
Վարդերի ջերմոցը Գողթի բնակիչներին հանել է նպաստառուների ցանկից
«Հարստություն պետք չի, խելք է պետք: Ղարիբյան Արամը հո հարուստ չի, ուղղակի հասկացավ մեխանիզմը»,- ասում է Գողթի համայնքապետ Արտավազդ Հակոբյանը: Արամ Ղարիբյանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է, ով Գողթում ջերմոցներ է հիմնել: Համայնքապետը համոզված է, որ նրա բիզնեսը Գողթն առաջիկա տարիներին կդարձնի Հայաստանի ամենազարգացած գյուղը:
Գողթում մեր այցելության օրը պետք է կայանար համայնքային սեփականության 19 լոտ հողատարածքների աճուրդ-վաճառք: Աճուրդների հիմնական մասնակցիները «Էկոտոմատո» եւ «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերություններն են, որոնց համահիմնադիրն է Արամ Ղարիբյանը:
Իրենց ջերմոցների տարածքների մի մասն ընկերությունները ձեռք են բերել գյուղացիներից, իսկ մասնավոր տարածքների միջև ընկած համայնքային սեփականության հողատարածքները` աճուրդով:
«Էկոտոմատո» ՓԲԸ-ի հիմնած վարդերի ջերմոցը |
Աճուրդը կայացնելու համար, ինչպես նախատեսում է աճուրդի կանոնակարգը, անհրաժեշտ է նվազագույնը երկու մասնակցի առկայություն: Համայնքապետարանը «Էկոտոմատո» ՓԲԸ-ի եւ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի համար ապահովում է «մրցակիցներ», և հողերը ձեռք են բերվում գրեթե մեկնարկային գնով: Թե ինչու համայնքապետարանը չի օգտվում «առիթից» և ապահովում սակարկություն համայնքային հողերի համար, որպեսզի հողի գինը բարձրանա, Արտավազդ Հակոբյանը պատասխանեց, որ նրանք գյուղապետարանին բացի հողատարածքի գնից վճարում են նաև դրա` կատեգորիան փոխելու գումարը:
2013թ. համայնքային հողերի աճուրդ-վաճառքներից Գողթի ֆոնդային բյուջե է մուտքագրվել մոտ 40 մլն դրամ: Այս գումարը գոյացել է ոչ միայն աճուրդի դրված հողերի օտարումից, այլև դրանց գործառնական նշանակությունը փոխելու ժամանակ համայնքի բյուջե կատարված մուծումներից: Տարածքները, որոնք «Էկոտոմատոն» և «Արմյանսկիյ Ուրաժայը» ձեռք են բերել աճուրդային կարգով, գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր են: Դրանք կառուցապատման նպատակով օգտագործելու համար, ջերմոցային տնտեսության հիմնադիրները մուծումներ են կատարում համայնքապետարանին` հողի նշանակությունը դարձնելով գյուղարտադրական: Գյուղատնտեսական նշանակության 1 ք/մ հողատարածքի նշանակությունը փոխելու համար բյուջե է վճարվում 810 դրամ:
Ընկերությունները Գողթ համայնքում ներդրում անելու պայմանագրային պարտավորություն չունեն: «Բանավոր պայմանավորվածություն է լինում»,- ասում է համայնքապետն ու ավելացնում, որ գուցե շուտով դա փաստաթղթային լինի: «Անցած տարի «Էկոտոմատոն» 6 մլն դրամ հատկացրեց գյուղում ջրագիծ անցկացնելու համար: Հիմա «Էկոտոմատոյում» աշխատում է 160 մարդ, եւ էս թիվը մինչեւ ամսվա վերջ կդառնա 180: Ես չեմ հաշվում նաեւ այն հանգամանքը, որ հենց հիմա, էս պահին 300 մարդուց ավել աշխատում է նոր ջերմոցի շինարարությունում: Մինչեւ տարեվերջ էս կառույցը 500 աշխատողի կարիք կունենա»,- ասաց Արտավազդ Հակոբյանը: «Էկոտոմատո» ՓԲԸ-ն հոլանդական վարդերի ջերմոցը հիմնել է 2011թ.:
![]() |
«Փարոս ստացողների ցուցակը տարել եմ, դրել տղերքի դեմը: Ասել եմ` բոլորին ընդունեն աշխատանքի: Ամենացածր աշխատավարձը 150 հազար դրամից է սկսվում: Էն մարդիկ, ովքեր ջերմոցում արդեն երկրորդ տարին են աշխատում, հիմա իրենց տներում լուրջ փոփոխություններ կտեսնես` պատեր են շարում, տուն են սարքում»,- ասաց Արտավազդ Հակոբյանը: |
Հոլանդական վարդերի մշակությունը, նրա խոսքով, գյուղում նպաստառու չի թողել, բոլորն աշխատանք ունեն: Աշխատանքի ընդունելիս ընկերությունում, նպաստառուներից բացի, նախապատվությունը, ըստ գյուղապետի, տրվել է միայնակ մայրերին:
Համայնքի ղեկավարի հետ զրույցում պարզվեց, որ ջերմոցային տնտեսությունը դեռևս ընդլայնվելու է և գուցե սպառի Գողթի համայնքային սեփականության բոլոր հողերը: «Արմյանսկիյ Ուրաժայը» դեռեւս չի ավարտել մոտ 27 հա տարածք զբաղեցնող բանջարեղենի (վարունգ, լոլիկ) ջերմոցի շինարարական աշխատանքները: Ըստ Արտավազդ Հակոբյանի՝ դեռեւս 100-120 հա տարածությամբ ջերմոցային տնտեսություններ են նախատեսում կառուցել, որից 60-70 հա-ը կլինի Գառնի գյուղի տարածքում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել