
«Այն աշխատանքը, որը պետք է կատարվեր մինչև հուլիսի 1-ը, կատարվել է, հիմա հարցը գտնվում է որոշումներ կայացնողների մոտ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե Հայաստանը երբ կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին փաստաթուղթը:
Թեև Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հարցերով բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարվեց, որ մինչև հուլիսի 1-ը Հայաստանը կստորագրի ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը, սակայն երեկ Ղազախստանի արտաքին գործերի նախարարն ասաց, որ փաստաթուղթը կստորագրվի այս տարվա հոկտեմբեր ամսին:
Թե ինչով է պայմանավորված այս ձգձգումն ու հայտարարությունների հակասությունը, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Դե կա ինֆորմացիա, որին կարծում եմ դուք էլ տեղյակ եք, որ կան քննարկվող հարցեր, որոնք ներկայացվել են ու հիմա փաստորեն պետք է որոշում կայացվի: Խնդիրը կարելի է երկու մասի բաժանել. դա հարցերի քննարկումն է, տարաձայնությունների վերացումն է, իսկ մնացածն այդ պետությունների խնդիրն է, որոնք պետք է որոշում կայացնեն: Այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը Աստանայում, տեղի է ունեցել ճիշտ ժամանակին»,- պատասխանեց Մինասյանը:
Մեր ճշտող հարցին՝ արդյոք այլևս խնդիրներ չկան Հայաստանի անդամակցության համար, բոլորը լուծված են, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Այն հարցերը, որոնք քննարկման առարկա էին այն ժամանակ, այդ խնդիրները լուծվել են: Այն աշխատանքը որը պետք է կատարվեր մինչև հուլիսի 1-ը, կատարվել է, հիմա հարցը գտնվում է որոշումներ կայացնողների մոտ»:
Մեկնաբանել