HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երվանդ Զախարյանը խուսափում է «Նաիրիտի» մասին խոսելուց

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին «Հետքը» հունիսի 5-ին գրավոր հարցեր էր ուղարկել «Նաիրիտ գործարանի» շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու խնդրանքով:

Երվանդ Զախարյանին հետևայլ հարցերն էինք ուղարկել.

  1. ի՞նչ ընթացք են ստացել «Նաիրիտ գործարանը» նոր կառավարչի հանձնելու և աշխատեցնելու բանակցությունները: 
  2. ինչպե՞ս ավարտվեցին «Ռոսնեֆտ» և «ԻՏԵՐԱ» ընկերությունների հետ ՀՀ կառավարության բանակցություններն այս հարցում:
  3. որպես նոր նախարար՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում «Նաիրիտ գործարանն» աշխատեցնելու ուղղությամբ:
  4. Ինչպե՞ս է մտադիր գործարանը և ՀՀ կառավարությունը, ի դեմս գործարանի 10 տոկոսի բաժնետեր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, փակել Մոսկվայում պարտված գործերի՝ վճռով նախատեսված գումարները:
  5. Ինչպե՞ս են տնօրինվել «Մեգատեքս գրուպի» բաժնետոմսերը` վաճառվել են արդեն, թե դեռևս պահվում են «Արդշինինվեստբանկ»-ում: Եթե վաճառվել են, ապա որքա՞ն գումարով:
  6. Այս պահի դրությամբ որքա՞ն են կազմում «Նաիրիտ գործարանի» պարտավորությունները:

Հունիսի 19-ին ստացանք նախարարության պատասխանը, որտեղ մեր հարցերից որևէ մեկին Երվանդ Զախարյանը չէր պատասխանել: «Ի պատասխան Ձեր գրության՝ տեղեկացնում ենք, որ ձեզ հետաքրքրող հարցադրումների ներկայումս քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարության և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ: Ձեր հարցերին հնարավոր կլինի պատասխանել քննարկումների ավարտից հետո»,- պատասխանել է նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը:  

Մինչդեռ մեր հարցերից մի քանիսը ենթադրում էին փաստացի հանգամանքների վերաբերյալ պատասխաններ և ըստ էության կապ չունեն կառավարության և շահագրգիռ կազմակերպությունների հետ ընթացող քննարկումներին: Ըստ այդմ՝ երկրորդ հարցումն ուղարկեցինք նախարարին՝ խնդրելով պատասխանել, թե՝

  1. ինչպե՞ս են տնօրինվել «Մեգատեքս գրուպի» բաժնետոմսերը` վաճառվել են արդեն, թե դեռևս պահվում են «Արդշինինվեստբանկ»-ում: Եթե վաճառվել են, ապա որքա՞ն գումարով,
  2. այս պահի դրությամբ որքա՞ն են կազմում «Նաիրիտ գործարանի» պարտավորությունները,
  3. այս պահի դրությամբ որքա՞ն է կազմում «Նաիրիտ գործարանի» պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (ՀէՑ) ՓԲԸ-ին, «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ին, «Որոտանի հէկերի համակարգ» ՓԲԸ-ին,
  4. որտեղի՞ց է մինչ օրս վճարվում գործարանի աշխատակիցների աշխատավարձը:
  5. ե՞րբ են ավարտվելու ՀՀ կառավարության և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումները:

Այսօր նախարարությունը նույնաբովանդակ ևս մեկ պատասխան ուղարկեց. ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին առնչվող ֆինանսական հարցադրումները ևս ուսումնասիրվում են: Ուսումնասիրման ավարտից հետո, հնարավորին սեղմ ժամկետում, կպատասխանենք ձեր հարցադրումներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter