
Հովունիի համայնքապետը գրավով ազատվել է նախնական կալանքից ու վերադարձել իր աշխատանքին
Արթիկի քրեակատարողական հիմնարկում 11 ամիս անազատության մեջ գտնվող Շիրակի մարզի Հովունի համայնքի ղեկավար Թելման Միրիջանյանը մայիսի 12-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել եւ վերադարձել իր աշխատանքին: Համայնքապետին հանդիպում ենք գյուղապետարանում: Թելման Միրիջանյանն ասում է, որ դեռ քննչական աշխատանքներ են կատարվում, գործը նախաքննության փուլում է, եւ ինքը շատ բան չի կարող ասել: Վերջինս կալանավորվել էր 10 մլն դրամի յուրացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով:
Հովունին 1996 թ.-ից ղեկավարող Թելման Միրիջանյանին մեղսագրված մեղադրանքն առայժմ ապացուցված չէ: Ըստ մեղադրանքի, նա բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողի հարկ է գանձել, սակայն չի մուտքագրել համայնքային բյուջե, կեղծ փաստաթղթերի միջոցով էլ 6 մլն 200 հազար դրամ է յուրացրել գյուղապետարանի դրամարկղից: Թելման Միրիջանյանը ձերբակալվել էր 2013 թ.-ի հունիսի 6-ին:
«Կալանավորումը հիմնավորեցին նրանով, որ ազատության մեջ լինելով, կարող եմ խոչընդոտել նախաքննությանը,- «Հետքին» փոխանցեց Թելման Միրիջանյանը,- դեռ վերջնական ոչ մի բան պարզված չէ: Ես ընդամենը գրավով դուրս եմ եկել եւ սպասում եմ քննության ավարտին: Երեւանից, տարբեր գերատեսչություններից եկել, ստուգումներ են անցկացրել 2005 թ.-ից մինչեւ հիմա իմ գործունեության ընթացքում իրականացված ծրագրերի հետ կապված, արդյունքները տրամադրվել են քննչական մարմնին: Եթե դատ է լինելու, դատ կլինի, եթե որեւէ բան չհաստատվի, ուրեմն գործը կկարճվի: Սպասողական վիճակ է»:
Մեկնաբանել