգը, Վճռաբեկ դատարանի դատավոր Ժիլբեր Ազիբերը եւ դատախազ Պատրիկ Սասուստը: Վերջիններիս ձերբակալությունն արդեն երկարացվել է 24 ժամով: 

Ֆրանսիայի նախկին նախագահի անունը շրջանառվում է 6 դատական գործերում՝ 2007-ի իր նախընտրական արշավի ֆինանսավորումը Լիբիայի նախագահ Քադաֆիի կողմից, Կարաչիի գործ, Բետանկուրի գործ, Ելիսեյան պալատի հարցումներ, Տապիի դատավարություն, Դիրքի չարաշահում... Սարկոզիի եւ նրա գործընկերների, մտերիմների անունները հիշատակվում են այս բոլոր դոսյեներում: 

Ինչ գործեր են դրանք, եւ ինչ մեղադրանքներ են ներկայացվում Սարկոզիին

Բետանկուրի գործը

2007-ին «Լ'Օրիալ» ընկերության սեփականատեր, 90-ամյա Լիլիան Բետանկուրի դուստրը՝ Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերը, դատական հայց է ներկայացնում Ֆրանուսազ-Մարի Բանիերի դեմ՝ մոր «մտավոր թուլությունը չարաշահելու» համար: Բանիերը, ով մտավոր թուլություն ունեցող Լիլիան Բետանկուրի մտերիմն է եղել, իր անձնական օրագրում գրած է եղել, որ միլիարդատերեր Բետանկուրները օրենքի շրջանակներից դուրս ֆինանսավորել են մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլա Սարկոզիի 2007-ի նախընտրական արշավը:

Լիլիան Բետանկուրի նախկին հաշվապահը հաստատել է, որ միլիարդատիրուհու կառավարիչ Պատրիս դե Մեստրն այդ տարի իրենից 150,000 եվրո է ուզել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի գանձապահ Էրիկ Ուոերտին փոխանցելու համար:

Այս գործով նախաքննության դատարանը 2013-ի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել վկայի կարգավիճակով ներգրավված նախկին նախագահին ուղղիչ տրիբունալ չուղարկել՝ «մտավոր թուլությունը չարաշահելու բավարար ապացույցներ չլինելու պատճառով»: Ֆրանսիական մամուլը դատավորների այս որոշումը թատերական բեմադրություն որակեց, քանի որ ապացուցված էին համարվել, որ Սարկոզին երկու անգամ այցելել է միլիարդատեր Լիլիան Բետանկուրին, եւ այցերից վերջինի նպատակը  ֆինանսական աջակցությունն է եղել:

Փոխարենը նրա գանձապահ Էրիկ Ուոերտի վրա դեռ «կախված է» Լիլիան Բետանկուրի «մտավոր թուլությունը» չարաշահելու մեղադրանքը:

 Լիբիական ֆինանսավորման մեղադրանք

2012-ի ապրիլին ֆրանսիական հետաքննական Mediapart կայքը  հրապարակում է 2006-ով թվագրված մի լիբիական փաստաթուղթ, համաձայն որի՝ Քադաֆիի ռեժիմը որոշել է 50 միլիոն եվրո հատկացնել Նիկոլա Սարկոզիի 2007-ի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու նպատակով: Դեկտեմբերի 19-ին Զիադ Տակիեդինը՝ լիբիացի գործարար, դատական լսման ժամանակ հաստատել էր նման ֆինանսական օժանդակության փաստը, սակայն հրաժարվել էր ապացույցներ տրամադրել: Հետագայում Քադաֆիի ռեժիմի բազմաթիվ չինովնիկներ հաստատել էին այդ փաստը՝ չկարողանալով, սակայն, ապացույցներ ներկայացնել:

2013-ի ապրիլի 19-ին այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն կոնկրետ որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Նիկոլա Սարկոզին իր հերթին զրպարտության մեղադրանքով հայց է ներկայացրել Mediapart-ի դեմ:

Դիրքի չարաշահում

Լիբիական ֆինանսավորման մասին գործի շրջանակում դատավորները Նիկոլա Սարկոզիին եւ նրա փաստաբան Տիերի Հերցոգին գաղտնալսելու որոշում էին կայացրել: Հեռախոսազրույցներից մեկում երկու բարձրաստիճան անձինք տալիս են Վճռաբեկ դատարանի մագիստր Ժիլբեղ Ազիբեղի անունը, ով տեղեկություններ պետք է հաղորդեր Վճռաբեկ դատարանի կողմից քննվող՝ «Բետանկուրի» գործի վերաբերյալ: Դատավորները որոշում էին կայացրել նախկին նախագահի օրակարգի եւ հանդիպումների փաստաթղթերն առգրավելու վերաբերյալ: Սարկոզին կասկածվում է այդ տեղեկությունների դիմաց մագիստր Ազիբեղին տված խոստման մեջ՝ թոշակի տարիքի մոտենալու հետ վերջինիս պետական խորհրդական նշանակել Մոնակոյում: Այս գործով քննությունը սկսվել է 2014-ի փետրվարին: Մարտին խուզարկություններ են կատարվել Սարկոզիի փաստաբանի եւ դատավոր Ազիբեղի բնակարաններում: Վերջիններս, այդ թվում` դատախազ Պատրիկ Սասուստը ձերբակալվել են երկուշաբթի:

Տապիի դատավարություն

2008-ին ֆրանսիական դատարանը 403 մլն եվրո է տրամադրել ֆրանսիացի հայտնի գործարար, մեդիասեփականատեր Բեռնար Տապիին՝ «Կրեդի լիոննե» (Credi Lyonnais) բանկի հետ «Ադիդասի» վաճառքի գործով վեճը լուծելու համար: Այս գործով դատավորները կասկածներ ունեն, որ 2008-ին «ապօրինի համաձայնություն» է կայացվել եւ «ձեւական դատավարություն» իրականացվել՝ ի նպաստ գործարարի:

Քննությունը պարզել է, որ բազմիցս գնացել է Ելիսեյան պալատ մինչ ապօրինի դատավարությունը: Սարկոզին մեղադրվում է ի նպաստ իր մտերիմ Տապիի՝ այդ որոշմանը հավանություն տալու մեջ: Ներկայումս այս գործով հինգ հոգու մեղադրանք է ներկայացվել` «խաբեբայություն կազմակերպված հանցավոր խմբի շրջանակներում»: Նրանց թվում են՝ Բեռնար Տապին, նրա փաստաբան Մողիս Լանտուղնը, դատավորներից մեկը, Պիեռ Էստուպը՝ «Ժան-Ֆրանսուա Ռոշի» կոնսորցիումի նախկին նախագահը եւ Էկոնոմիկայի նախարարությունում Քրիստին Լագարդի կաբինետի տնօրեն, ներկայումս «Օրանժի» ղեկավար Ստեֆան Ղիշաղը:

Այս գործով հնչում էին նաեւ Սարկոզիի կաբինետի այլ նախարարների անուններ՝ Արդարադատության նախարար Ռաշիդա Դատին եւ էկոնոմիկայի նախարար Ժան-Լուի Բողլոն, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստին Լագարդը, որոնք, սակայն, հերքում են իրենց մասնակցությունն այս գործարքին:

Կարաչիի գործ

Խոսքը 2002-ին Պակիստանում՝ Կարաչի քաղաքում, ծովային շինարարության բաժանմունքի աշխատակիցների դեմ տեղի ունեցած մահափորձի հեղինակներին գտնելու մասին է: 2009-ին առաջ քաշվեց այն վարկածը, որ ֆրանսիական կառավարությունը, որը զենք է վաճառել Պակիստանին, հաշիվներ է «մաքրել» ՝ իր կոմիսիոն գումարները «լվանալու» համար: Քննությունը գաղտնի մեխանիզմներ է բացահայտել, որոնց շնորհիվ 1995-ին կարող էին ապօրինաբար ֆինանսավորել գործող վարչապետ, նախագահի թեկնածու Էդուարդ Բալադյուրի նախընտրական արշավը:

Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ այդ պայմանագրերը կնքելիս Սարկոզին զբաղեցրել է Բյուջետային նախարարի պաշտոնը: Իսկ մեկ տարի անց դարձել է Բալադյուրի նախընտրական կամպանիայի խոսնակը:

Քննչական մարմինների թիրախում Սարկոզիի չորս մտերիմներն են: Այս տարվա հունիսին Արդարադատության դատարանը գործ է հարուցել նաեւ Բալադյուրի դեմ:

Ելիսեյան հարցումներ

2007-ին նախագահի աշխատակազմը պայմանագիր է կնքում Publifact հետազոտությունների կենտրոնի հետ հարցումներ իրականացնելու համար:  Publifact-ի ղեկավարը Սարկոզիի խորհրդական Պատրիկ Բյուիսոնն էր: Այդ պայմանագրով նախատեսվում էր տարեկան 1,5 մլն եվրոյի վճար, եւ ավելի քան 10,000 եվրո աշխատավարձ Բյուիսոնի համար: Առանց մրցույթի կնքված այս պայմանագիրը 2009-ին դատարանը ճանաչեց անօրինական: Այս գործով Սարկոզին կասկածվում է իր խորհրդականին հովանավորելու մեջ, ինչը շարժառիթ է հանդիսացել, որպեսզի 2010-ին «Անտիկոր» կազմակերպությունը հայց ներկայացնի դատարան:

Դատաքննությունը սկսվել է 2013-ին: Խուզարկություններ են կատարվել Պատրիկ Բյուիսոնի գրասենյակում եւ փարիզյան բնակարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter