Սերոբ Տեր-Պողոսյանը խոստովանում է, որ սեքսուալ հարաբերություններ է ունեցել տղաների հետ, և զղջում է իր կատարածի համար
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը: Դատաքննության ընթացքում ամբաստանյալին շարունակեց հարցաքննել ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը:
«Բավականին մանրակրկիտ, էպիզոդ առ էպիզոդ, տարի առ տարի, յուրաքանչյուր տուժողի մասով ամբաստանյալը իմ կողմից ենթարկվեց հարցաքննության` կապված և տուժողների, և Տեր-Պողոսյանի ցուցմունքների հետ: Հարցաքննության ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջանում նրա տված ցուցմունքների կապակցությամբ»,- ասաց Արամ Ամիրզադյանը:
«Հետքի» հարցին, թե սկզբունքային ինչ հարցեր է ուղղել մեղադրանքը պաշտպանող գլխավոր դատախազության ավագ դատախազը, վերջինս ասաց. «Գիտեք, սկզբունքային հարցերը նրանում է կայանում, թե ի վերջո անձը զբաղվել է սեքսուալ գործողություններով անչափահասների և մանկահասակների հետ, արդյոք նա գիտակցել է իր այդ արարքը, և ինչքանով է նա զղջում իր կատարածի համար: Ի դեպ, ինքը իրեն մեղավոր ճանաչում է, խոստովանում է, որ ինքը սեքսուալ հարաբերություններ է ունեցել տղաների հետ, և զղջում է իր կատարածի համար: Բայց այդ հիմա է զղջում, այն ժամանակվա հանգամանքները, երբ կատարում էիր այդ արարքը, չէր գիտակցում այդ բաների մասին: Դա շատ կարևոր էր մեզ համար, որ պարզենք նրա վերաբերմունքը այն ժամանակվա իր գործողությունների նկատմամբ»,- բացատրեց մեղադրողը:
Ժամանակային առումով Տեր-Պողոսյանը Ախթալայում ե՞րբ է սկսել սեռական կյանքով ապրել անչափահաս տղաների հետ: «Հետքի» հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ինքը ժխտում է, որ 2004 թ.-ից կամ 2005 թ.-ին ունեցել է Ախթալայում սեքսուալ բնույթի գործողություններ: Տեր-Պողոսյանը ասում է` դա կատարվել է ավելի ուշ` 2008, 2009թթ.-ին, այսինքն` փորձում է դա ներկայացնել, որպեսզի տուժող անչափահասների տարիքը ավելի մեծանա: Դա է ամբողջ միտումը»:
Ավագ դատախազը նշեց, որ Տեր-Պողոսյանը հարցաքննության ընթացքում դատարանում իրեն ուղղված բոլոր հարցերին պատասխանում է: Տեր-Պողոսյանը ե՞րբ է առաջին անգամ անչափահաս տղաների հետ զբաղվել սեքսուալ գործողություններով: Լրագրողների այս հարցին Արամ Ամիզադյանը խուսափեց պատասխանել:
Արդյոք ճի՞շտ ենք նկատել, որ Սերոբ Տեր-Պողոսյանը իր զուգընկեր անչափահաս տղաներին ընտրել է չպաշտպանված` հատկապես հոր կողմից ծնողազուրկ ընտանիքներից: «Հետքի» հարցին դատախազ Ամիրզադյանը պատասխանեց. «Բոլոր այդ անձինք անապահով ընտանիքների անձինքն են: Էդ միանշանակ է, բայց ինքը դա ներկայացնում է, որ բարեգործություններ է արել, օգնել ա: Դա իբր կապված չի եղել իր սեքսուալ բնույթի գործողությունների հետ: Չնայած ես հակված չեմ այդպես ընդունելու իր ասածները, բայց, ամեն դեպքում, կարևոր է նաև, որ բոլոր այդ ընտանիքները անապահով ընտանիքներ են: Տուժածների մեջ չկա այնպիսի մի մարդ, որ որոշակի ապահովվածություն ունենա, չունենա օրվա հացի խնդիր, և նա հետը զբաղված լինի սեքսուալ գործողությամբ: Բոլորը անապահով ընտանիքների տղաներ են` ըստ մեր տուժողների»:
Մեր այն դիտարկմանը, թե տուժողների ոմանց մայրերը հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների, չեն բողոքում, Սերոբ Տեր-Պողոսյանին ներկայացնում են որպես բարերար, ասում են` Սերոբը Ախթալային պետք է և սպասում են նրա ազատ արձակմանը, Արամ Ամիրզադյանն ասաց, որ տեղյակ չէ այդ հարցազրույցներին. «Բայց եթե այդպիսի միտք են արտահայտում, ապա դուք ինքներդ տեսնում եք` դատաքննություն է ընթանում, և դատարանն է որոշելու նրա մեղավորության աստիճանը: Դրանք կարող է ինչ որ հույզեր են, իրենց կարծիքներն են ասում»:
Սերոբի կողմից անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների հետ կապված դատարանում տուժածների ծնողների գնահատականների ու պահվածքի մասին Արամ Ամիզադյանն ասաց. «Ես չեմ պատկերացնում մի ծնողի, եթե անգամ հիմա արդեն պարզ է դարձել, թե ինչ է կատարվել իր երեխայի հետ, չփորձի ինչ որ ձևով արդարացնել: Երեխային արդարացնելով` նա նաև մեղադրյալին է արդարացնում»:
Ախթալայում Սերոբ Տեր-Պողոսյանի` անչափահաս տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու հանդիպման հատուկ վայր մատնանշում են Արամյանցի տունը: Դատաքննության ընթացքում ի՞նչ ցուցմունքներ է տվել ամբաստանյալը, էլ որտե՞ղ է Սերոբ Տեր-Պողոսյանը կատարել իր գործողությունները: «Հետքի» այս հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Անչափահասների հետ Տեր-Պողոսյանը սեռական հարաբերություններ Արամյանցի տանն էլ է ունեցել, իր բնակարանում էլ է ունեցել, ունեցել է նաև լեռնահարստացման կոմբինատի 4-րդ հարկում, որտեղ եղել են որոշակի գործողություններ, բայց ես կարող եմ ասել` հիմնականում եղել է իր նախկին բնակարանում»:
Արամ Ամիրզադյանը նպատակահարմար չգտավ այսօրվա դատավարությունից այլ մանրամասներ հաղորդել: Սակայն ասաց, որ դատարանում մեղադրող կողմի հարցաքննելուց հետո ամբաստանյալին կհարցաքննի դատարանը, որից հետո ամբաստանյալին իրենց հարցերը կուղղեն պաշտպանները: Այսօր ամբաստանյալի հարցաքննությունը մեղադրող կողմն ավարտել է: Սակայն ավագ դատախազը, գործի հանգամանքներից ելնելով, դատարանին միջնորդություն է ներկայացրել քրեական գործով չներգրավված երկու նոր վկաներ դատարան հրավիրելու համար: Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը:
Դատարանը հաջորդ` հոկտեմբերի 24-ին` ժամը 15:00-ին կայանալիք նիստում կլսի այդ վկաների ցուցմունքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել