HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հանցագործություն կատարած անձանց անունները գիտի, սակայն իր համար մեղադրյալն «անհայտ է»

Նորա Անանյան

Արդեն 3 տարի է Սամվել Հովհաննիսյանը փորձում է վերականգնել իր հողատարածքի սեփականության գրանցման իրավունքը: Կոտայքի մարզի Պտղնի գյուղում 1995թ. գնած 0.0994 հա հողամասը նա սեփականաշնորհել է 2004թ., իսկ հետագայում պարզել, որ ինքը միակ սեփականատերը չէ:

«2008թ. ես տեսա, որ իմ հողատարածքում շինարարական աշխատանքներ են տարվում: Անմիջապես դիմեցի Աբովյանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Թաթուլ Հովհաննիսյանի տեղակալին` Սաշիկ Գրիգորյանին: Երբ ասացի եղելության մասին, ինձ պատասխանեց, թե ինչ արել եմ, լավ եմ արել, դու ոչինչ չես կարող անել: Հետո բազմիցս նամակներ գրեցի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մասնաճյուղ` պարզելու, թե ինչ հիմունքներով է իմ հողատարածքում շինարարություն կատարվում: Ամեն անգամ ես խուսափողական պատախան էի ստանում»,- պատմում է Սամվել Հովհաննիսյանը:

Թեև Սամվել Հովհաննիսյանն ուներ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` առք ու վաճառքի պայմանագիր, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, դիմումների պատասխաններում նշվում էր, որ իր անունով հողատարածքի նման գրանցում գոյություն չունի. այդ հողատարածքը միանձնյա սեփականության իրավունքով գրանցված է մեկ այլ անձի անվամբ, նախկին 994 քառ. մ-ի փոխարեն էլ` 1080 քառ. մ տարածքով:

2012թ. Սամվել Հովհաննիսյանը դիմել է վարչական դատարան վերոնշյալ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ս.Հովհաննիսյանի փաստաբանը` Գարիկ Գալիկյանը, իր միջնորդությամբ նրանք կարողացան ստանալ կադաստրային ամբողջ գործը:

«Համեմատեցինք մեր ձեռքի տակ եղած սեփականության իրավունքի գրանցման վկայականի և կադաստրային գործի օրինակները: Անզեն աչքով անգամ երևում էր, որ կադաստրային գործում եղած սեփականության իրավունքի գրանցման վկայականի կադաստրային համարի վեջին «8»-ի հատվածում նախկինում եղել է «9» թվանշանը: Այս հանգամանքը հաստատվել է նաև հետագայում` 2014թ. նշանակված դատափաստաթղթաբանական փորձաքնության եզրակացությամբ: Առկա սխալի հետևանքով Սամվել Հովհաննիսյանի սեփականության իրավունքը գրանցվել է …019 ծածկագրի տակ գտնվող տնամերձ հողամասի նկատմամբ: 2013թ. Գարիկ Գալիկյանի միջնորդությամբ այս կեղծիքը պարզելու համար դատական գործի վարույթը կասեցվել է:

Ըստ Ս.Հովհաննիսյանի դիմում-բողոքի` 2013թ. նոյեմբերին Ոստիկանության ՔԳՎ (քնչական գլխավոր վարչություն) Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
«2014թ. հունիսին Սամվել Հովհաննիսյանը ստացավ Կոտայքի քննչական բաժանմունքի որոշումը, ըստ որի եզրափակիչ մասի` գործի վարույթը կասեցվում է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու պատճառով: Փաստորեն, միայն 8 ամիս հետո ենք մենք իմանում այս մասին: Գործը չեն կարճել, ընդամենը կասեցրել են, մինչև մեղադրյալի ի հայտ գալը, սակայն որոշման պատճառաբանական մասում այլ բան է ասվում` նշված անձի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 315 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Այսինքն` հակասություն կա պատճառաբանական և եզրափակիչ մասերի միջեւ»,- ասում է Գարիկ Գալիկյանը:

Փաստաբան Գարիկ Գալիկյանը նշում է նաև որոշման մեջ տեղ գտած պաշտոնական անփութության մասին: Գործը հարուցվել է ՀՀ քր. օր-ի 325 հոդվածով, սակայն այն կասեցնելու համար հիմք է հանդիսացել ՀՀ քր. օր-ի 315 հոդվածը: Կասեցված վարույթի պայմաններում էլ նրանք չեն կարող վարչական դատարանում հարցի լուծմանն ընթացք տալ, ուստի, ինչպես նշում է Գ. Գալիկյանը, Կոտայքի քննչական բաժանմունքի որոշումը  բողոքարկել են գլխավոր դատախազին:

Համաձայն Կոտայքի քննչական բաժանմունքի որոշման` տվյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականի կատարողներ Սաշիկ Գրիգորյանը, Լևոն Ղարիբյանը, Աբովյանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Թաթուլ Հովհաննիսյանը տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ, ըստ որոնց` վկայական տրամադրելիս դրանում ջնջում առկա չի եղել, և իրենք տեղյակ չեն, թե ով է կեղծել հողամասի սեփականության իրավունքի վկայականի կադաստրային համարը: Կատարված հանցագործությունից անցել է 10 տարի, սակայն վերոնշյալ անձինք այժմ էլ շարունակում են իրենց պաշտոնավարումը: Տեղի է ունեցել ընդամենը մեկ փոփոխություն` Աբովյանի տարածքային ստորաբաժանման ղեկավար  Թաթուլ Հովհաննիսյանն այժմ Եղվարդի տարածքային ստորաբաժանման պետն է:

Լուսանկարում Սամվել Հովհաննիսյանն է

Մեկնաբանություններ (3)

հայ:::::վայ
Հայաստան:::::::::::Վայաստան
արամ
Մի օր կարող է պարզվի, որ դու դու չես:
susanna
ԻՆՉ ԴԺՎԱՐ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՀՈՂԵՐԸ ԾԱԽԵԼՈՎ ՄԻԼՈՆԱՏԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ: ԼԱՎ Է ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈԻՄ ՉՎԱՏՆԵՔ ՁԵՐ ԳՈԻՄԱՐՆԵՐԸ: ԱՐԴԵՆ ԵՐԿԻՐՆ ԵՆ ԾԱԽՈԻՄ, ԴՈԻՔ ՄՈՄՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈԻԹՅՈԻՆ ԵՔ ՓՆՏՐՈԻՄ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter