HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Մամուլի գործադրած ճնշումն իրավապահների վրա շատ կարեւոր է

Հարցազրույց ֆրանսիացի լրագրող, մեդիախորհրդատու Սիղիլ Ֆրանկի (Cyrille Frank) հետ

-Հուլիսի 1-ին համաշխարհային մամուլը գրեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ձերբակալության եւ հարցաքննության մասին: Կարելի՞ է ասել, որ դա նաեւ լրագրողների բացահայտումների արդյունքում տեղի ունեցավ, որոնք հրապարակումներով հանդես եկան Սարկոզիի կողմից դիրքի չարաշահման, իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման եւ այլնի մասին:

 -Այո, ինչ-որ իմաստով դա նաեւ լրագրողների աշխատանքի արդյունքն էր, հատկապես հետաքննական պարբերական Mediapart-ի լրագրողների: Այն, ինչի համար նա ձերբակալվեց, բացահայտվել էր մեկ այլ գործի քննության ժամանակ, որի մասին գրել էր Mediapart-ը: Այսինքն` լրագրողների շնորհիվ էր, որ իրավապահների քննությունը հանգեցրեց երկրորդ գործի հարուցմանը: Եթե չլինեին լրագրողները, քննիչների այդ հետաքննությունը չէր լինի: Որոշ դեպքերում Mediapart-ը պահանջել է քննություն Արդարադատության մարմիններից: Եվ նրա գործադրած «ճնշման» արդյունքում է, որ իրավապահները բացահայտում են որոշ բաներ:   

-Իրավապահ մարմիններն առհասարակ արձագանքու՞մ են մամուլի հրապարակումներին:

-Դա կախված է պետության շահից կամ հետաքրքրությունից: Օրինակ` Կայուզակի գործով Ֆրանսուա Օլանդի ձախ իշխանությունը քննություն սկսելը ձգձգում էր, քանի որ Կայուզակը ձախերի նշանակած Բյուջետային միջոցների համար պատասխանատու նախարարն էր (երբ 2012-ի դեկտեմբերին Mediapart հետաքննական կայքը գրեց, որ Կայուզակը շվեյցարական եւ սինգապուրյան բանկերում չհայտարարագրված հաշիվներ ունի, վերջինս հերքեց դա, անգամ խորհրդարանի պատգամավորների առջեւ: 2013-ի մարտի 19-ին` նախաքննություն սկսելու օրը, նախագահ Օլանդը ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից: 2013-ի ապրիլի 2-ին դատախազությունը պաշտոնական մեղադրանք առաջադրեց փողերի լվացման հոդվածով, եւ Կայուզակն ընդունեց իր մեղքը – Լ.Ս.): Անհրաժեշտ եղավ Mediapart-ի խմբագրի միջամտությունը, ով բաց նամակ հղեց կառավարությանը, որպեսզի պաշտոնական քննություն սկսվի:  Ավելի հեշտ է, երբ ձախ իշխանության օրոք մամուլը բացահայտումներ է անում աջ ուժերի ներկայացուցիչների մասին: Հիմնականում այդպես էլ լինում է: Բայց շատ կարեւոր է մամուլի գործադրած ճնշումը իրավապահների վրա:

-Ինչպե՞ս կավարտվի Սարկոզիի գործի քննությունը Ձեր կարծիքով:

-Դժվար է ասել, ամեն դեպքում Սարկոզիի համար դժվար կլինի այս ամենի տակից դուրս գալ: Գործով դատախազը շահագրգռված է եւ քաղաքական աջակցություն է ստանում, բացի այդ` իր ընկերներից շատերը ցանկանում են նրան «ընկած տեսնել»: Բոլորը հետաքրքրված են Սարկոզիի «անկմամբ», քանի որ նրա ետեւում շատ կասկածելի գործեր կան: Բայց տեսնենք` նրա փաստաբանին կհաջողվի՞ հիմնավորել, որ Սարկոզիի հեռախոսազրույցների գաղտնալսումներն ապօրինի են եղել:  

-Հետաքննական լրագրությունը որքանո՞վ է զարգացած Ֆրանսիայում: Mediapart-ից բացի կա՞ն այլ լրատվամիջոցներ, որոնք հետաքննական նախագծեր են իրականացնում:

-Mediapart-ը եզակի չէ, Le Monde օրաթերթը տնտեսական թեմաներով հետաքննություններ է անում, Le Point ամսագիրը, L’Express-ը նույնպես հետաքննական նյութեր են հրապարակում, բայց Mediapart-ը մասնագիտացած է հետաքննության մեջ եւ շատ տեղ է հատկացնում դրան: Պետք է փաստենք, որ հետաքննական լրագրությունը շահութաբեր չէ: Շատ ժամանակ է ծախսվում` անորոշ արդյունքի համար: Միշտ չէ, որ արծարծված թեմաները հետաքրքրում են լայն հանրությանը եւ հավելյալ վաճառք ապահովում, ինչպես առողջապահության, ժամանցի կամ այլ թեմաներով ինֆորմացիան: Հետեւաբար, ֆրանսիական պարբերականներն աստիճանաբար հրաժարվում են հետաքննական լրագրությունից:

-Իսկ այն գոնե ինքնաֆինանսավորվու՞մ է: Ի՞նչ տնտեսական մոդելով է աշխատում Ձեր նշած Mediapart ինտերնետային պարբերականը, որը մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ:

-Mediapart-ը հիմնականում բաժանորդագրության շնորհիվ է աշխատում, թեեւ ունի նաեւ նվիրատուներ: Այն մարքետինգային առանձնահատուկ քաղաքականություն է վարում` հայտարարում է, որ ինքը միակն է, ով անում է այն աշխատանքը, որից մյուսները հրաժարվում են: Այստեղ մեկ այլ առանձնահատկություն էլ կա` հետաքննող լրագրողները մարտնչողներ են, պայքարողներ: Եվ Mediapart-ը հայտարարում է, որ բաժանորդագրվելով իր կայքը` ընթերցողը պաշտպանում է ազատ եւ անկախ ինֆորմացիան: Նրանց մարքետինգային դիրքը շատ ուժեղ է: Կայքը հիմնել է Le Monde-ի նախկին աշխատակից, հետաքննող լրագրող Էդվի Պլենելը, որը տարբեր հարթակներում, հատկապես հեռուստատեսությամբ, շատ արդյունավետ կերպով իրականացնում է իր կայքի առաջխաղացումն ու գովազդը: Ընթերցողը գիտի, որ առաջին` ինքը գնում է եզակի եւ անկախ ինֆորմացիա, երկրորդ` ինքն ավելի լավ է տեղեկացված, քան մյուսները եւ կարող է հպարտանալ այդ հանգամանքով: Բայց չգիտեմ` արդյոք այս մարքետինգային դիրքորոշումը կաշխատի՞ մյուս լրատվամիջոցների պարագայում: Le Monde-ը եւ մյուսները գումարներ են կորցնում հետաքննությունների վրա:       

-Ֆրանսիան այն պետությունն է, որն ամենից շատ է ուղղակի դրամական աջակցություն ցույց տալիս մամուլին: Ի՞նչ նպատակով է դա արվում:

-Այդ աջակցությունը ծագեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1944-ին: Պետությունը որոշեց վերջ դնել բոլոր այն թերթերին, որոնք համագործակցել էին թշնամու եւ նրա հետ համաձայնության եկած իշխանության հետ: Գեներալ դը Գոլը, անգամ նրանից առաջ` Ազատագրման կոմիտեն, որոշել էր, որ պետք է ամեն ինչ փոխել, որպեսզի կանխվի ապագայում մամուլի համագործակցությունը իշխանության հետ: Ուստի ստեղծեցին մի համակարգ, որը կախման մեջ չի դնի մամուլը իշխանությունից եւ կապահովի վերջինիս անկախությունը: Որոշվեց աջակցել հասարակական-քաղաքական, ընդհանուր նշանակության, քաղաքացիների համար կարեւոր տեղեկատվություն մատուցող պարբերականներին: Խոսքը բոլորովին ժամանացային պարբերականների մասին չէր: Բայց խնդիրն այն է, որ 1944-ից հետո ոչինչ չի փոխվել մամուլի աջակցության այս համակարգում, մինչդեռ մեդիադաշտի պատկերն ամբողջովին փոխվել է: Այն պարբերականները, որոնք աջակցություն են ստանում «հասարակական-քաղաքական» ինֆորմացիայի անվան տակ, իրենց հիմնական գործունեության բնույթը փոխել են: Փաստացի, պետությունն աջակցում է ժամանցային մամուլին, որովհետեւ ներկայումս Figaro-ն, L’Express-ը, Le Monde-ը ավելի շատ ժամանցային բովանդակություն են արտադրում, քան ընդհանուր, հասարակական-քաղաքական նշանակության: Ցանցային անկախ մամուլի արհմիության անդամները (SPIL), որոնց թվում եմ նաեւ ես, առաջարկում է արմատապես փոխել աջակցության այս համակարգը` ավելի շատ օգնել քաղաքացիական նշանակության ինֆորմացիա տարածողներին, եւ ավելի քիչ` ժամանացային բովանդակություն ունեցողներին:

-Բայց կա՞ն, արդյոք, ֆինանսների արդարացի բաշխման արդյունավետ մեխանիզմներ:

-Բացարձակ արդար համակարգ դժվար է ստեղծել, բայց մենք առաջարկում ենք լրագրողներին եւ մամուլին անուղղակի աջակցության բազմաթիվ ձեւեր, որոնք ավելի արդար են: Օրինակ` վերացնել լրագրողների հարկային պարտավորությունները կամ նրանց հարկային արտոնություններ տալ (նման օրենսդրական նախաձեռնությունը Ֆրանսիայի խորհրդարանը մերժեց – Լ.Ս.):

-Վերջին տասնամյակում ֆրանսիական գրեթե բոլոր ազդեցիկ ԶԼՄ-ները հայտնվել են խոշոր ֆինանսական խմբերի ձեռքում: Ինչպես է դա անդրադառնում ԶԼՄ-ների անկախության վրա:

-Տնտեսական անկախությունն իսկապես լուրջ խնդիր է մեդիայի համար: Անշուշտ, քաղաքական ասպեկտն էլ կա, բայց, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է տնտեսական կախվածությունը: Ֆրանսիայում վերջին տարիներին արդյունաբերական մեծ խմբերի, բանկերի կողմից մեդիա ձեռնարկությունների գնման պրոցես է սկսվել: Արեւելքում, օրինակ, Credit mutuel-ն է, հյուսիսում` Credit Agricol-ը, Vincent Bolloré-ն, Serge Dassault-ն: Բոլոր այս արդյունաբերական խմբերը գնում են ամբողջական մեդիա-ձեռնարկություններ եւ մեդիա-խմբեր: Սա մտահոգության լուրջ առիթ է, որն անտեսվում է խմբագիրների կամ մեդիա ղեկավարների կողմից: Տրամաբանական հարց է առաջանում` ինչպես կարող են նրանք անկախ լինել, եթե տնտեսական խմբի կամ լոբբիի հսկողության տակ են:

-Կա՞ գրաքննություն կամ ուղղորդում սեփականատերերի կողմից, միջամտություն լրատվամիջոցների խմբագրական անկախությանը:

-Որոշ դեպքերի մասին տեղեկացել ենք, իհարկե, բայց կան շատ բաներ, որոնց մասին չեն բարձրաձայնում ԶԼՄ-ները: Գրաքննության մասին խոսելուց առաջ պետք է խոսել ինքնագրաքննության մասին: Դա ավելի վատ է: Օրինակ` Figaro-ի լուսանկարիչներից մեկն իր նախաձեռնությամբ Photoshop-ի միջոցով ջնջել էր Արդարադատության նախարար Ռաշիդա Դատիի մատանին, քանի որ մտածել էր, թե լավ չէ այդքան խոշոր եւ թանկարժեք մատանին ի ցույց դնելը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը նրանից  պահանջել էր դա ջնջել, պարզապես լրագրողը կամ դիզայները, լուսանկարիչը մտածել էին, որ դա փոքր-ինչ անհարմար է նախարարի համար: Այս պատմությունը շատ քննարկվեց ֆրանսիական մամուլում, քանի որ ցույց էր տալիս ինքնագրաքննության ուժը: Կարծում եմ` ինքնագրաքննության բազմաթիվ նման դեպքեր կան:

-Ֆրանսիայում տարածված են քաղաքական գործիչների ամուսնությունները կամ մտերիմ կապերը լրագրողների հետ, հատկապես` հեռուստամեկնաբանների: Ինչպե՞ս է այս երեւույթն անդրադառնում մեդիայի վրա:  

-Այո, այդ երեւույթն առկա է: Գիտակցաբար, թե անգիտակցաբար, լրագրողների եւ քաղաքական գործիչների մտերմությունը հանգեցնում է ինքնագրաքննության: Լրագրողները եւ քաղաքական գործիչները Ֆրանսիայում միեւնույն կրթական հաստատություններից են դուրս գալիս (Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Grandes écoles կամ այցելում են միեւնույն վայրերը:

Հեռուստատեսությունում վիճակն ավելի վատ է, կառավարության խնամակալությունը հեռուստատեսության նկատմամբ անգամ ամրապնդվել էր վերջին տարիներին, քանի որ երկրի նախագահն անձամբ էր նշանակում Հանրային հեռուստատեսության ալիքների ղեկավարներին: 2013-ին օրենքում փոփոխություն արվեց, եւ այդ իրավունքը վերապահվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի բարձրագույն խորհրդին, որն իր ձեւավորման կարգով նույնպես պրոկառավարական է:

Լրագրողների հետ ինտիմ հարաբերությունների հաստատման այդ «ավանդույթը» ծագեց Ֆրանսուա Միտերանի պաշտոնավարման տարիներին, որն աջ ու ձախ գայթակղում էր հայտնի կին լրագրողներին, եւ ամրապնդվեց Նիկոլա Սարկոզիի օրոք, որը 2007-ին բազմաթիվ լրագրողների «որս» սկսեց, որոնք օգնեցին նրան կառավարել մեդիացանցերը: Այդ մեթոդն օգտագործեց նաեւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը:

-Ֆրանսիայում կա՞ հանրային վստահություն մամուլի հանդեպ:

-Ամեն տարի, վերջին տասը տարվա ընթացքում,  հանրային վստահության հարցումներ են իրականացվում, եւ ամեն տարի անկում է գրանցվում: Մյուս կողմից` առցանց մամուլի նկատմամբ վստահությունը գնալով աճում է: Մյուսները վստահության նվազում կամ կայունացում են գրանցում: Ֆրանսիայում ռադիոն ամենավստահելի լրատվամիջոցն է, հեռուստատեսության վիճակն այնքան էլ վատ չէ, բայց տպագիր մամուլի դիրքերը հուսադրող չեն: Պատճառներից մեկը, իմ կարծիքով, այն է, որ տպագիր մամուլն այլեւս իր ընթերցողին մոտ չէ: Այն խոսում է ինքն իր հետ: Տպագիր մամուլը մանկավարժական ջանքեր չի գործադրում հնարավորինս շատ մարդկանց հնարավորինս շատ բան բացատրելու համար: Հարցն այն է` ինչպե՞ս խոսել մարդկանց հետ իրենց խնդիրների մասին առանց դեմագոգիայի, բայց օգտագործելով այնպիսի բառեր, որոնք հասկանալի կլինեն մարդկանց:

-Կոռուպցիան գոյություն ունի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Սարկոզիի գործով տեսանք, որ դատավորներին կարելի է գնել կամ գայթակղել տարբեր խոստումներով: Կա՞, արդյոք, կոռուպցիա ֆրանսիական մամուլում:

-Պետք է որ առկա լինի: Ես հիմա չեմ մտաբերում դեպքեր, երբ լրագրողը փող է վերցրել կոնկրետ պատվեր կատարելու կամ լռելու համար: Իմ կարծիքով` կոռուպցիան մեդիայում դրսեւորվում է անուղղակի ձեւով: Օրինակ` լրագրողի արձակուրդի ֆինանսավորում: Եթե լրագրողն օգտվել է ինչ-որ բանից, նա չի կարող այլեւս ունենալ միեւնույն հայացքը կամ վերաբերմունքը իրողությունների նկատմամբ: Բայց ժուռնալիստիկան այն միջավայրը չէ, որտեղ կարելի է փող աշխատել: Եվ այս մասնագիտությունն ընտրողները դա գիտեն: Իմ կարծիքով` կոռուպցիայի ռիսկն անուղղակի է. եթե օգտվել ես ինչ-որ բանից, արդեն ճնշված ես որոշ բաներ գրելիս: Եթե ես` որպես քաղաքական գործիչ, ֆինանսավորել եմ քո երկշաբաթյա արձակուրդը, հաջորդ համարում դու չես կարող ինձ «ջախջախել»:    

-Նոր մեդիան ի՞նչ տեղ ունի Ֆրանսիայի տեղեկատվական համակարգում, ինչպե՞ս է այն զարգանում:

-Նոր մեդիան դեռեւս չի մրցակցում հեռուստատեսության հետ, վերջինը լավ դիրքերում է, մարդիկ հիմա ավելի շատ են սպառում հեռուստատեսային արտադրանք, քան նախկինում: Փաստացի, հեռուստատեսության դիտողականությունը չի նվազել Ֆրանսիայում: Մրցակցությունը տպագիր եւ առցանց մամուլի միջեւ է: Նոր սպառողը տպագիր թերթ չի գնում: Տպագիր մամուլը ներկայումս ապրում է Baby boomers-ների (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածները` 1945-65-ականների սերունդը) եւ նրանց ծնողների շնորհիվ, ովքեր հավատարիմ են թերթ կարդալու ավանդույթին: Ինֆորմացիայի սպառումը տեղափոխվում է թաբլեթների եւ մոբայլ հեռախոսների վրա: Հեռուստատեսությունը, հակառակը, շահեկան վիճակում է` այն երկու էկրան ունի: Այսինքն` փոխլրացման տարր կա. կրկնակի էկրանն ավելի է ուժեղացնում հեռուստատեսությունը, վերակենդանացնում է այն եւ դարձնում ավելի ինտերակտիվ: Մարդիկ նայում են հեռուստատեսային հաղորդում եւ միեւնույն ժամանակ հեռախոսով սոցցանցում քննարկում հենց այդ պահին եթեր գնացող հաղորդումը:

-Ինչպիսի՞ն է վիճակը Ֆրանսիայում մասնագիտական կադրերի, պրոֆեսիոնալիզմի առումով:  Ֆրանսիան այն քիչ երկրներից է, որտեղ գործում է լրագրողի քարտը. այսինքն` ցանկացած ոք չի կարող աշխատել իբրեւ լրագրող, եթե հատուկ հանձնաժողովը նրան լրագրողական քարտ կամ վկայական չի տրամադրել: Դա արդյունավե՞տ մեխանիզմ է` ապահովելու լրագրողական կադրերի պրոֆեսիոնալիզմը:

-Որոշ շփոթմունք կա այդ քարտի հետ կապված: Լրագրողական քարտը պարտադիր չէ լրագրող դառնալու համար: Լրագրող է նա, ով լրագրողի ֆունկցիա է կատարում: Բավական է ապացուցել, որ այդ մասնագիտությամբ ես աշխատում: Լրագրողի քարտը պարզապես հեշտացնում է հարաբերությունները կառավարության, վարչական, հարկային մարմինների հետ: Բարեբախտաբար, այդ քարտի առկայությունը պարտադիր չէ աշխատելու համար, հակառակ դեպքում դա կոնկրետ հաստատության կողմից մասնագիտության հսկողություն կլիներ: Քարտերի միջոցով հսկման ցանկացած համակարգ վտանգավոր է: Այս մասնագիտությունը պետք է ազատ թողնել, որպեսզի ինքն իրեն վերահսկի: Անշուշտ, լրագրողը չի կարող անել` ինչ ուզում է, պետք է հարգի պետության օրենքները: Քարտային համակարգը պարզապես հեշտացնում կամ մատչելի է դարձնում շատ բաներ, ավելի հեշտ է մասնակցել մամուլի ասուլիսներին, մուտք գործել պետական հաստատություններ, կարելի է անվճար այցելել թանգարաններ եւ այլն: Բայց բազմաթիվ լրագրողներ, հատկապես առցանց մեդիայում աշխատող, չունեն լրագրողի քարտ: 

-Որո՞նք են ֆրանսիական մեդիայի առանձնահատուկ խնդիրները, որոնք բնորոշ են միայն Ձեր երկրին:

-Ամենահրատապ խնդիրը ֆրանսիական մեդիայի տնտեսական մոդելն է: Մասնավորապես` առցանց մամուլի ֆինանսավորումը: Տպագիր մամուլն աստիճանաբար տեղափոխվում է ցանց, բայց գովազդատուները հապաղում են: Նրանք մեծ գումարներ են վճարում տպագիր գովազդի համար, բայց շատ քիչ` առցանցի: Հավասարակշռություն դեռեւս չկա, եւ դա խնդիրներ է ստեղծում: Նա, ով ավելի շատ ընթերցող ունի, դժվարանում է ֆինանսներ գտնել: Mediapart-ից բացի մյուս առցանց պարբերականները գոյությունը պահելու խնդիր ունեն: Ֆինանսական անկախությունն ապահովելու համար անհրաժեշտ է հավասարակշռել ֆինանսական աղբյուրների մուտքերը` բաժանորդագրություն, գովազդ, պետական աջակցություն: Միայն իշխանության հավասարակշռումն է երաշխավորում ժողովրդավարության արդյունավետությունը: Եթե չկա անհրաժեշտ ֆինանսավորում, ինֆորմացիայի որակի մասին խոսել չենք կարող, հատկապես հետաքննական լրատվության, որը մեծ ծախսեր է ենթադրում:

-Եթե գովազդատուները տեղափոխվեն համացանց, դա չի արագացնի՞ տպագիր մամուլի վախճանը:

-Մամուլի որոշ անուններ, անկասկած, կանհետանան կրպակների ցուցափեղկերից: Այդ պրոցեսը մենք արդեն նկատում ենք Միացյալ Նահանգներում վերջին երկու տարիներին: 2003-2012 թվականներին Նահանգներում 16,200 աշխատատեղ է վերացել տպագիր հրատարակությունների փակման արդյունքում, 38.000 աշխատատեղ` ամսագրերի փակման հետեւանքով, եւ միայն 5000 աշխատատեղ է ստեղծվել թվային մեդիայի շնորհիվ: Այդ պարբերականների հրատարակությունը դադարեցվել է ոչ այն պատճառով, որ չէին ընթերցվում, այլ պարզապես զրկվել էին գովազդատուներից, որոնք ապահովում էին ֆինանսական մուտքերի 25 տոկոսը: Միայն վաճառքով եւ բաժանորդագրությամբ, որքան էլ մեծ լինի դրանց թիվը, հնարավոր չէ պահել լրատվամիջոցը, ինչպես եւ միայն գովազդով: Անհրաժեշտ է հավասարակշռված, կայուն տնտեսական մոդել գտնել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter