
Հայաստանը կստորագրի ԵՏՄ պայմանագիրը միջպետական համաձայնեցման գործընթացների ավարտից հետո
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը դեռեւս անորոշ է: Թեև Աստանայում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարվեց, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի անդամակցության պայմանագիրը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խոսեց նոր ժամկետի մասին` նշելով. «Ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ խնդիրը լուծում կստանա»:
Մյուս կողմից` Հայաստանի անդամակցության ժամկետների մասին է խոսել նաև ԵՏՄ անդամ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էռլան Իդրիսովը` ասելով, որ ՀՀ-ն կստորագրի փաստաթուղթը սույն տարվա հոկտեմբեր ամսին:
Եվրասիական տնտեսական կոմիտեի լրատվական ծառայությունը, պատասխանելով ԵՏՄ-Հայաստան պայմանագրի կնքման ժամկետի մասին «Հետքի» գրավոր հարցմանը, հայտնել են. «Նախագահները հանձնարարել են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նախապատրաստել ստորագրման տեքստը: Այս հանձնարարույթյունը կատարվել է հունիսի 30-ին: Պայմանագիրն ուղարկված է չորս պետությունների ղեկավարներին ու ԵՏՄ խորհրդի անդամներին»:
Մեր հարցին, թե կոնկրետ ե՞րբ է նախատեսված պայմանագրի ստորագրումը, ԵՏԿ լրատվական ծառայությունից նշել են, որ Հայաստանը կանդամակցի միությանը «միջպետական համաձայնեցման գործընթացների ավարտից հետո, երբ պետությունների ղեկավարները կընդունեն որոշում ստորագրման ժամկետների մասին` համաձայնեցնելով այն աշխատանքային գրաֆիկի հետ»:
Մեր երրորդ հարցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էռլան Իդրիսովի նշած ժամկետը, Եվրասիական տնտեսական կոմիտեի լրատվական ծառայությունը չի պատասխանել:
Մեկնաբանել