Երբ պետությունը բացակայում է
Էդգար Վարդանյան
Եթե «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած մարդու կողմից հավաքագրելու փորձի վերաբերյալ պատմությունը ամբողջովին իրական է, այսինքն, եթե, իրոք, ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած մարդը ԱԱԾ-ի աշխատակից է, ապա այդ պատմությունը այնպիսիններից կարող է համարվել, որոնք լավագույնս ցույց են տալիս ներկայիս քաղաքական ռեժիմի հակադեմոկրատական, հակասահմանադրական բնույթը եւ նրա ավտորիտար գաղափարական հենքը: Այստեղ չենք քննարկելու մարդուն հավաքագրելու գործում ԱԱԾ-ի աշխատակից ներկայացվող անձի արհեստավարժության ցածր մակարդակի հարցը, նման կերպով մարդուն հավաքագրելու անօրինականությունը եւ այլն: Խնդիրը, որին ցանկանում ենք անդրադառնալ, վերաբերվում է հավաքագրողի խոսքերի, նրա բերված փաստարկների գաղափարական հենքին:
Նախ, վերջինիս խոսքերից պարզ է դառնում, որ ԱԱԾ-ն գաղտնի հետեւում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներքին խոհանոցին եւ դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Ավելին, նա պատրաստ է հարկ եղած դեպքում ինչ-որ միջոցներով, ասենք, որեւէ կոմպրոմատ ներկայացնելով «տրաքացնել» ընդդիմադիր կուսակցություններին: Իրականում ԱԱԾ-ն իրավունք ունի հետեւելու ինչ-որ կազմակերպությանը, կամ անձին, այն դեպքում, եթե կա դատարանի համապատասխան որոշում, որն էլ ընդունվում է, եթե կա հիմնավոր կասկած, որ անձը, կամ անձանց խումբ ազգային անվտանգությանը հարվածող հանցագործություն է կատարել, կատարում, կամ պլանավորում կատարել: Եթե նման որոշում չկա, ապա ԱԱԾ-ի կողմից նման գործողություն իրականացնելը հակասահմանադրական է: Իսկ այն, որ պետական ինստիտուտի կողմից կոմպրոմատի միջոցով որեւէ քաղաքական սուբյեկտին «տրաքացնելը» չի կարող սահմանադրական համարվել, ընդհանրապես կարող ենք չքննարկել:
Ուրեմն ստացվում է, որ պետությունը, կոնկրետ այս դեպքում, հանրության անվտանգությունն ապահովելուն կոչված ինստիտուտի միջոցով, հետապնդում է, հալածանքի է ենթարկում քաղաքացիներին եւ նրանց կողմից ձեւավորված ազատ միավորումներին: Այս ամենով կոպտորեն խախտվում է նաեւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու սկզբունքը, քանի որ պետությունը օգտվելով իր ռեսուրսներից եւ հարվածելով ընդդիմադիր ուժերին, թուլացնում է նրանց եւ շահեկան, արտոնյալ պայմաններ է ստեղծում իշխանական քաղաքական ուժի համար: Իսկ սահմանադրական, ժողովրդավարական նորմերը, մարդու իրավունքները ՀՀ ազգային անվտանգության հիմքերից մեկն են եւ ստացվում է, որ ազգի անվտանգության ապահովման համար ստեղծված մարմինը վերացնում է ազգի անվտանգության հիմքերը:
Զրույցում ԱԱԾ աշխատակից ներկայացողը նշում է, որ եթե մարդը չի ցանկանում համագործակցել անվտանգության ծառայության հետ, ուրեմն նշանակում է, որ նա պետության դեմ է գնում եւ պետությունը ստիպված է լինելու դռները փակել նրա եւ նրա մերձավորների առջեւ: Սա արդեն տիպիկ տոտալիտար պետության գործելակերպ է: Այսինքն, մարդը կարող է լինել օրինապահ, պարկեշտ, հանրօգուտ գործունեություն ծավալել, բայց եթե հրաժարվում է ծառայություններ մատուցել պետական ինստիտուտներից որեւէ մեկին, ուրեմն նա հակապետական անձ է: Եվ հակապետական անձ է անվանվում այն սուբյեկտի կողմից, որը հենց ինքն է հակապետական գործունեւթյուն իրականացնում: Եվ հետո, ո՞ր իրավունքով է պետությունը փակելու բոլոր «դռները» որեւէ մեկի առջեւ, ի՞նչ մեխանիզմներով: Չկա այդպիսի որեւէ իրավունք եւ նման բան անելու որեւէ լեգալ մեխանիզմ եւ եթե պետական որեւէ ինստիտուտ վստահ է, որ կարող է դա անել եւ անում է, ապա նշանակում է պետությունը հանդես է գալիս կրիմինալի դիրքերից, այսինքն, պետություն չկա, այն բացակայում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել