Ջրարբիացման ծրագիր Արեւշատ համայնքում
Մարիամ Խալաթյան
Շիրակի մարզի Արեւշատ համայնքում շուրջ 1000 հա արոտավայր անօգտագործելի էր անասունների համար նախատեսված խմոցների բացակայության պատճառով: Գյուղական համայնքներում կառավարության կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող Ջրարբիացման ծրագրի շրջանակներում Արեւշատում կառուցվել է 10 կմ երկարությամբ ջրագիծ եւ երկու խմոց: Ծրագրի համար ծախսվել է շուրջ 124.3 մլն դրամ, իսկ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված է 47 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների ձեռքբերում, որն ընթացքի մեջ է:
Արևշատն ունի 2142 բնակիչ: Այստեղ արտագաղթը քիչ է, գրեթե չկան արտագնա աշխատանքի մեկնողներ: Գյուղի բնակչությունը մեծամասամբ զբաղված է անասնապահությամբ:
Գյուղացիներն ասում էին, որ նախկին խմոցները ուժեղ անձրեւների հույսին էին եւ միայն այդ ժամանակ էին դրանք լիքը լինում, իսկ հույսը դնել երկնքի ողորմածությանը՝ ճիշտ չէ: Այնպես որ ջրարբիացման ծրագիրը հնարավորություն կտա ավելացնելու անասնագլխաքանակը: Ջուր խմելու համար անասունն այլեւս երկար տարածություն չի անցնի:
«Տասնյակ տարիներ արևշատցիները երազել են սրա մասին: Ըստ տնտեսական հաշվարկների, պիտանելիության, անգնահատելի ծրագիր է», - նշեց Արևշատի համայնքապետ Սայաթ Խաչատրյանը:
Ջրագծի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամն էր մարզում: Մինչ Արեւշատ հասնելը վարչապետը հարեւան գյուղերում անձամբ է տեսել, թե կարկուտը ինչ ավերածություններ է գործել: Նա նշել է, որ առանց համապատասխան գրավոր արձանագրության, անզեն աչքով էլ տեսանելի է եղել վնասը:
«Այն համայնքները որոնք տուժել են կարկտահարությունից փորձելու ենք անպայման օգնել»,-հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ արեւշատցիների ջերմ ընդունելությունն իրեն ավելի է պարտավորեցնում է:
«Մեր նոր կառավարությունով գյուղացիների կողքին ենք լինելու: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ և դրանց իրականացում», - Արևշատում խոստացավ վարչապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել