Հայաստանի «արդարադատության» ձեռքին մենք ու մեր ընտանիքներն ենք դարձել տուժող կողմ
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Գորիսի բանտ, 2-րդ հարկ, համար 23 խուց, 2004 թվական: Կողքի խցից պատին են հարվածում, նշանակում է՝ ուզում են խոսեն: Բարձրանում եմ պատուհանագոգին, և սկսվում է պատուհանից պատուհան առանց իրար տեսնելու զրույցը:
- Բարի օր, ախպե՛ր,-լսվում է մի անծանոթի ձայն:
- Բարի օր,-պատասխանում եմ ես:
- Ձերը BM-ի՞ կամեռ ա (BM ռուսերեն նշանակում է высшая мера, այսինքն՝ պատժի առավելագույն չափ):
-Հա՛, բոլորս էլ ցմահ բանտարկյալներ ենք:
- Անունդ ո՞նց ա:
- Մհեր:
- Իսկ քո՞նը:
- Մայո,- պատասխանում է զրուցակիցս:
Առաջին անգամ ենք նման անուն լսում, խցակիցներս զարմանում են, թե այդ ինչ անուն է: Մեջներիցս տարիքովն ասում է.
- Կարող ա մայոռ ասեց, ուղակի բանտի աշխատող ա ու խոսացնում ա մեզ:
Ավելի ուշ ճշտեցինք, իմացանք, որ կալանավոր է, բայց ոչ հասարակ…
Մայոն հետաքրքիր զրուցակից էր, պատմեց, որ սպանության համար են դատապարտել: Չէր ժխտում, որ ինքն է կատարել այդ սպանությունը: Արդեն մութն ընկնում էր, մենք դեռ շարունակում էինք զրուցել: Բնականաբար բոլորն էլ լսում էին:
- Մհեր ջան, ես եթե դատարանից էլ տուն չգնամ, շատ-շատ մի 2 տարի հետո դուրսը կլինեմ:
- Բայց ո՞նց,- հարցրեցի ես:
- Ի՛, բա՛, ես Լիսկայի աղբոր տղեն եմ,- նեղանալով ասաց Մայոն:
- Լիսկան ո՞վ ա,- իրոք զարմացած հարցրեցի ես:
Սողոմոնը մոտեցավ ինձ ու կամաց ասաց.
- Սուրեն Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետը:
10 րոպե էլ զրուցեցինք, հետո իրար բարի գիշեր ասացինք: Երևի մտածեց, որ շատ միամիտն եմ: Միգուցե այդպես էլ կա…
Իսկ ես հիշեցի ինձ մահապատժի դատապարտող դատավոր Զինավոր Ղուկասյանին՝ մեծ խալը այտին, ով, ինչքան գիտեմ, մի քանի ամիս առաջ մահացավ: Հետքրքիր է՝ գոնե Աստծուց ներողություն խնդրե՞ց ինձ՝ անմեղ երիտասարդիս, դատապարտելու համար: Տեսնես մի օր Հայաստանի որևէ դատավոր կունենա համարձակություն խոստովանելու, որ ճնշման տակ, կամ մոլորության, սխալմունքի պատճառով կայացրել է անարդար դատավճիռ:
Ես ո՛չ մարզպետի տղա եմ, ո՛չ էլ նրա հորեղբոր, որ երկրի նախագահի ուշադրությանն արժանանա իմ, այստեղ հայտնված տղաներից ոմանց ճակատագիրը: Մենք օլիգարխիկ հովանավորչություն չունենք, որ ՀՀ ոստիկանապետը լրագրողներին ասի՝ ախր այս մարդու արարքների մեջ հանցակազմ չկա, որ դատավորը նվազագույն պատիժ նշանակի, կամ առհասարակ գործը դատարան չմտնի, պայմանական վաղաժամկետ ազատում կիրառվի, 1-2 պատգամավորի ստորագրությամբ կալանք չկիրառվի…
Բնական է, որ Սողոմոնը, ես, էլի մի քանի տղաներ, չունենալով բարձրաստիճան հովանավորող, երկրի նախագահի քավոր, սանիկ, բարեկամ, ստիպված դիմում ենք փախուստի: Բայց ի տարբերություն «արդարադատության» կողմից պարբերաբար ազատ արձակվող օլիգարխիկ հովանի ունեցողների, ազատության մեջ ոչ մեկի չենք դանակահարում կամ ծեծում: Մաքուր օդ ենք շնչում:

Հայաստանի «արդարադատության» ձեռքին մենք ու մեր ընտանիքներն ենք դարձել տուժող կողմ: Զարմանալի չէ, որ վերջին գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչությունը աշխարհի ամենադժաբախտներից մեկն է:
Դեռ 1773 թ-ին իր «Որոգայթ Փառաց»-ում, այսինքն՝ ըստ էության հայոց առաջին Սահմանադրությունում, Շահամիր Շահամիրյանն այսպիսի պատգամ է թողել ապագա Հայաստանի իշխանություններին. «Արդարադատության ու օրինականության մեջ է պետք փնտրել անհատի ու հասարակության երջանկությունը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել