HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կբացի՞ արդյոք Էրդողանը հայ-թուրքական սահմանը

Թուրքական «Taraf» պարբերականը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանձնարարել է այս տարվա սեպտեմբերին բացել Հայաստանի հետ սահմանը: Թերթն այս որոշումը կապում է հայ-թուրքական հաշտեցմանն ուղված Էրդողանի ձեռնարկումների հետ` գրելով, թե դա կլինի այդ հարցում նրա երկրորդ քայլը` այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին հայերի ցավը կիսելու հետ կապված հայտնի ուղերձից հետո:

Այն, որ տևական ժամանակ թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իսկապես տարվել են` սահմանին հարակից ճանապարհի 7 կիլոմետր հատվածի սաֆալտապատման, մաքսատան կառուցման համար որոշ դետալներ, սարքավորումներ տեղակայելու տեսքով, մի քանի անգամ արձանագրել է նաև հայկական մամուլը: Սակայն արդյոք այս ամենը կարո՞ղ է նշանակել, որ Թուրքիան պատրաստվում է բացել հայկական սահմանը:

Տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն արդեն դիմել է Թուրքիայի արտգործնախարարությանը, որտեղ հավաստիացրել են, որ թերթում հրապարակվածը չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքրականն այն է, սակայն, որ արտգործնախարարությունը սահմանի բացման հնարավորությունը հերքելու ուղղությամբ որևէ քայլ դեռևս չի ձեռնարկել: Սա առնվազն հուշում է այն մասին, որ թուրքական կառավարությունը դեմ չէ այդ թեմայի զարգացմանը, հասարակական և նույնիսկ միջազգային հնչողության ձեռքբերմանը, և ստեղծում է դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Սակայն դրա ելակետը ոչ թե սահմանների բացումն է, այլ այդ հարցում Էրդողանի հայացքների փոփոխության միտումնավոր ընդգծումը, որը տվյալ դեպքում բացառապես մանիպուլյատիվ նշանակություն ունի:

Տեղեկատվությունը թերթի միջոցով հրապարակ ներտելով Էրդողանն ըստ էության փորձում է լուծել միանգամից մի քանի խնդիր: Նախ` արտաքին լեգիտիմություն է հաղորդում նախագահական իր նկրտումներին` հանդես գալով ավելի հանդուրժողական, Թուրքիայի հետ կապված ամենասուր հիմնահարցերը կարգավորելու պատրաստ լիդերի դիրքերից:

Սա ավելի շատ միջազգային հեղինակությունը վերականգնելուն ուղղված ժեստ կարելի է համարել: Երկրորդ` թերևս պատահական չպետք է համարել սահմանի բացման հնարավորության շրջանառումը հենց այն փուլում, երբ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու և այդ շրջանակում ղարաբաղյան հիմնահարցը կարգավորելու խնդիրը:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ինտենսիվ բանակցություների առանցքը, թերևս ԼՂ հարցում ադրբեջանական ակնկալիքներն են, որոնց համատեքստում արդեն իսկ շրջանառվում է նախկին ԼՂԻՄ-ին հարակից, Ադրբեջանի նախկին վարչական առնվազն երեք շրջանները Բաքվին հանձնելու գաղափարը: Չի կարելի բացառել, որ Անկարան այդպիսով փորձում է ակնարկել, թե ինչ  «մրցանակ» է սպասվում Հայաստանին, եթե վերջինս համաձայնի այս տարբերակին: Պատահական չէ, թերևս, որ ռուս-ադրբեջանական բանակցություններն ինտենսիվացան հատկապես նախորդ ամիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Մոսկվա կատարած այցից և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելուց հետո, երբ նա հայտարարեց, թե ԼՂ հիմնահարցի կարգավորման լավ հնարավորություն է ստեղծվել: Այս իմաստով Էրդողանի առաջարկն ավելի շատ հուշում է, որ տարածաշրջանում արտաքուստ լոկալ բնույթ ունեցող եվրասիական ինտեգրացման հետ կապված պրոցեսները շատ ավելի ընդգրկուն են: Դրանով Թուրքիան մտնում է տարածաշրջանային գլոբալ խաղի մեջ և որ այս ամենը կարող է Ռուս-ադրբեջանաթուրքական եռանկյունու լարած թակարդը լինել Հայաստանի համար:

Սակայն սահմանը բացելու թեման շրջանառության մեջ դնելու առավել տեսանելի պատճառը, թերևս Ցեղասպանության 100-ամյակի շրջանակում Թուրքիայի կանխարգելիչ քաղաքականությունն է: Պատահական չէ, որ հենց այդ համատեքստում էլ թերթը մատուցում է Էրդողանի տված հանձնարարությունը: Սա նախ յուրօրինակ պատասխան կարելի է համարել Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլին 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու և միասին Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու` նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին, որն ըստ էության ոչ միայն Սարգսյանին մերժելու քաղաքակիրթ, դիվանագիտական հնարավոր ժեստ է, այլև երկու երկրների հարաբերությունների կարգավորմամբ այդ ցավոտ հարցը պատմության գիրկն ուղարկելուն ուղղված այլընտրանքային մոտեցում ցուցաբերելու հավակնություն:

Այս ամենը ցույց են տալիս, որ իրականում սահմանը բացելու օբյեկտիվ հիմք այս պահին գոյություն չունի, կամ ավելի ճիշտ դրա հավանականությունը չափազանց փոքր է: Էրդողանն այս հայտարարությունն անում է որպես հեռացող, այսինքն իրական իշխանությունը, վարչական ու քաղաքական լծակները թողնող վարչապետ: Սեպտեմբերին արդեն Էրդողանն ամենայն հավանականությամբ ընտրված կլինի Թուրքիայի նախագահ, ով այլևս հնարավորություն և լծակ չի ունենա, անգամ մեծագույն ցանկության դեպքում, լուծելու սահմանների բացման հարցը, քանի որ, ինչպես նայտնի է, այդ երկրում նախագահի իշխանությունը և ազդեցությունը սիմվոլիկ բնույթ ունեն: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եկող վարչապետը կգնա սահմանը բացելու քայլին:

Բացի դրանից` անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու հանկարծ Թուրքիան հենց այնպես, Հայաստանի «գեղեցիկ աչքերի» համար պետք է բացի Հայաստանի հետ սահմանը և դրանով խնդիրներ ստեղծի Ադրբեջանի հետ իր հարաբերություններում: Առ այսօր Անկարան հայտարարում էր, թե սահմանների բացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական կողմը Ադրբեջանին հանձնի Լեռնային Ղարաբաղը և կատարի նրա բոլոր հիմնական պահանջները: Պետք եզրակացնել, որ կամ Անկարան ունի վստահություն, որ Հայաստանը կատարելու է այդ պահանջները, կամ սա պարզապես մանիպուլյացիոն հնարք է:

Առավելևս, որ Անկարան իր տրամադրության տակ ունի Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու այնպիսի մի հզոր գործիք, ինչպիսին է հայ-թուրքական երկու արձանագրությունների տակ հայկական կողմի ստորագրությունը: Ուղղակի մանկամտություն կլինի կարծել, թե Էրդողանը որոշել է մի կողմ դնել այդ փաստաթղթով ամրագրված հայկական կողմի հավելյալ զիջումները` կապված Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, այսինքն ներկայիս սահմանները ճանաչելու հետ, ու հենց այնպես, լավության կարգով, բացել Հայաստանի հետ սահմանները:

Որոշ տեսակետներ կան այն մասին, թե այդ քայլին Անկարան կարող էր գնալ ԱՄՆ-ի ճնշման ներքո, որպեսզի թուլանա Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը, և վերջինիս հեռու պահի Ադրբեջանին ԵՏՄ մտնելու հարցում շահագրգռելու նպատակով Երևանին ԼՂ հարցում զիջումներ պարտադրելու մտքից: Բայց այս «փաստարկը» շատ թույլ է: Առ այսօր ԱՄՆ-ն և առհասարակ Արևմուտքն Անկարայից ոչ թե ուղղակիորեն, այլ այդ արձանագրությունները վավերացնելու միջոցով սահմանները բացելու պահանջ են ներկայացրել: Եվ Թուրքիան կարող էր օգտվել դրանից` թեկուզ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու մղումներից ելնելով, և որպես սահմանը բացելու միջոց, արձանագրությունները դներ վավերացման ու նույնը պահանջեր նաև Հայաստանից, որն այլընտրանք պարզապես չէր ունենալու: Դրանով Անկարան առարկայաբար ցույց կտար Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու տրամադրվածության լրջությունը:

Այս իմաստով թերթի հրապարակումն ընդամենը ոչ այնքան հաջող մշակված տեղեկատվական խայծ է, Հայաստանի և Ադրբեջանի ռեակցիան ստուգելու և ամենակարևորը` Ցեղասպանության 100-ամյակի քաղաքական էֆեկտը թուլացնելու նպատակով: Եթե իհարկե, այս ամենի ներքո գործ չունենք հերթական գիշերային դիվանագիտության` մատուցվող անակնկալի հետ... 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter