HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Մարզպետի հերթական նախատինքը

Տավուշի մարզխորհրդի նիստերը սովորաբար հանդարտ ընթացք են ունենում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետն է եւ այդ պաշտոնում է արդեն 12 տարի, հանգիստ վարում է նիստերը: Սակայն եռամսյակը մեկ անգամ տհաճ խոսակցություն, մարզպետ-համայնքապետեր «կարճ բռնկումներ» են  տեղի ունենում:  

Այդ ժամանակ   մարզխորհրդի նիստերում քննարկվում են համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականների տվյալները: Հոկտեմբերի 6-ի նիստում քննարկվում էին մարզի համայնքների 9 ամիսների բյուջեների կատարողականները, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Տավուշի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանի տվյալներով` հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների ընդհանուր եկամուտների կատարողականը կազմում է 91.1 տոկոս, իսկ սեփական եկամուտներինը` 76,6 տոկոս:

Մարզի 8 համայնք  սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր կատարողական ունի, ամենացածր ցուցանիշը Բերդի տարածաշրջանի Վարագավան համայնքինն է` 27,1 տոկոս:  Մարզպետ Ա.  Ղուլարյանը, դիմելով  հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքապետերին, տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ այս տարի նրանք նման աշխատաոճ ունեն, արդյոք դա «մտածվա՞ծ է արվում»:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում սահմանամերձ Կիրանց համայնքը ընդամենը 32 հազար դրամ է հավաքել: «Եթե ես հնարավորություն ունենայի, համայնքային կենտրոնն այդտեղից կհանեի»,- ասաց մարզպետը: Կիրանցի համայնքային կենտրոնը կառուցվում է համայնքային հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացված 10 մլրդ դրամ ֆինանսավորման շրջանակներում: Նշենք, որ այժմ Կիրանցի համայնքապետարանը տեղավորված է գյուղի հիմնական դպրոցի մի մասնաշենքում: 

Մարզպետն ակնհայտորեն դժգոհ էր հավաքագրման ցածր ցուցանիշներից, որոշ համայնքապետերի աշխատանքից: Նա համայնքների ղեկավարներին նախատեց. «Այնպես չէ, որ  ժողովուրդը փողը չի տալիս, ուղղակի ժողովրդի հետ աշխատելու ոճ է հարկավոր: Եթե ես 10 անգամ պիտի ասեմ ու չի արվելու, կասեմ նրան, ով կատարում է»: Տավուշի մարզում համայնքապետարաններ կան, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում  սեփական եկամուտների հավաքագրում չեն արել:

«Անցած ամիս ընդհանրապես գումար չես հավաքել»,- սահմանամերձ Արծվաբերդի համայնքապետ Վոլոդյա Ուզունյանին նախատեց  Արմեն Ղուլարյանը: «Սոլյարկան թանկ է, վարուցանք ենք արե՞լ»,- մարզպետարանի դահլիճի խորքում ոտքի կանգնելով` արդարացավ համայնքապետը: Ընդ որում, նրա խոսքերն ուղեկցվում էին ձեռքի շարժումներով: «Ինձ հետ ձեռքերով չխոսես, զրո կոպեկ ես հավաքել, ես գիտեմ, թե սոլյարկան ինչ արժե»,- հակադարձեց մարզպետը: 

Արմեն Ղուլարյանը մտահոգիչ համարեց, որ մարզի որոշ համայնքներում սեպտեմբեր ամսին տեղական տուրքեր ընդհանրապես չեն հավաքագրվել, որ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2011 թ. սեպտեմբերին մարզի համայնքապետարաններն ավելի քիչ տեղական տուրքեր են գանձել: Մարզպետը  սեփական եկամուտների պլանները կատարելու համար համայնքների ղեկավարներին պատվիրեց մինչեւ տարեվերջ ջանասիրաբար աշխատել:

Տարվա վերջին եռամսյակը Տավուշի մարզի գյուղացիների համար աճեցրած բերքն իրացնելու ժամանակն է: Այդ պատճառով ակնկալվում է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գումարների աճ: Սակայն նախատեսված պլաններն ամբողջությամբ կատարելու մասին խոսք լինել չի կարող: Գյուղացին ստացված բերքի հասույթով  առաջին հերթին փակում է տարվա ընթացքում գյուղի խանութներից «նիսյա» վերցրած ապրանքների պարտքը:

Գյուղտեխնիկայի մաշվածության եւ պակասի, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների թանկության, բնակավայրերից արոտավայրերի եւ խոտհարքների մեծ հեռավորության, սահմանամերձ, վտանգավոր  գոտում գտնվող հազարավոր հեկտարների չմշակվելու, ոռոգելի հողերի պակասի, գյուղմթերքների  իրացման շուկաներից հեռու լինելու պատճառով մարզում գյուղատնտեսությունն այնքան էլ եկամտաբեր չէ: Աշունը կիսվել է, իսկ Տավուշում հազարավոր հեկտարների վրա դեռ աշնանացան չի արվել:                           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter