HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քլնգելու հաճույքը

Պատասխան Վահան Իշխանյանի՝ «Հայկական ակտիվիզմ. «երջանիկ լինես»» հոդվածին

Օրս սկսեցի մեկի հետ զրույցով ու պնդմամբ, որ մեր հանրության մեջ որևէ փոփոխության համար առաջին հերթին անհրաժեշտ է քննադատական, այդ թվում՝ ինքնաքննադատական մտածողություն, ինչը հնարավոր է միայն փոքրուց սերմանված սկզբունքով և կրթական համակարգով: Հետո կարդացի Վահան Իշխանյանի «Հայկական ակտիվիզմ. «երջանիկ լինես» հոդվածն ու սկսեցի մտածել, որ իմ պնդումը քննադատական մտքի մասին ու հոդվածի ենթադրյալ քննադատությունն իրար հետ կապ չունեն, դրանք տարբեր ակունքներ ու մոտիվներ ունեցող հասկացություններ են, դրանք վերջապես երկու տարբեր բառերով կարելի է բնութագրել՝ քննադատություն  և քլնգոց: Փորձեմ բացատրել քննադատելու և քլնգելու տարբերությունները:

Քննադատությունը նախ սկսվում է իրերի ու երևույթների քննումից, փաստացի բնութագրումից, որի համար անհրաժեշտ է օբյեկտիվ տվյալների բազա: Հետո նոր արվում են դրանց շուրջ դատողություններ, որոնք անշուշտ լինում են սուբյեկտիվ: Օբյեկտիվ տվյալների բազա ունենալու համար քննողը (այս դեպքում՝ հոդվածագիրը) պարտավոր էր նախ հանրամատչելի աղբյուրերից (ասենք՝ գոնե լրատվամիջոցներից կամ նախաձեռնությունների կայքերից կամ ֆեյսբուքյան խմբերից) տեղեկացված լինել քաղաքացիական կոնկրետ խմբերի գործունեությանը, իսկ նրանց մեջ ներգրավված անհատների վերաբերմունքի ու զգացողությունների մասին դատողություն անելու համար՝ գոնե զրուցած և անձնական շփումներ ունեցած լիներ տվյալ անձանց հետ, հարցեր պարզած ու ականատես եղած լիներ զուտ անհատական այդ դրսևորումներին:

Առանց տեղյակ լինելու ո՛չ փաստերին և ո՛չ էլ ակտիվիստների վերաբերմունքին՝ Վահան Իշխանյանը քաղաքացիական խմբերին հավասարեցրել է քաղաքական կուսակցություններին ու եզրակացրել, որ քաղաքացիական շարժումները չունեն կայուն գաղափարական հիմք և որ ակտիվիստների գաղափարախոսությունը «հաճույքն» է՝ զուգորդված պայքարով՝ իբրև հենց պայքարից խթանված զգացողություն: Ցավալին այն է, որ Իշխանյանը փորձել է իր ընդհանրացումները հիմնավորել կոնկրետ նախաձեռնության ու անձի օրինակներով. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության և Ռուզաննա Գրիգորյանի մասին է խոսքը:

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը դիտարկելով որպես «հանուն որևէ գաղափարի տրակտորների տակ չընկածների» տապալված խումբ՝ Իշխանյանն ի ցույց է դրել, որ նա տեղյակ չէ այս խմբի գործունեությանը, չի փորձել նույնիսկ ծանոթանալ նրա գաղափարական բավականին կայուն ու հստակորեն ամրագրված հիմնարար մոտեցումներին (տես՝ նախաձեռնության մանիֆեստը, կոչը և նպատակները), նրա կողմից հանրային քաղաքականության վրա ազդելու սիստեմատիկ քայլերին, օրենսդրության մշակման վրա ազդելու փորձերին, հանրային օրակարգում հանքարդյունաբերության քաղաքականության փոփոխության անհրաժեշտության թեման առաջադրելու, արդարադատական համակարգը հանրության շահին ու օրենքի պահանջին համապատասխան ծառայեցնելու, Թեղուտի հանքի փակման հարցը քաղաքական կուսակցությունների առջև որպես պայման դնելու գործողություններին:

Եթե Իշխանյանը ծանոթ լիներ դրանց, ապա նկատած կլիներ, որ այդ ամենի հիմքում ընկած են և բարձրաձայնվում են ներկա և ապագա սերունդների առջև պատասխանատվության, եկամուտների արդար վերաբաշխման, հանքահումքային վայրի կապիտալիստական տնտեսվարումից՝ հավասարակշռված և ռեսուրսների ողջամիտ օգտագործմամբ արտադրողական տնտեսվարման անցնելու, բնությունը՝ որպես մարդուն և նրա գործունեությանը  Չստորադասված գործոն ընկալելու գաղափարները:

Վահան Իշխանյանը չի փորձել հասկանալ, թե ինչի շնորհիվ է, որ Թեղուտում ապօրինությունների մասին գրվում է մամուլում, որ միջազգային ասպարեզում Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ կա լուրջ դիրքորոշում, որ այն ամեն տեսակի իրավունքների և ներպետական ու միջազգային օրենսդրության խախտում է, որ համայնքներում բոլորովին այլ վերաբերմունք է հանքարդյունաբերողների և կոռումպացված կառավարության նկատմամբ:

Վերջապես, նա չի կիրառել նաև քննադատության կարևոր սկզբունքներից մեկը՝ թերությունները նկատելուց բացի առաջարկել լուծումներ, կամ կոնկրետ Թեղուտի նախաձեռնության դեպքում, բացի հանքարդյունաբերության թերությունները վերհանելուց, նրա կողմից այլընտրանքային տնտեսության խթանմանն ուղված քայլերը նկատելը: Ինքնագովություն չէ, բայց ֆինանսական ռեսուրսներ չունեցող, մասնագիտացած կազմակերպական կարողություններ չզարգացրած այս նախաձեռնությունը միակն է, որ կազմակերպում է գյուղատնտեսական տոնավաճառներ, խթանում է համայնքի բոլոր անդամների համար հավասար հասանելիություն ունեցող շուկա, ներգրավում է ներդրողների՝ այլընտրանքային (ոչ հանքարդյունաբերական և բնությանը վնաս չպատճառող) ճյուղերում աշխատատեղեր բացելու համար:

Իշխանյանը Թեղուտի պարագայում ակնկալում էր տեսնել տրակտորների տակ պառկողների, մինչդեռ տրակտորների տակ պառկելն ամենահեշտն է և այս պահի դրությամբ ամենաքիչ արդյունավետը. եթե մեր ամբողջ ներուժն ուղղեինք դրա վրա, միանգամից չեզոքացվելու էինք, կրելու ֆիզիկական և հոգեբանական լուրջ տրավմա և հենց այդ պահին իսկ տապալվելու էինք: Սակայն որպես ամենաերկարակյաց քաղաքացիական նախաձեռնություն, մենք ոչ միայն ակտիվորեն շարունակում ենք պայքարը, այլև կարողանում հենց հանրային օրակարգի վրա ազդեցություն ունենալ:

Իշխանյանին միգուցե թվում է՝ մենք տեղյակ չենք ուղղակի գործողության մեթոդներին ու հմտություններին, որ եթե տրակտորի տակ չենք պառկում, ուրեմն «անցավ պայքարի երջանկության» մեջ լող ենք տալիս, ուստի և իսկական «ակտիվիստ» չենք, կամ մեր գաղափարական հենքը հաճույքի «դոկտրինն է», ինչպես իշխանություններինը:

Բայց մենք ոչ միայն ընդգծված կերպով տարբեր ենք կազինոներից, բռնությունից ու ստորացումից հաճույք ստացող իշխանություններից, այլև մեր պայքարի մեթոդներն ու զգացական ընկալումները տարբեր են ու փոփոխվող, միգուցե այն ամենն ինչ արել ենք միչև հիմա հանգեցնելու է նրան, որ վաղը տրակտորների տակ պառկելու դեպքում մենք հենց հաջողություն արձանագրենք, ոչ թե տապալվենք հանրային աջակցության բացակայության և ուժային կառույցների անմարդկային բիրտ հակազդեցության արդյունքում:

Դե իսկ ինչ վերաբերում է Ռուզաննա Գրիգորյանի խոսքի՝ համատեքստից կրտված մեջբերմանը, ապա նորից անհասկանալի է, թե ինչպես կարելի է խոսել մարդկանց զգացմունքների մասին, առանց այդ զգացմունքի, այսինքն՝ քննման առարկայի մասին տեղեկություններ ունենալու: Ինչպես կարելի է խոսել անհատի (չանդրադառնամ նրան, որ մեկ անհատով ընդհանրացում է կատարվել բոլորի վրա) «երջանիկ լինելու» վիճակի մասին՝ առանց  այդ մարդու հետ իրականում երբևէ երկխոսություն, զրույց, հարցուպատասխան  ունենալու: Լավ, գոնե նման հարցերը արծարծելիս՝ կարելի էր ծանոթանալ առկա որակական ու խորքային հետազոտությունների:

Վերջում ուզում եմ շեշտել, որ քննադատության կարևորագույն բաղադրիչը այլընտրանք առաջարկելն է, Իշխանյանը ոչ միայն դատողություններ է արել՝ առանց իրերն ու երևույթները ճանաչելու, այլև չի առաջարկել որևէ կառուցողական այլըտրանք: Վերջապես, նա ոչ թե պարզապես դատողություն է արել, այլև դատապարտել է:

Սա արդեն ոչ թե քննադատություն է, այլ անհիմն քլնգոց:

Աննա Շահնազարյան,  Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ 

Լուսանկարը` Աննա Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter