HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հայկական դիվանագիտության փշրվող ողնաշարը

Հուլիսի մեկին լրացավ վերջնաժամկետը, որի ընթացքում պետք է որոշվեր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամացկության հարցը: Այդ ժամկետը սահմանվել էր մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` մեծ աղմուկ հանած նիստում, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկությամբ:

Սակայն եվրասիական տնտեսական ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի ներգրվման հարցը ներկայումս մնում է գրեթե նույնքան անորոշ, որքան անորոշ էր Աստանայի այդ գագաթաժողովից առաջ:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն միջպետական համաձայնեցման է ուղարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամացկության պայմանագիրը, և որ Աստանայի գագաթաժողովում  հուլիսի մեկը, որպես վերջնաժամկետ, սահմանվել է ոչ թե այդ պայմանագիրը կնքելու համար, այլ ընդամենը` ստորագրման համար նախապատրաստելու: Եվ այնուամենայնիվ, Քոչարյանը չի պատասխանել այն հարցին, թե այդ դեպքում ե՞րբ է նախատեսվում պայմանագրի ստորագրումն առհասարակ:

Ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր հուլիսի 3-ի մասին` բառացիորեն նշելով, որ ոչ թե մինչ այդ, այլ հենց այդ օրն է նախատեսված պայմանագրի ստորագրումը: Սակայն ակնհայտ է, որ չի գործելու նաև այդ ժամկետը: Նախ` դժվար է պատկերացնել, որ համաձանեցման պրոցեսի համար մեկ-երկու օրը բավարար կլինի: Բացի դրանից`  երեկ ՌԴ դեսպանների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԵՏՄ-ի ընդլայնման և դրա շրջանակներում Հայաստանի անդամակցության մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս դրա որևէ կոնկրետ ժամկետ չի նշել` օգտագործելով «շուտով» եզրույթը:

Ակնհայտ է, որ Քոչարյանը պարզապես դիվնագիտական աճպարարություններով է զբաղված` արդարացնելու համար այն անլուրջ վիճակը, որում հայտնվել է Հայաստանը ԵՏՄ-ին անդամացկության հարցի շրջանակում: Օգտագործվում է ցանկացած առիթ, պատրվակ` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը հետաձգելու և անորոշության մատնելու համար: Այդ շարքից էր ընդամենը երկու օր առաջ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստից հետո Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի այն հայտարարությունը, թե որպեսզի Հայաստանը միանա ԵՏՄ-ին, պարտավոր է լեզու գտնել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ` այնտեղ ստանձնած պարտավորություններից հրաժարվելու և դրա հետևանքների պատասխանատվությունը կրելու առումով: Շուվալովն, առաջարկում էր Հայաստանին, պատճառաբանելով ԱՀԿ-ի հետ բանակցությունները, դադար վերցնել ԵՏՄ մտնելու հարցում, ինչը նշանակում է, որ  ցանկանալով այս պահին օրակարգից հանել Հայաստանի անդամակցության հարցը` Ռուսաստանը փորձում է դա անել հենց Երևանի ձեռքով:

Իսկ այդ կերպ վարվելու Մոսկվայի շարժառիթը Ադրբեջանի հետ նրա սկսած նոր սիրախաղն է` Բաքվին ԵՏՄ ներքաշելու գրեթե անթաքույց նպատակադրմամբ: Մոսկվայում որոշել են Հայաստանի անդամակցության հարցը լուծել ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալու հավանականությունը վերջնականապես ճշգրտելուց հետո: Բաքվի հետ վարվող ինտենսիվ բանակցությունների ողջ իմաստը ԵՏՄ մտնելու դիմաց Ադրբեջանի ակնկալիքների, պահանջների շրջանակը և դրանք բավարարելու իր հնարավորությունների չափը հստակեցնելն է: Դրանք ոչ այնքան դասական բանակցություններ են, որքան պարզ առևտուր, որտեղ, ըստ էության, հիմնական ապրանքը Հայաստանի շահերն են և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի` պրոադրբեջանական լուծման հնարավորությունը: Եթե Մոսկվան կարողանա փոխըմբռնման հասնել Ադրբեջանի հետ, կփորձի թե նրա և թե Հայաստանի անդամակցության հարցը լուծել կոմպլեքս, այսպես կոչված փաթեթային եղանակով:

Խնդիրն իհարկե, այն չէ, թե ինչի է ուզում հասնել Ռուսաստանը` նման ձգձգումներով: Այլ այն, որ Հայաստանը անմիջականորեն իր պետական ու ազգային շահերին, անվտանգությանը վերաբերող հարցում հանդես է գալիս ոչ թե որպես սուբյեկտ, այլ ընդամենը որպես օբյեկտ: Առավելագույնը, ինչ անում է ռուս-ադրբեջանական ներկայիս առևտրային աքցանների մեջ վերցված Երևանը, համբերատար սպասելն է, թե իր հարցում, իր փոխարեն ինչ կորոշի Ռուսաստանը:

Սա Հայաստանի համար նույնիսկ դիվանագիտական խարակիրի չէ: Որովհետև ինքնասպանության այդ ակտի կամ ծեսի գաղափարական և իմաստաբանական առանցքը արժանապատվության, պատվի անայլընտրանք պաշտպանությունն է ինքնազոհողության միջոցով: Մինչդեռ Հայաստանի շուրջ ԵՏՄ-ի համատեքստում ընթացող գործընթացների հիմքում ընկած է Հայաստանի համար այդ կատեգորիաների իսպառ բացակայությունը: Դա ինքնազոհողություն է հանուն ոչնչի:

Եթե վերանանք այն նպատակներից ու հիմնավորումներից, որոնցով Հայաստանի իշխանությունը փորձում էր արդարացնել Մաքսային Միություն, հետո արդեն Եվրասիական միություն մտնելու անակնկալ  որոշումը, առկա իրավիճակը նույնիսկ կարելի է որպես ԵՏՄ-ին պարտադրված միանալու հեռանկարից խուսափելու` Հայաստանին տրված եզակի շանս ընկալել: Բայց Երևանն իր սպասողականությամբ, հարմարվողականությամբ, դիմագծի կատարյալ բացակայության ցուցադրությամբ վկայում է, որ այդ շանսից օգտվելու կամ ցանկություն կամ կարողություն  չունի ու ստիպված է ԵՏՄ տանող կածանների վրա, բացուխուփ լինող դռների արանքում քարշ գալ այնքան, որքան հարմար կգտնեն իր պոտենցիալ, այսպես կոչված գործընկերները Մոսկվայում, Աստանայում, Մինսկում և, որքան էլ աբսուրդային թվա` Բաքվում:

Հենց այս իմաստով է, որ «ԵՏՄ-ի մեջ` ԵՏՄ-ից դուրս լինելով» բանաձևով առաջնորդվելը վերածվում է դիվանագիտական խոշոր ձախողման, որն ուղղակի հերթականն է ձախողումների անվերջանալի թվացող շքերթում: Անցած 7-8 տարիներին հայաստանյան դիվանագիտությունը ոչ մի, թեկուզ հանգրվանային հաջողություն չի արձանագրել: 2009-10թ.` նշանակվորվեց հայ-թուրքական հաշտեցման, ֆուտբոլային դիվանագիտության անփառունակ վախճանով: Դրան հաջորդեց ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացից անակնկալ հրաժարումը` որը Հայաստանը մեկ ակնթարթում վերածեց աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար միաժամանակ անվստահելի և անլուրջ ինչ-որ միավորի: Սակայն անգամ այդ զոհողությունը անիմաստ դարձավ, որովհետև Հայաստանը ոչ միայն այդպես էլ Մաքասային Միության անդամ չդարձավ, այլև  չկարողացավ լուծել Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր անդամ դառնալու խնդիրը:

Ավելին. եթե մինչ այդ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ իշխանությունը կհամաձայնի Հայաստանի և ԼՂՀ-ի միջև որևէ տեսակի բաժանարար գծի անցկացմանը, ապա ներկայումս դա ուղղակի իրականություն է: Իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկն առ այսօր չի հայտարարել, թե բացառվում է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր դնելը: Նույնիսկ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այդ խնդրին անդրադառնալիս խոսում է ոչ թե մաքսակետեր դնելու, այլ ընդամենը ԼՂՀ-ի հետ տնտեսական առկա ռեժիմի փոփոխության անհնարինության մասին: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանն արդեն համաձայնել է մաքսակետեր դնելու պայմանին` թերևս հուսալով, որ կհաջողվի սահմանին դրա ներկայությունը կամ գործունեությունը դարձնել ձևական:

Եվ ահա այս ակնհայտ զիջումների ֆոնին հիմա էլ պարզ է դառնում, որ իշխանությունը չի կարողանում լուծել նույնիսկ որպես շարքային անդամ` ԵՏՄ-ին անդամակցելու խնդիրը, իսկ զուգահեռաբար ռուս-ադրբեջանական սկսված առևտրի պատճառով, ԼՂ հակամարտությունը մտել է մի այնպիսի գերլարված շրջափուլ, որտեղ ցանակցած պրովոկացիա կարող է լայնածավալ պատերազմական գործողությունների պատճառ դառնալ` խախտելու համար առկա ստատուս քվոն և ուժերի հարաբերակցությունը տարածաշրանում: Եվ որևէ նախադրյալ չկա հուսալու, որ կորուստների, զիջումների այս խայտառակ շղթան երբևէ կավարտվի:  

Մեկնաբանություններ (1)

Խնդրում եմ լուրջ ընդունել, կարեւոր է!!
Այսինքն այն դեպքին է երբ բռնաբարում են, իսկ դիմադրությունը վնաս է բերում: Սակայն դրությունն այդքան անհույս չէ, պետք է համբերությամբ սպասել .... ազերին իրականում նավթի ու գազի փողը մենակ ուտելն ավելի հետաքրքիր է քան կռիվն ու Ղարաբաղը (որն ամբողջությամբ նրան չեն էլ տա - բոլոր դեպքերում!) ԵՏՄ, ԵՄ - ն հզորների խաղ է, ինչ ուզում են թող անեն, մենք պիտի ասենք բոլորիդ հետ էլ համաձայն ենք, դուք իրար հետ համաձայնվեք թե ում ենք հարսնություն անելու, միայն մեզ մի ճղեք մեջտեղից: Գազ տվեք էժան, փող տվեք մեր խեղճ օլիգարխիկներին, դեմոկրատին զարգացնելու համար, բնությունը քանդելու համար եւ այլն: Վերջ ի վերջո խեղճ ու կրակ քրիստոնյա ազգ ենք! Լաց ու կոծը կարող է ազդել: Բայց պիտի տակից աշխատենք «օգնել» մեր բարեկամներին: Օրինակ՝ երբ մոսկվան նրանց գայթակղում է մի բանով, մենք պիտի ձեւ բռնենք թե դա հենց մեր ուզածով է որ կա: Զենք են տալիս, իսկ այդ զենքի մեջ պստլիկ բաներ կան ... ուզած պահին թարս կրակելու համար: Այս դեպքում նրանք ականջները կսրեն ու կզգուշանան որ հայ-ռուսական թակարդի մեջ չնկնեն հանկարծ (Գեղամյանի ականջը կանչի!) Ասելս այն է որ պիտի զանազան «թակարդներ» ցուցադրվեն, եթե չկան էլ: Մի խոսքով, խաղալու դեռ ձեւեր կան .... միայն վերջը մարդ մնա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter