
Գեղարոտ. աստծուն մոտ գյուղը
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Մարտիրոսյանն կատակով ասում է, որ իրենց բարձրլեռնային գյուղը մի «պլյուս» ունի՝ աստծուն մոտ է: Բայց երկնային տիրոջը մոտ լինելը ինչ-որ իմաստով նաեւ շահութաբեր է. բնակավայրը գտնվում է ավելի քան 2000 մետր բարձրության վրա, ինչի համար էլ պետությունը հավելավճար է տալիս տեղի աշխատողներին (դրույքը, ի համեմատություն սովորական բնակավայրերի, այստեղ բազմապատկվում է 1,2 գործակցով):
Գեղարոտցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, սակայն մարգագետնային այս գոտում, որը գյուղատնտեսական լավ շրջան է, այդուհանդերձ, մեծ խնդիր են եղանակային անակնկալները: Դպրոցի պահակ Էմիլ Բայրախտարյանն ասում է, որ մի քանի տարի առաջ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից վարկ էր վերցրել ու գարի ցանել, սակայն սեպտեմբերին ձյուն էր եկել ու փչացրել բերքը:
Ստիպված «Արդշինինվեստբանկ»-ից նոր վարկ էին վերցրել՝ նախորդը փակելու համար, այս նորն էլ մարելու համար անասուններին են մորթել, իսկ քանի որ առանց անասունի չէին կարող ապրել, 60-ամյա հայրը Ռուսաստան «խոպան» էր գնացել, որ իրենց վրա էլ «մի քիչ լույս բացվի»: Տիգրան Մարտիրոսյանը, ով նաեւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ»-ի տեղի վարկային խորհրդի նախագահն է, ասում է, որ, այնուամենայնիվ, դեռ ոչ մի գեղարոտցի վարկը փակել չկարողանալու պատճառով տնից կամ այլ ունեցվածքից չի զրկվել:
Պաշտոնական տեղեկանք Գեղարոտի մասին- գյուղ Արագածի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 15 կմ հարավ, Երեւան-Սպիտակ մայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները: Գեղարոտ է վերանավանվել 1935 թ.-ին: Գյուղի մոտ հայտնաբերվել են հին բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ: Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: 1873 թ.-ին գյուղն ունեցել է 218, 1926 թ.-ին` 604, 1939 թ.-ին` 768, 1979 թ.-ին` 482 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 589 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 7%: Գյուղն ունի 144 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողերում կան բազմամյա տնկարկներ, մշակում են պտուղներ: Պահուստային հողերը օգտագործվում են որպես վարելահողեր եւ արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 55 հա և 171 հա: Զբաղվում են հիմնականում մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Արդյունաբերություն չունի: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների, խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը: |
Գեղարոտցիները, ըստ տնօրեն Մարտիրոսյանի, մոտ 700 հա հող են մշակում, սակայն միջոցներ ունենալու դեպքում կարող են ավելին օգտագործել:
Է. Բայրախտարյանն էլ նշում է, որ երբ վերջերս անձրեւ էր եկել, ամբողջ գյուղն ուրախացել էր: Ըստ նրա՝ ոռոգման ցանց խորհրդային տարիներին եղել է, սակայն հողերի մասնավորեցումից հետո յուրաքանչյուրն իր հողամասով անցնող խողովակների հետ վարվել է ըստ ցանկության, ինչի արդյունքն էլ այսօրվա անմխիթար վիճակն է: Էմիլի ասելով՝ մի երկու-երեք ընտանիք կա միայն, որ հողով ու անասունով կարողացել է արդյունքի հասնել, մյուսները բախտ են որոնում գյուղից դուրս՝ Ապարանում, Երեւանում կամ Ռուսաստանում բանվորություն անելով:
«Ով հնարավորություն ունենա, գյուղից դուրս կգնա, թեկուզ Երեւանին մոտ,- ասում է 35-ամյա Էմիլը, ով 5-հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է եւ դպրոցի պահակությամբ 50.000 դրամ է ստանում:- Ջահելությունը որ մի անգամ դուրս է գնում, հասկանում է, որ իրենց երեխեքին էստեղ ապագա չկա: Օրինակ, մի պարզ բան ասեմ. երեխեքը ֆուտբոլ են խաղում, բայց ծնողները հնարավորություն չունեն մարզադպրոց տանելու»:
Հիշում է, որ խորհրդային տարիներին Արագածի շրջկենտրոն Ծաղկահովիտում դաշնամուր կար, երեխաներով գնում զբաղվում էին, հիմա դա էլ չկա: Ինքն էլ 2001-ին աշխատել է Ռուսաստանում, բայց հիմա բավարարվում է նախկին շրջանի տարածքում շինարարական աշխատանքներով, իսկ 2004-ից ամառային արձակուրդներին մասնակցում է նաեւ գյուղի տարածքում ընթացող հնագիտական պեղումներին: «Միշտ մտածում էի, որ եթե պայմաններ լինեն, ես կմնամ էստեղ: Ավելի լավ է, ես էստեղ ապրեմ՝ սովոր իմ շրջապատին, ուղղակի կարողանամ տարրական պայմաններ ստեղծել: 21-րդ դարում գյուղացին կարոտ է պրիմիտիվ պայմանների: Տղաներին հարցնում եմ, թե ինչի եք դրսում մնում, ասում են, որ պայմանների հարց է»,- պատմում է Էմիլը:
Պաշտոնական տվյալներով՝ Գեղարոտը մոտ 600 բնակիչ ունի: Տիգրան Մարտիրոսյանն էլ ասում է, որ մի 100 հոգի արտերկում են ապրում, շուրջ 30-40 հոգի էլ պարբերաբար գնում-գալիս են: Գեղարոտցիների համար «դուրսը» Ռուսաստանն է, քանի որ այլ ուղղությամբ գնալու գումար դժվար է վաստակել: Ինքը՝ ներկայիս տնօրենն էլ է ժամանակին աշխատել հյուսիսային երկրում, ասում է բավականին մեծ գումար էր վաստակել ու հաշվարկել, որ մինչեւ 70 տարեկան կարող է չաշխատել: Գումարը փորձել է ներդնել բիզնեսի մեջ, գյուղում խանութ է ստեղծել, սակայն չի հաջողել: «Երեւի ինձնից էր,- ժպտում է նա ու հավելում,- մինչեւ էսօր գյուղում կայացած խանութ չկա»:
Մթերքը գյուղացիները ձեռք են բերում կաթ հավաքողներից, ովքեր փոխանակում են կատարում: Կաթի լիտրն այստեղ գյուղացուց ձեռք են բերում 140-160 դրամով, իսկ տավարի միսը՝ 1400-1500 (ցուլիկինը՝ 2000), խոզի մսի համար էլ վճարում են 2300-2400 դրամ: Գեղարոտի կաթը հավաքողների ու մթերողների միջոցով հասնում է Ապարան, Վանաձոր, Աշտարակ, Երեւան: Միսն էլ նմանատիպ ճանապարհով իրացվում է, մասնավորապես, մայրաքաղաքում: Գյուղացիների եկամտի աղբյուր է նաեւ գարին, որը գնորդներ ունի Լոռու մարզից:
Տիգրան Մարտիրոսյանի համոզմամբ՝ պետության կողմից դիզվառելիքի (20 լիտրը՝ 7000 դրամով) եւ պարարտանյութի (50 կգ-ն՝ 6000 դրամով) սուբիսիդիան ձեռնտու է իրենց, սակայն կան բնակիչներ, որ բավարար գումար չունեն՝ նախապես վճարելու համար. «Լավ կլինի, որ բերքից հետո պահանջեն գումարները: Չնայած շատ ժամանակ էլ մարդիկ լավ բերք չեն ստանում»:
Գեղարոտցիների 33 տոկոսը, ըստ պաշտոնական թվերի, մինչաշխատունակ է, իսկ 7 տոկոսը՝ հետաշխատունակ: Տ. Մարտիրոսյանը հիշում է, որ վերջին երկու տարում շուրջ 30 բնակիչ է մահացել, սակայն միայն երկու-երեք հոգի են տարիքով եղել, իսկ մյուսները 60-ի շեմին էլ հասած չէին: Սոցիալական պայմանների պատճառով խնդիր է ամուսնությունը, դրա հետեւանքով էլ՝ ծնելիությունը:
Այս տարի համայնքի միջնակարգ դպրոցը 11 շրջանավարտ է ունեցել, ինչը լավ արդյունք է համարվում, փոխարենը սեպտեմբերի 1-ին կրօջախ կմտնի 6 առաջինդասարանցի: Եթե մինչեւ մի տաս տարի առաջ այստեղ աշակերտների թիվը հասնում էր 162-ի, ապա վերջին 5 տարիներին դպրոցականները եղել են 60-65 հոգի: Ներկա պահին 150-տեղանոց դպրոցում կա 36 աշակերտ եւ 25 աշակերտուհի: Ներկա շենքը իր դռները բացել է 2003-ին, սակայն գյուղի դպրոցի պատմությունը սկսվում է 1936-ից: Սպիտակից 15 կմ հեռավորության վրա գտնվող Գեղարոտը բավականաչափ տուժել է 1988-ի երկրաշարժից. գյուղացիները հիշում են, որ չտուժած շինություն գրեթե չի եղել: Աղետից հետո՝ 1990-ականներին, դպրոցը տեղակայվել էր բաղնիքի շենքում, ու Տ. Մարտիրոսյանի պատմելով, երեխաները կատակով ասում էին, որ ավարտել են Գեղարոտի միջնակարգ բաղնիքը:
Շուրջ 3 տարի դպրոցը ղեկավարող Տ. Մարտիրոսյանը նաեւ շախմատ է դասավանդում տարրական դասարաններում: Ասում է, որ մարզաձեւի ներառումը դպրոցական ծրագիր շատ լավ նորամուծություն էր, քանի որ շախմատն առաջին հերթին նպաստում է երեխաների մտածելու, վերլուծելու կարողությունների, տեսողական եւ հիշողության զարգացմանը:
Համայնքների խոշորացման հայտարարված ծրագրի վերաբերյալ տնօրենը փոքր-ինչ մտավախություն ունի, որ Գեղարոտի դպրոցը կարող է միավորվել Ծիլքարի հետ՝ վերջինիս շուրջ: Հավանական է, որ Արագածոտնի մարզի ծայր հյուսիսում գտնվող երեք հայաբնակ բնակավայրերը՝ Գեղարոտը, Ծիլքարը, Լեռնապարը (սրանց հարեւանությամբ քրդաբնակ կամ եզդիաբնակ գյուղեր են), դառնան մեկ համայնք: Ըստ Մարտիրոսյանի, չնայած իրենց դպրոցը նախկինում ավելի մեծ է եղել, այսօր Լեռնապարի ու Ծիլքարի կրթօջախները գերազանցում են աշակերտների թվով: Բացի դրանից՝ Ծիլքարում երկրաշարժից հետո դպրոցի տիպային կառույց է ստեղծվել, ինչը եւս մեկ հանգամանք է այդտեղ միավորվելու համար:
Մեկնաբանել