«Արյան գնով էս տան համար կպայքարեմ»
Մարիամ Խալաթյան
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մոտ երկու տարի առաջ շահագործման հանձնվեց սոցիալական թաղամաս: Այն իր մեջ ներառում է մի քանի բազմաբնակարան շենք, որոնք ծառայելու են տարբեր խմբերի մարդկանց բնակարանային խնդրի լուծմանը: Սակայն այս բնակարանները շատերի համար՝ հիմնականում մարալիկաբնակների, մեծ քաշքշուկների և գլխացավանքի առիթ են դարձել:
Շուշան Քոչարյանը յոթ տարի առաջ Կապս գյուղից հարս է եկել Մարալիկ և ամուսնու ընտանիքի հետ բնակվում էր Շիրազի փողոցի մի անշուք տնակում: Ընտանիքը սոցիալական բնակարան ստացող շահառուների ցանկում է, բայց առ այսօր նրանց բնակարանը հատկացված չէ: Շուշանն ասում է՝ բոլոր փաստաթղթերը կան, անգամ՝ հասանելիք բնակարանի թիվն են ասել՝ 62:
«Մենք անցյալ տարվա նոյեմբերից պիտի բնակարանի մեջ լինեինք, քաղաքապետը միշտ սկեսրոջս կանչում ասում էր՝ ձեր տան հարցը լուծված է, պրոբլեմ չկա»,- պատմում է Շուշանը: Այս ընտանիքի ավագ դուստրը սեպտեմբերին դպրոց է հաճախելու, ու մի օր ծնողների մոտ սրտնեղել է, թե իր ընկերուհիները, որ գան «գարշոկի՞ն են զուգարան գնալու, իրենց նման»:
«Իմ էրեխեքը տնակում են ծնվել, ուր ոչ մի հարմարություն չկա՝ ոչ զուգարան, ոչ լվացքի տեղ: Նույնիսկ ձմեռ-գարուն ես էրեխեքին դուրսը կլողացնեմ: Թող գան տեսնին»,- ասում է Շուշան Քոչարյանը:
Սոցիալական բնակարանի իրենց հերթին սպասելուց հոգնելով, հունիսի 20-ին Շուշանի ամուսինը կոտրում է շենքի առաջին հարկի մեկսենյականոց բնակարաններից մեկի ապակին ու ընտանիքի հետ բնակության տեղափոխվում այնտեղ: Իրենց արարքը Քոչարյաններն արդարացնում են՝ ասելով, որ նորակառույց շենքը շահագործումից երկու տարի անց դեռ բնակեցված չէ, մուտքի դռները կողպած են, իսկ իրենք չունեն բնակության տարրական պայմաններ: Շուշանի ամուսնու դեմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
«Մենք տույժը տվել ենք, էդ վնասի հատուցումն արել ենք: Բայց քաղաքապետն հիմա ընկած է մեր հետևից: Մեզ ստիպում է, թե տնից ելեք՝ բաժանելու ժամանակ տունը կտանք... Աստված գիտե երբ կտան»,- սրտնեղում է երկու մանկահասակ երեխաների մայրը: Շուշանը նաև «Հետքին» փոխանցեց, որ իրենց հասանելիք տունը՝ համար 62 բնակարանը, հատկացվել է մանկատան սանի:
Շուշանի ամուսինը՝ Գոռը, 2001 թ. Ղարաբաղում վնասել է ողնաշարը, հիմա ծանր աշխատանք չի կարող կատարել, սակայն ընտանիքի հոգսերը հոգալու համար ամուսնները սեզոնին դաշտային աշխատանք են անում: Բնակարանի հետ կապված այս քաշքշուկներից հետո էլ, ինչպես կինն է վստահեցնում, խախտվել է Գոռի նյարդային համակարգը, անգամ գիշերները չի կարողանում քնել՝ սարսափած վեր է թռչում ասելով՝ ինչի՞ համար գնամ նստեմ, ապակի կոտրելու՞: Խնդրին ծանոթ են նաև Շիրակի մարզպետարանում: Շուշանի պատմելով՝ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը եկել ու զարմացել է, թե ինչի՞ համար փաստաթղթեր ունեցող ընտանիքը մինչև հիմա բնակարան չի ստացել: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն էլ պատասխանել է՝ դեռ չենք բաժանել:
«Քաղաքաշինության նախարարությունից ակնոցներով մի մարդ եկավ, ինձ այ տվեց՝ քեզ ըդտեղից կգցեմ ցած, դուք բդի չնստիք էս տան մեջ, չպիտի վայելեք էս տունը,- շարունակում է Շուշանը,- պատճառ են բռնում, թե ես իմ հայրական տնից 0,96 հա վարելահող բաժին ունեմ, բայց ես դա նվիրաբերել եմ հայրիկիս, հիմա պրոբլեմն ինչու՞մն է»:
Շուշանի ընտանիքը պահանջում է իր հասանելիքը և պնդում, որ չեն պատրաստվում հեռանալ ապօրինի զբաղեցրած բնակարանից: Նրանք կամաց-կամաց հաստատվում են այստեղ, թեև չեն կարող գազ օգտագործել՝ չեն միացնում, ջուրը դույլերով կրում բարձրացնում են վերև, միայն էլեկտրականություն ունեն: Ի դեպ, այս ընտանիքը չի օգտվում նաև բնակարանի դռնից ու շքամուտքից, որոնք փակ են: Պատուհանի տակ փայտե աստիճան են հարմարեցրել ու այդպես ելումուտ են անում:
«Ես էս տնից չեմ ելնի՝ իրանց պես հազարն էլ լինի: Քաղաքապետին ու տեղի միլպետին էլ եմ ասել՝ արյան գնով էս տան համար կպայքարեմ: Ամեն ինչի ընդունակ եմ՝ հանուն իմ ընտանիքի ու էրեխեքի: Ես մարդ էլ կսպանեմ, բայց իմ էրեխեքին ստեղից դուրս չեմ հանե»,- ավելացրեց Շուշան Քոչարյանը:
Մարալիկում մեր անցկացրած ամբողջ ժամանակամիջոցում շենքի մոտ պարբերաբար ոստիկաններ էին շրջում: Այստեղ նաև իմացանք, որ նույն սոցիալական թաղամասում բնակարանի տեր է դարձել Մարալիկի քաղաքապետի վարորդն, ով Հայրենյաց գյուղի բնակիչ է: Բացի այդ, բնակիչների ասելով, թաղամասի տարբեր մասերում երկու բնակարան ունի նաև Մարալիկ-Գյումրի ավտոմայրուղու հարեւանությամբ գործող «Ռուբլյովկա» համալիրի տերը՝ հայտնի Երջոն:
«Հետքի» տեղեկություններով Մարալիկի բնակչուհի Աննա Հովհաննիսյանն եւս մանկահասակ երեխաների հետ հայտնվել է դրսում, ամուսնուց բաժանվել է, զրկվել նրա օգնությունից ու տանիքից: Դիմել է քաղաքապետին սոցիալական թաղամասում հաստատվելու համար, սակայն մերժվել է:
Մեկնաբանել