«Բիբլիական աղետ. Սևանա լճի 60%-ն աղետալի վիճակում է»
Արփինե Մինասյան
«Մենք կորցնում ենք մեր ստրատեգիկ ջրային ռեսուրսները, արդեն կորցրել ենք Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը: Սա աղետալի վիճակ է, երկրորդ աղետը կապված է Սեւանա լճի հետ»,- հուլիսի 10-ին Սևան քաղաքում «Բիբլիական աղետ» ֆիլմի ցուցադրումից առաջ ասաց «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:
25 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացնում է հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման վիճակը, Արարատյան դաշտի և Սևանա լճից ջրի բացթողնման խնդիրները: Ինգա Զարաֆյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ կառավարությունը մեկը մյուսի հետևից տարբեր որոշումներով Արարատյան դաշում մեծ գումարներ ծախսելով ջրհորեր է բացում ու փակում:
«Մի կողմից` Արարատի մի հատվածում ջուր չունենք, հողերն աղակալված ու ցամաքած են, իսկ մյուս ծայրում ունենք լճեր եւ ճահիճներ, որտեղ ձկնաբուծարաններն են գործում: Սևանա լճից ջրի բացթողումներն էլ Արարատյան դաշտի ձկնաբուծարանների համար են»,- նշեց «Էկոլուր» հ/կ-ի ղեկավարը:
Ֆիլմում խոսվում է, որ մշտապես ջրի կարիք ունեցող Արարատյան դաշտում գործում է 190 ձկնաբուծարան: Արարատյան դաշտի բնակիչներն ու մի քանի համայնքի ղեկավարներ բարձրաձայնում են, որ խորքային հորերը չեն բավականացնում արտերը ոռոգելու համար, իսկ ձկնաբուծարաններն օգտագործում են չվերականգնվող խորքային հորերի ջրային պաշարները և հավելյալ Սևանա լճից ջրբացթողումները կատարվում են ձկնաբուծարանների համար:
Ֆիլմի նպատակն է բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդիրներին: Ինչպես նշեց Ինգա Զարաֆյանը, «Բիբլիական աղետ» ֆիլմի երևանյան շնորհանդեսը բուռն քննարկումներով է անցել: Ֆիլմը ցուցադրվել է նաև Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի քաղաքներում: «Քննարկման ընթացքում բնակիչներն առաջարկեցին Սևանին վերաբերող յուրաքանչյուր որոշումից առաջ հասարակական լսումներ անցկացնել Սեւանա լճի ափամերձ բոլոր համայնքներում, իրենց խոսքը ևս պետք է հաշվի առնվի: Սա ոչ թե առաջարկ էր, այլ պնդում»,- ասաց Ի. Զարաֆյանը ներկաներին:
Վերջինս անդրադարձավ նաև Սևանա լճի փրկության համար ապրիլի 25-ին Սևանում և ապրիլի 28-ին Երևանում անցկացված «SOS Սևան» նախազգուշացնող բողոք-ակցիաներին: Նշեց, որ դրանք ինչ-որ չափով մեղմացրին վիճակը: Կառավարությունը Սևանից 5 տարի ջուր բաց թողնելու ժամկետը կրճատել է մինչև 1 տարի, բայց Զարաֆյանի համար պատկերը պարզ է. մյուս տարի դարձյալ նույն վիճակն է լինելու:
Ֆիլմում հիմնական պահանջ է ներկայացվում` անվավեր համարել Սևանից ջուր բաց թողնելու որոշումը:
Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում «Բիբլիական աղետ» ֆիլմի ցուցադրումից հետո քննարկում ծավալվեց:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը նշեց, որ բնակիչները հիմնականում իրազեկված չեն, թե ինչ է կատարվում: Ըստ նրա` վիճակը սարսափելի է: Յոթ տարվա ընթացքում Արարատյան դաշտի Արտեզյան ավազանը 64%-ով ցամաքել է: Հանրապետության ամբողջ ջրային ռեսուրսներն ամբարված են Սևանա լճում և Արարատյան դաշտի Արտեզյան ավազանում:
«Սևանա լճի գոյությունն այս անապատային և կիսաանապատային գոտում, իրոք, աստվածային հրաշք էր: Ջուրն այսօր նավթից էլ թանկ է, մարդիկ պիտի պայքարեն հատկապես խմելու ջրի համար: Մենք մեր ջուրը նվիրում ենք Թուրքային, այդ նվիրատվության ճանապարհին մեր երկրի մի շարք օլիգարխներ ուղղակի փող են աշխատում: Իրենք այդ ջրով Արարատյան դաշտում ստեղծել են ձկնաբուծարաններ, Արտեզյան ջուրը հանել են, օգտագործել, մնացածն էլ լցվում է Արաքս գետը և հոսում Թուրքիա»,- մտահոգություն հայտնեց Ս. Բադեյանը:
Վերջինս ասաց, որ մի քանի տարի հետո Սևանա լիճը վերջնականապես կցամաքի: Արդյունքում` Սևանա լճի ափին ապրելը կդառնա վտանգավոր: «Եթե չգիտակցենք խնդրի էությունը եւ չմիանանք Սեւանի փրկության պայքարին, կարող ենք այսօրվանից մեր ճամպրուկները հավաքել ու հեռանալ, որովհետեւ ճահճի ափին ոչ ոք չի ապրի: Սեւանը, եթե կորցնենք, Հայաստանը նույնպես կկորցնենք, որովհետեւ Հայաստանը լճից բացի ոչինչ չունի»,- նշեց նա:
Քննարկմանը ներկա «Սևան երիտասարդական ակումբ հ/կ-ի անդամները նույնպես իրենց մտահոգությունը հայտնեցին խնդրի վերաբերյալ: «Ջրային ռեսուրսների մասնագետ Սեյրան Մինասյանը «Էկոլուր» ակումբում մեզ ներկայացրեց հետազոտությունների արդյունքները. նա ուսումնասիրել է պաշտոնական մոնիտորինգ կենտրոնի 2010-2014թթ. Սևանա լճի ցուցանիշները: 4 տարվա ընթացքում ցուցանիշները նորմայից անցել են: Օրինակ, թթվածնի ցուցանիշը նորմայից անցել է կրիտիկական վիճակի, իսկ 20% ջրի ծավալը կրիտիկականից անցել է աղետալի վիճակի: Ստացվում է, որ Սևանա լճի 60%-ը գտնվում է մինիմում կրիտիկական, մաքսիմում` աղետալի վիճակում: Նրա ասելով` եթե 4 տարվա ընթացքում մենք ունենք այս պատկերը, ապա հաջորդ 4 տարիներին մնացած 40%-ը նույն պատկերը կունենա: Այդ ջրում իշխան չի ապրի, միայն կարաս կապրի, որն էլ ընդհանրապես չկա»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Լուսանկարում` Սաթիկ Բադեյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել