
«Հայաստանում ԶԼՄ-ներին ճնշելու համար գործադրում են բոլոր միջոցները»
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է հայաստանյան լրատվամիջոցների դեմ պաշտոնյաների «գրոհներից»:
Ռաքել Դենբերը, ով «Human Rights Watch» կազմակերպության նախկին խորհրդային երկրների հիմնախնդիրների համակարգողն է, «Հետքի» հետ զրույցում ասաց, թե լրագրողներին եւ լրատվամիջոցներին պատասխանատվության կանչելու խնդիրը առկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում, Ղազախստանում եւ Ռուսաստնում: Որոշ երկրներում նույնիսկ քրեական գործեր են հարուցվում լրագրողների դեմ:
«Մեր խորհուրդն այն է, որ ապաքրեականացնեն այդ գործերը՝ միեւնույն ժամանակ վստահ լինելով, որ քաղաքացիական պատասխանատվության կանչելը «խելքին մոտ» լինի»,-ասում է Դենբերը:
Ռ. Դենբերի խոսքերով՝ հենց այս խնդիրն է, որ Հայաստանում առկա է: Նա ասում է, որ ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ դատական հայցերն ավելի ընդհանրացված են, եւ որոշ դեպքերում հայցվոր պաշտոնյաները հեռանում են ոտնահարված իրավունքները վերականգնելու բուն խնդրից՝ առաջնային համարելով ֆինանսական պահանջը:
«Նյութական պատասխանատվությունը պետք է այնպես լինի, որ դրանից լրատվական միջոցները չտուժեն եւ չդադարեցնեն իրենց գործունեությունը: Հայաստանում, կարծես թե, ուշադրություն չեն դարձնում դրա վրա: Քաղաքացիական գործերով բոլոր միջոցները գործադրում են, որ ճնշեն լրատվամիջոցներին, որ նրանք հայտնվեն ֆինանսական խնդիրների մեջ եւ չկարողանան գործունեություն ծավալել»,- ավելացնում է Ռաքել Դենբերը:
Մեկնաբանել