HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբևէ քնե՞լ եք ծառի վրա ու սափրվել հանքային ջրով

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Ազատության մեջ ազատությունն էլ ավելի իրական է դառնում, երբ իսկապես ազատ ես… Ազատ պայմանականություններից, իրերից, կապվածությունից՝ կախվածությունից…

Ֆիլմերում շատ բաներ են ցույց տալիս՝ մեծամասնությունն իրականությունից շատ հեռու: Որոշ խիզախներ էքսպերիմենտներ են անցկացնում տեսախցիկների առաջ և ուսուցանում են, թե ինչպես կարող է մարդը գոյատևել ծայրահեղ իրավիճակներում, սակայն գիտեն, որ ապահովված են՝ օգնությունը միշտ կողքին է:

2004 թ-ի դեկտեմբերի 11-ին ժամանելով Երևան «բանտ» կոչվող դժոխք- տիեզերենավից ստիպված էի որոշ ժամանակով նորից լքել մարդկանց: Մի քանի անհրաժեշտ իրեր լցրած պայուսակիս մեջ հեռացա ձյունաճերմակ սարերը: Գիշերը պետք էր գոնե մի փոքր քնել, բայց որտե՞ղ: Սպիրտայրոցի վրա սուրճ պատրաստեցի, խմեցի, մի փոքր տաքացա: Երկու սարերի արանքում անտառոտ տեղ կար. Մեծոտ քար գլորեցի և հարմարեցրեցի մեծ բուն ունեցող ծառի մոտ, որ գոնե մեջքիս սառը քամի չփչի: Նստեցի քարին՝ հենվելով ծառին:

Այդպես փորձեցի քնել՝ պատկերացնելով, որ սպիրտայրոցի հանգած կրակը բուխարի է, անտառն էլ՝ մեր տունը: Բայց անգամ երազել չէի կարողանում, քանի որ մտածում էի իմ անմեղության մասին վկայող փաստեր հավաքելու մասին: Ապացույցներ, ինձ ապացույցներ են պետք: Ես դրանց հետևից էի դուրս եկել ազատություն: Բայց մտքերս հոգնությունից ցրվում էին:

Հազիվ աչքս կպել էր, երբ այտս թացացավ ու դեմքիս տաք շունչ զգացի: Աչքերս բացեցի ու տեսա կարմրոտ աչքերով հսկա մի շուն է գռմռում՝ նայելով ուղիղ աչքերիս մեջ, բայց չէր հարձակվում: Սիրտս ահավոր արագ էր խփում, սակայն փորձում էի հանգստացնել ինձ: Մի երկու րոպեից նույնիսկ մեղքս սկսեց գալ շունը, ուզում էի գլուխը շոյել. քանի տարի կլիներ՝ կենդանի չէի տեսել: Զգացի, որ պայուսակիս կողմն է նայում. սոված է՝ մտածեցի: Կամաց բացեցի պայուսակս, երշիկի կտոր ունեի, կեսը գցեցի դիմացը: Արագ կուլ տվեց ու հեռացավ: Տարիներ անց, երբ երկրորդ փախուստը կատարեցի, նմանատիպ իրավիճակում՝ սարերում միանգամից 4 գամփռ շուն էր գիշերով մոտեցել ինձ. ասես դեժավյու լիներ…

Այս շունը բարի էր, բայց ինչ իմանաս՝ միգուցե կատաղած գայլեր հայտնվեն այս ցուրտ ու սոված գիշերով: Ապահով լինելու համար բարձրացա ծառի վրա: Երկար, հաստ ճյուղերի վրա հարմարվեցի: Մոտս եղած պարաններով ինքս ինձ կապկպեցի ծառին, որ հանկարծ քնած ժամանակ չթրմփամ գետնին:

Արդեն լուսանում էր, բայց վայ այդ կերպ քնելուն: Բնականաբար քունս չէի առել: Մեկ օր անց կորած մոլորած մի տեղում ինչ-որ լքված ամառանոցների հանդիպեցի: Գրում եմ «հանդիպեցի», որովհետև ուրախացա՝ ասես մարդկանց տեսա:

Գիտե՞ք տարիներ շարունակ բանտախցում լինելուց հետո չէի ցանկանում փակ տարածության մեջ մտնել: Թեկուզև գայլերով ու շներով շրջապատված, ցրտից դողալով, բայց ազատության մեջ՝ դաշտ, անտառ, սար ու ոչ մի պատ:

Բնությունից շատ-շատ է հեռացել մարդը՝ հազարամյակներ շարունակ փակվելով քարանձավներոմ, իսկ այժմ էլ՝ բնակարան-բանտերում:

Ներս մտա պատուհանից՝ հույսով, որ միգուցե ջուր լինի և կարողանամ լողանալ, բայց քարուքանդ, դատարկ սենյակներ և ամենուր սարդոստայններ երևի 100 տարվա, հազիվ թե նույնիսկ սարդերն այստեղ ապրեին:

Շարժվեցի Երևանի ուղղությամբ: Լուսաբացին մոտ երևացին քաղաքի շենքերը. վերադառնում էի քաղաքակրթություն: Կանգ առա՝ մի փոքր հանգստացա, որովհետև ամբողջ գիշեր քայլում էի ձների միջով: Որոշեցի սափրվել, ինձ նորմալ տեսքի բերել: Պայուսակիցս հանեցի փոքր հայելին՝ հարմարեցրեցի մի քարի վրա, երեսիս քսեցի փրփուրը և… Հիշեցի, որ ջուր չկա: Մոտս մնացել էր 0,5 լ. «Ջերմուկի» շիշը. Բացեցի, մի փոքր կում արեցի և ջերմուկով թրաշվեցի, վերջում էլ ափիս մեջ լցնելով լվացվեցի ու հավեսով ասացի՝ ուխա՛յ, անո՛ւշ, Մհեր ջան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter