HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են միասնական քննությունների նախնական արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: 

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքների  ամփոփմանը, հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը  և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների ՀՀ ՊՆ ներկայացմանը: 

Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարիների ավանդույթը պահպանվել է նաև այս տարի,  բուհերի ընդունելության քննությունները հիմնականում անցել են բնականոն հունով, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ ընդունելության համակարգում կատարված բարեփոխումները տվել են իրենց արդյունքները: 

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով,  15 առարկաների քնությունները կազմակերպվել են 34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը՝ Երևանում: 

Առաջին փուլում  ՀՀ բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 642, իսկ  երկրորդ փուլում՝ 1440 դիմորդներ,որում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները և ԼՂՀ դիմորդները: Այս տարի ևս քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից: Հայտագրված քննություններից չեն ներկայացել շուրջ 1100 դիմորդներ, նրանցից հարգելի պատճառով բացակայածները հնարավորություն են ստացել մասնակցելու երկրորդ փուլին: Համաձայն միասնական քննությունների կարգի, եթե քննության ժամանակ դիմորդի ինքնազգացողությունը վատանում է, ապա նա իրավունք ունի հրավիրել քննական կենտրոնի բժշկին, ով կարձանագրի իրավիճակը և միջնորդություն կներկայացնի տվյալ դիմորդի  քննությունն ընդհատելու վերաբերյալ: Այս տարի արձանագրվել է այդպիսի 48 դեպք և այդ դիմորդները ստացել են երկրորդ փուլին մասնակցելու իրավունք: Իսկ այն դիմորդները, ովքեր քննասենյակից հեռացել են առանց բշժկին  դիմելու և ավելի ուշ բողոք են ներկայացրել, որ քննությունը կիսատ են թողել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չեն ստացել: Քննություններից հեռացվել է 8 դիմորդ՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու և քննության կարգը խախտելու համար:

Բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, որից 385-ը քննական կենտրոններում և հիմնականում վերաբերել են տեխնիկական հարցերի և վարահաշվարկի կատարմանը: Բավարարվել է բողոքարկումների 15 տոկոսը: 

Այս տարի նվազել է օտար լեզուների միջին գնահատականները, թեպետ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների համեմատությամբ դրանք ավելի բարձր են, իսկ մնացած առարկաների միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել: 

Նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարկվեն հուլիսի 15-ին, նշել է, որ զուգահեռաբար պետք է կատարվի նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում: 

Նախարարը նշել է, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան  որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել: «Մենք թափուր տեղերի վերաբաշխման գործընթացը կազմակերպում ենք հետևյալ սկզբունքներով, որոնք ըստ էության չեն փոխվել: Նախ մենք նախապատվություն ենք տալիս ապահովելու այն դիմորդների  բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ովքեր ստացել են  դրական միավորներ: Երկրորդ՝  պետական պատվերով թափուր մնացած տեղերի վերաբաշխման ժամանակ առաջնահերթություն  է տրվելու արվեստի և մարզային  բուհերին»,- դիմելով ռեկտորներին նշել է նախարարը՝ Ա, Աշոտյանը՝ և առաջարկել երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ տեղերի վերաբաշխման վերաբերյալ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի քննարկեց նաև ԳԹԿ-ի կողմից ընդունելության քննությունների ամփոփման նպատակով  դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը: 

Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը ներառյալ, մինչև ժամը 17.00-ն: Այն դիմորդները, ովքեր չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, գործող կարգի համաձայն  կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից:

Նախարարն հանձնարարել է  նաև կազմել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստացած բուհ ընդունված դիմորդների ցանկը, որպեսզի սահմանված ժամկետներում ներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:

Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից:

Լուսանկարը՝ aravot.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter