HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկտահարությունից տուժած շիրակցիները ակնկալում են վնասի փոխհատուցում պետության կողմից

Յուլիա Գրիգորյան

Հունիսի 30-ի երեկոյան 20-ից 40 րոպե տեղացած կարկուտից վնասվել են Շիրակի մարզի 14 համայնքներ՝ Հայրենյաց, Հոռոմ, Հառիճ, Սարալանջ, Տուֆաշեն, Փոքր Մանթաշ, Նահապետավան, Հայկասար, Արթիկ, Մարալիկ, Ձորակապ, Գուսանագյուղ, Իսահակյան, Լուսաղբյուր:

Արդեն 2 օր է համայնքներում տեղի են ունենում դիտարկումներ՝ վնասի չափերը պարզելու համար:  Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի փոխանցմամբ  3 համայնքներում՝ Լուսաղբյուր, Իսահակյան, Գուսանագյուղ, վնասը քիչ է՝ մինչև 30 տոկոս:

Կարկտահարության հիմնական կենտրոնը եղել է Մարալիկ-Հյակասար ուղղությունը. հատկապես մեծ վնաս են կրել Հյակասար, Հայրենյաց և Տուֆաշեն համայնքները: Հայկասարում կարկուտի ավերածությունը 100 տոկոս է՝ 400 հա ցանքատարածություն ամբողջությամբ հավասարվել է գետնին: Հայրենյացի 300 հա և Տուֆաշենի նույնքան ցանքատարածություններում հացազգիների վնասը կազմում է 70ից 80 տոկոս:

Արթիկ, Նահապետավան և Սարալանջ համայնքներում ցորենի և գարու վնասը նախնական դիտարկման արդյունքում գնահատվեց չնչին՝ 10-20 տոկոս:  

Արթիկում ցորենի 70-80 հեկտարի վնասը կազմում է 10 տոկոս, իսկ գարու 130-140 հա ցանքատարածությունները Արթիկի քաղաքապետարանի քաղաքային տնտեսության բաժնի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ  Թևոս Սոնոյանի տեղեկացմամբ այլևս պիտանի չեն, բույսի ցողուն ջարդված է և հնարավոր չէ հնձել:

Լուրջ վնասներ են կրել Հառիճի բանջարաբոստանային կուլտուրաները և մրգատու այգիները:  120 հա տնամերձերը կարկուտից և սելավից ավիրվել են: Սիսեռի, ոլոռի, լոբու և ելակի բերքի ակնկալիք գյուղացիներն այլևս չունեն:  Հույս կա վերականգնել կարտոֆիլը, սակայն նորմալ բերք գյուղացիները չեն սպասում:

«Կարկուտը լրիվ սրբել-տարել է: Բերքահավաք էլ չի լինելու,- ասաց Հառիճ գյուղի բնակիչ Աննա Մուրադյանը,- 300 հազար դրամ վարկ էի վերցրել, պիտի բանջարեղենը վաճառեի, որ կարողանայի փակել, սակայն այս կարկուտը պատուհասեց և մնացինք առանց եկամտի ու ապրուստի»:

Հառիճում բոլորն են վարկերի և պարտքերի տակ, ամեն տարի կարկուտը և ցրտահարությունը վնասում են, բայց այս տարվա կարկուտից բանջարաբոստանային կուլտուրաները գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ Սամվել Աբգարյանի խոսքով էլ ուշքի չեն գա: Մրգերի կեսը կարկուտի հարվածներից սևացած են, գյուղացիները սպասում են, որ պետությունը վնասի փոխհատուցումտա, հակառակ դեպքում կմնան ծանր կացության մեջ:

Փոքր Մանթաշում վնասվել են ստեպղինի կուլտուրաները և կարտոֆիլը՝ 100 հա-ը վնասվել է 70-80 տոկոսով, եւս 100 հեկտար էլ՝ 40-ից 50 տոկոսով:

Փոքր Մանթաշի բնակիչ Ռուդիկ Պողոսյանը 3800 հա ստեպղին և կարտոֆիլ  էր ցանել, մոտ 20 տոննա բերք էր սպասում: «Բանջարեղենը ավիրել է, 80 տոկոսով վնասել, ամեն մեկից երևի 1 տոննա բերք ստանամ կամ չստանամ: Պետությունը, որ վնասի հատուցում չտա բանկերի պարտքը կմնա վրեքս: Էդքան գումար ենք ծախսել, սերմ առել, քաղհան անողներին փող տվել, տանջվել,  բայց դառը-դատարկ նստելու ենք: Ես վարկ վերադարձնողը չեմ, չունեմ, ո՞րտեղից պիտի տամ»,- զայրույթից գոռգոռալով ասաց նա: 

Ընդհանուր առմամբ վնասվել են 1500-2000 հա ցանքատարածություններ, որից 1000 հա-ի վնասը տատանվում է 70-100 տոկոսի սահմաններում:

Կարկտհարությունից վնասված տարածքներում հակակարկտային կայաններ չկան: ՇՄ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի խոսքով, հակակարկտային կայաններ համայնքները պիտի ձեռք բերեն իրենց միջոցների հաշվին, յուրաքանչյուրն արժե 4 միլիոն դրամ, կարտահարությունից խուսափելու համար անհրաժեշտ է մի քանի կայան տեղադրել, իսկ այդքան հնարավորություն համայնքները չունեն, նրա խոսքով այս տարի պետբյուջեից միջոցներ են հատկացվել և առաջիկայում Շիրակավան-Բագրավան հատվածում 4-5 հակակարկտային կայաններ կտեղադրվեն, թեև անհրաժեշտ է մոտ 20 կայան: 

Համայնքներում վնասի չափի ուսումնասիրությունը շարունակվում է, համայնքապետերը առաջիկայում ստույգ կներկայացնեն ցանքերի և կուլտուրաների ծավալը, դրանց վնասվածության աստիճանը, որից հետո արդյունքները կներկայացվեն կառավարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter