
Մանվել Գրիգորյանի ընկերությունը չի վճարել նույնիսկ նվազագույն վարձավճարը
ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի ընկերությունները չեն վճարում տեղական հարկերն ու տուրքերը եւ հայտնվում են դատարանում: Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դեռեւս 2013թ. սեպտեմբերին դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության պայմանագիրը լուծելու, դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ գումարի բռնագանձման պահանջների մասին հայցով:
Արշալույսի նախկին համայնքապետ Գրիգոր Գրիգորյանի եւ «Արշալույս» ԳԿՏ-ի միջեւ 1999թ. կնքվել է 0.396հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր։ Նշված հողամասը գտնվում է գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանի անմիջական հարեւանությամբ եւ, ըստ պայմանագրի, այն հատկացվում է խաղահրապարակ կառուցելու նպատակով:
Գեներալին պատկանող ընկերությանը հողը տրվել է «ցմահ»՝ 1ք-ի համար ընդամենը 3 դրամ վարձավճարով: Տարեկան վարձավճարը կազմում է 11.880 դրամ։ «Արշալույս» ԳԿՏ-ի եւ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի միջև 1999թ. կնքվել է ընկերությունների միացման պայմանագիր։ Նշված 0.396հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարվել է «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցում, սակայն վերջինս նույնիսկ 11.800 դրամը դժկամությամբ է վճարում համայնքային բյուջե։
Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ բազմիցս գրավոր դիմել է ընկերությանը՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու պահանջով, սակայն Մանվել Գրիգորյանի ընկերությունը անտեսում է իր գրությունները՝ ո́չ հարկերն են վճարում, ո́չ էլ վարձակալած հողատարածքն են ըստ նշանակության օգտագործում:
Համայնքապետը գրություններով տեղեկացրել է «Արա եւ Այծեմնիկ» ընկերության տնօրենին, որ վարձակալած տարածքը չի ծառայում որպես խաղահրապարակ, ինչն ամրագրված է պայմանագրով: Այս բովանդակության գրությունները մի քանիսն են, սակայն մինչ օրս տարածքը չի դարձել խաղահրապարակ: Իհարկե, այնտեղ տեղադրվել են մանկական մի քանի կարուսելներ, սակայն հիմնական տարածքը զբաղեցված է փոքր փայտե տնակներով: Գյուղացիների ասելով՝ այդ տարածքն ավելի շատ գարեջրատուն է, քան հրապարակ, որտեղ երեխաները չեն խաղում:
«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի տնօրենը դեռեւս 2010թ. համայնքապետին տեղեկացրել է, որ ընկերությունը ծրագրել է հին հրապարակի նորացման աշխատանքներ: Արշալույսցիներն այդպես էլ չտեսան նորացված խաղահրապարակը:
Դատարանը հունիսի 5-ին մասնակի բավարարել է Արշալույսի համայնքապետի հայցադիմումը եւ վճռել է «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ից հօգուտ Արշալույսի գյուղապետարանի բռնագանձել 87.614 դրամ` որպես վարձավճարների գումար։
Դատարանը մերժել է Արշալույսի համայնքապետի՝ պայմանագիրը լուծելու պահանջը` պատճառաբանելով, թե Արշալույսի գյուղապետարանը օրենքով սահմանված կարգով նախապես առաջարկություն չի ներկայացրել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին պայմանագիրը լուծելու վերաբերյալ, «ուստի նկատի ունենալով, որ նա չի կատարել իր պարտականությունները, որն իրավունք կվերապահեր հայցվորին` պատասխանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ կնքած պայմանագրերը լուծել դատական կարգով, դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը Արշալույս համայնքի` ի դեմս գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի եւ «Արշալույս» ԳԿՏ-ի միջև 09.02.1999թ. կնքված 0.396հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները ենթակա են մերժման»:
«Արա եւ Այծեմնիկ» ընկերության տնօրենի տեղակալ Արթուր Ամիրխանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք Արշալույսի համայնքապետարանին պարտք չունեն, վճռից հետո ամբողջությամբ վճարել են հարկերը: «Ինչ վերաբերում է խաղահրապարակին եւ պայմանագրային պարտավորությունները կատարելուն, դիմեք Արշալույսի գյուղապետարան, իրենք մանրամասն կտեղեկացնեն ձեզ: Գյուղապետարանը ցանկանում է այդ հարցը լուծել դատական կարգով, սպասում ենք դատարանի վճռին»,- ասում է Ա. Ամիրխանյանը՝ տեղյակ չլինելով, որ դատարանն այդ հարցի վերաբերյալ արդեն վճիռ կայացրել է:
Հ.Գ. «Հետքն» առաջիկայում կանդրադառնա Մանվել Գրիգորյանի ունեցվածքին եւ ունեցած հարկային պարտավորություններին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել