HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ` ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երևանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել շինհրապարակի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետաքրքրվել հետագա քայլերով: Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական և օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ:

Նախատեսվում է, որ ԱՏԳ տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ: Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել 8 ընկերության հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա և այլն: Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է: 

Տարածքում գործելու է ավելի քան 10.000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների և զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014 թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա «Երևան շոու 2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը և Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ամենամյա համաժողովը:

Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտային զարգացման ռազմավարությունները մշակվել են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում: որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

Այս մասին հայտնում է կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter