Չստացված բնակարան կամ Լեռ Կամսարի հետքերով (մաս I)
Արմեն Քեշիշյան
(ճանապարհային նոթեր)
Առաջին հերթին ինքներդ ձեզ դատելու
արվեստին տիրապետեք,
Հետո միայն` հարևանին ու թշնամուն
այս երկրի վրա դատեք:
Առաջին հերթին սովորեք ինքներդ ձեզ
մեկ վրիպում անգամ չներել,
Եվ հետո միայն` թշնամուն գոռացեք.
«Թշնամի՜ ես, ունես ծանր մեղքեր»:
Ուրիշի մեջ չէ, ձե´ր մեջ թշնամուն հաղթեք,
իսկ երբ աստ հաջողության հասաք`
Այլևս հիմարություն անելու կարիք չունեք,
Եվ մեկ էլ տեսար հանկարծ ու` մարդ դարձաք:
(Բ. Օկուջավա)[1]
Հունիս: Ճանապարհ: Արև ու զով: Ձախից Սևանն է: Մեքենաները շատ չեն, արագաչափերն ու ոստիկանության մեքենաները գրեթե չեն խանգարում ընթացքին: Ի հեճուկս այս մարզում բազմաթիվ տարիներ աշխատանքի` տպավորություն կա, որ առաջին անգամ եմ այստեղ: Երևի նրանից է, որ ոչ թե աշխատանքի բերումով կես-կեղծ, կես-շահադիտական հանդիպումների եմ գնում, այլ մի գաղտնիքի բացահայտման, որի մի մասը կլինի միայն իմը, իսկ մնացածը` կփորձեմ պատմել դրանք իմանալ ցանկացողներին: Բացի այդ առաջին անգամ էր, որ այս կողմերն էի գալիս Լեռ Կամսարի հարսի` Օֆելիայի «Հուշերը» կարդալուց հետո` տեսնելու Վարդենիսի շրջանում կամսարյան վայրերը:
Նպատակակետս Բասարգեչարն է, այսօր` Վարդենիսը: Նայում եմ շուրջս ու մտածում, թե որն է երկրի վրա մարդու բնակարան ունենալու կարգը: Մտքերս նույնքան անորսալի են, արագ փոփոխվող, որքան մեքենայի պատուհանից իրար հաջորդող պատկերները: Մեկ հիշում եմ ճանապարհին հանդիպած` բլուրների ու ճամփեզրի վրա սփռված դղյակները: Մեկ հիշում եմ, որ «աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները` հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»[2]:
Ո՞վ է որոշում, թե երկրի վրա ով որտեղ պիտի ապրի: Մա՞րդը: Աստվա՞ծը: Իշխանությո՞ւնը: Աստված ինչ-որ խուրհուրդներ է տալիս ավետարանիչների ու մարգարեների միջոցով: Դրանց իմաստությանը ավելի հաճախ գալիս ես կյանքի երկրորդ հատվածում: Մարդն այս հարցերը չի որոշում, կամ որոշում է, եթե իշխանության մասնիկ է: Օրինակ` իշխանության մաս կազմող մարդը որոշում է, թե որն է հանրային շահը ու վտարում այդ շահի տեղում իր բնակարանը կառուցած, իշխանության մաս չկազմող` հանրության մասնիկ մարդուն:
1940թ.-ին նշանակված աքսորավայր Տորֆ հասնելու համար այս ճանապարհով անցավ Լեռ Կամսարը` այլ փոխադրամիջոցով, այլ նպատակով, այլ տևողությամբ: Հիմա գնում եմ տեսնելու այն վայրերը, որտեղ արգելափակվել ու ապրել է, մտածել, գրել, մարդկանց օգտակար եղել և մեղու պահել Լեռ Կամսարը: Ինձ թվում է, որ նույնիսկ եղանակն է ավելի լավը, քան նրա ժամանակ: Եղանակը տրամադրությունից է կախված, տրամադրությունը` վերապրվող անարդարության խորությունից:
Ուր էլ որ նա գնաց, ապրեց, քշվեց, բանտարկվեց, ազատվեց ու հանգրվանեց, նա Բան ու միտք թողեց: Նա ասում էր. «ես ապագա սերունդների մասին պետք է մտածեմ»: Գործեց, մտածեց, ստեղծեց, հսկայածավալ ժառանգություն թողեց: Հիմա «ապագա սերունդներից» մեկի հերթն է իր համար որոշել, թե որքանով է նա պարտական Լեռ Կամսարին: Նախորդ սերունդների Մեծերի նկատմամբ վերաբերմունքը ցույց տվող որոշումներից ու դիրքորոշումներից է կախված տվյալ սերնդի իրական բնութագիրը և նրան հաջորդողների ապագան:
Կամսարը մտածում էր ոչ միայն ապագա սերունդների մասին, այլ նաև նրանց սրտերում ու մտքերում իր սեփական տեղն ունենալու իրավունքի մասին: Գիտեր, որ իր խոսքն ու գործը, դրանց իսկական, իմաստալից, անսակարկ և ճշմարիտ լինելն են որոշելու նրանց մտածելակերպում և հոգիներում` իբրև խղճի բնակարաններում, ու գրապահարաններում` իբրև նրա գործերի բնակարաններում տեղ զբաղեցնելու իրավունք ունենալ-չունենալը:
Փղոսկրյա գահավորակներին բազմածները և կեսօրին սպիտակ ձի հեծնողները գտան, որ այս երկրի վրա նա բնակարան չպետք է ունենա: Ի պատասխան նա բնակություն հաստատեց մարդկանց սրտերում: Դժվար է գտնել մեկ այլ մի անտուն, որին փողոցում մոտենային անձամբ անծանոթ, բայց հալածվածությամբ հոգեհարազատ մարդիկ, և խնդրեին գրվածքներով հովացնել վիրավորանքից ցավացող իրենց սրտերը: Սեփական ցավը միշտ ավելի խորն է:
Այսպիսի մտքեր էին կայծակնային արագությամբ փոխարինում մեկը մյուսին դեպի Վարդենիս տանող ճանապարհին:
Մոտենում եմ այն վայրերին, ուր աքսորյալ է եղել Լեռ Կամսարը: Ի մի եմ բերում Վանուհու շնորհիվ տարբեր աղբյուրներից հիշողությանս մեջ ցրված տեղեկությունները: Տորֆ, Ղալնի, Մեծ Մասրիկ… Բարաքում մեկ հոգի հազիվ տեղավորող «առանձնասենյակ»: Զուգարանը հեռվում: Փորձում եմ հասկանալ, ինչ տպավորություն պետք է ստանար Վանի Այգեստանի բնակիչը հայտնվելով այստեղ: Հավանաբար` բավականին ընդունելի, քանի որ Վանի ու Տորֆի միջև Վորկուտան էր մխրճվել: Վերջինիս հյուրընկալությունը այնքան ջերմ էր, որ Բասարի 35 աստիճան ցուրտը ջեռուցվող բնակարան պետք է թվար: Ո՞վ կարող է ասել, որ պետությունը բնակարանային պայմանների էական բարելավում չապահովեց գրողի համար:

|
Հավանաբար, եղանակը, երկինքը, լիճը մոտավորապես այսպիսին էին: Ավելի շուտ` մեծ ցանկություն կա, որ այսպիսին եղած լինեին, որովհետև այդ մարդու հայտնվելուն բնությունը պետք է որ ուրախ լիներ` տխուր մտքերի հատուցում: Նկարի վրայի շատ ճերմակ ամպի մուգ շերտը հիշեցրեց, որ 1948թ.-ին, որդու ամուսնության բերումով մայրաքաղաք «չթույլատրված» այցը ավարտելով, 24-ժամվա ընթացքում Երևանը լքելու օրդերը ստորագրելով` ընտանիքի անդամներին համբուրելով` նա վերադառնում էր Տորֆ: «Լիճը սառած էր ու նավերը չէին աշխատում, և բավական դժվարություններով հասավ Տորֆի իր փչակը ծվարելու և մենակ տառապելու»․գրում է Օֆելիան իր հուշերում: Դժվար է պնդել, բայց թվում է, որ նրա մտքերը պետք է ձայնակցեին Ա. Ախմատովայի այս տողերին. Ջուրն ինչո՞ւ ապականեցիք, հացս ցեխին ինչո՞ւ խառնեցիք: Ինչո՞ւ վերջին ազատությունս պիղծ գինարբուք դարձրեցիք: Թե՞ որ ես չչարախնդացի դառը մահն ընկերներիս, Թե՞ որ հավատարիմ ես մնացի տխուր, մոլոր հայրենիքիս: Այսպե՜ս, ուրեմն. առանց դահճի ու կառափի երկրի վրա պոետ չի լինի. Մեզ` հագուստներ մեղանչանքի, մոմն ձեռքներիս… առանց ցավ չի լինի: |
|
|
|
«Երբ շատ էր նեղսրտում, անմիջապես նետում էր իրեն բնության գիրկը: Թափառելուց հոգնած, մի փոքր խաղաղված վերադառնում էր միշտ մատների արանքում բռնած վայրի մեխակներ: Այս պատկերը շատ հաճախ էր կրկնվում»․ կարդում ենք Օֆելիայի հուշերում: Սևանի ավազանը առատ է ծաղիկներով: Դաշտերից ծաղիկներ էր հավաքում Լեռ Կամսարը, մարդկանց դեմքերից` ժպիտներ ու ծիծաղ: Եվ եթե հնարավոր էր բնակարան չտալ կամ խլել նրանից, ապա այս հարստությունից նրան ոչ մեկ չկարողացավ զրկել: Երևի այն պատճառով, որ ամբարտավան ավարառուների մեջ դաշտի ծաղիկը, ժպիտը և ծիծաղը արժեքի ու հարստության դասին չեն պատկանում: |
Չգիտեմ ինչով բացատրել, բայց դեռ չհասած` վստահ եմ, որ այն շինությունները, բարաքները, ուր ապրել է Լեռ Կամսարը, մանավանդ` մեղվի փեթակները չեմ գտնելու: Չսխալվելով` փորձում եմ բացատրություն գտնել: Ասում եմ, Կամսարը չէր թույլ տա, որ իր մասին հիշողություններում տեղ գտնեն տգեղ, քարուքանդ, անհույս ու մթին պատկերներ ու կերպարներ: Եթե մարդիկ ուզենան իմանալ, թե ինչի միջով է նա անցել` լուսավոր, ուրախ ու իմաստուն գործերը գրելու ճանապարհին, իրենք ինքնուրույն պետք է հետաքրքրվեն ու գտնեն: Ինքը այս հարցում չի օգնի, քանի որ ասում էր, որ «ես կյանքիս մեջ միշտ ուրիշներու ավելորդն եմ վերցուցել»: Հավանաբար բնությունը և պատմությունն էլ չեն ցանկացել պահպանել նրա մասին որևէ մռայլ, հոգի ու սիրտ տանջող վկայություն:
Սրա հետ մեկտեղ մի համոզմունք ունեի, որ այլ, նմանատիպ, հնից մնացած կցկտուր դրվագներ պիտի գոյություն ունենան, որոնց մեկտեղելը, նրա ապրած տեղանքի և դրանում տիրող իրավիճակի մասին ընդհանուր պատկերացում կազմելը և այլոց հաղորդելը մեծ պարտքիս գոնե նվազագույն հատուցումը կլինեն` այն ուրախության, մտածումների, վերլուծությունների, վերանայումների, վերարժեվորումների, թուլության պահին ուժ առնելու համար, որ պարգևել են Կամսարի գրքերը ինձ իբրև պարզ մի ընթերցողի:
Մոտենում եմ: Մինչև գյուղ մտնելը փորձում եմ հասկանալ ընդհանուր պատկերն այն տեղանքի, ուր Կամսարն անցկացրել է 17 տարիներ:
![]() |
![]() |
| Տորֆ գյուղի տեսարան է աջ նկարի վրա: Մտածեցի, որ ինչ-որ պահերի Կամսարը կարող էր այստեղից նայել շուրջը, տեսներ մոտավորապես նույնը: | |
Գուցե այսպիսին տեսավ Ղալնին և շրջակայքը Կամսարը, երբ պետությունը իրեն տրամադրեց հերթական բնակարանը, գրողին նշանակելով գյուղի մեղվապահ: Հասկանալի է, որ այսպես չէր, շինությունները այլ էին: Տուֆե բնակելի շենք այն ժամանակ այստեղ լսված չէր: Միայն այն, որ այս աքսորավայրում հանգրվանում էին Երևանից, Վորկուտայից, Մարտունիից, Գորիսից և այլ վայրերից «հանցագործներ»` գրողներ, «կուլակներ», ինժեներներ և այլն, ենթադրում է, որ այստեղ նորմալ շինություն կամ տարրական պայմաններ չէին կարող լինել: Ինչպես կարելի է «հանցագործին» ապահովել ապրելու համար նվազագույն պայմաններով, նրանք մեղսավո՜ր են, երբ նրանց մեղսավորությունը որոշել է օրվա կամ ժամանակաշրջանի իշխանավորը:
Իսկ հետո. «1954-ին Լեռ Կամսարը պաշտոնապես համաներում ստացավ իր չգործած մեղքերի համար: Հաճախ էի տեսնում, որ գրասեղանից վերցնում էր ուղարկված պաշտոնական գրությունը, ակնոցը երկու մատով բռնած աչքին կարդում էր և խոսում ինքն իր հետ.
- Ա՜խր ի՞նչս արդարացրին՝ չգործած հանցա՞նքս, 20 տարվա բեղմնավոր կյա՞նքս, առողջությո՞ւնս, թե՞ ընտանիքիս քայքայվելը: Ի՜նչն են արդարացնում... » - կարդում ենք Օֆելիայի «Հուշերում:
Մեր օրերում այսպիսի մարդկանց ընդունված է քաղբանտարկյալ բնութագրել: Նրանից առաջ էլ, նրա ժամանակ էլ, հիմա էլ ու հետո էլ այս անմեղ մարդիկ մարտիրոսներ էին, որոնց ներկայությունը երկրի վրա անցանկալի էր այն տմարդիների համար, որոնք ուրիշի արյան, տանջանքների, արցունքի ու ցավի նկատմամբ իրավունք վերապահած` իրենք իրենց կյանքի տերեր են կարգել:
Ո՞ւմ է հաճելի լսել սեփական անտառաճանաչության, ծախվածության, ստորության, ժամանակավորության, ստրկության և ստրկամտության մասին ճշմարտություններ: Ո՞ր տկարամիտ ճիվաղին է հաճելի տեսնել տաղանդավոր ու սիրված գրողի, զօրուգիշեր աշխատող գյուղատնտեսի` կուլակի, պրպտող ինժեների կամ ազնիվ, բայց խաբված տնտեսվարի: Կարո՞ղ է ստահակի մտքով անցնել, որ հիվանդությունը և դրա պատճառը բացահայտելը ապաքինման միակ ճանապարհն է, իսկ դրանք մատնանշել ունակին պետք է գլխի վրա ման ածել:
Հասա Ղալնի, Տորֆ. Կամսարի ժամանակ Ղալնին գյուղ էր, «թրքի գեղ», իսկ Տորֆը` տեղի տորֆի հանքավայրից անունն առած բանավան: Մինչև այդ գյուղը կոչվում էր «Ղամշլի»` ղամիշի լիությունից: Նախորդ դարի 30-ականներին առավելապես թուրքերով կամ թաթարներով բնակեցված Տորֆը վերաբնակեցվեց 1988-89թթ.-ին Ադրբեջանից փախստականներով: Ծովի մակերևույթից 2003մ բարձր, տարածքը 3.9կմ2, իսկ բնակչությունը 230 մարդ. հիմնական զբաղմունքը անասնապահություն և հողագործություն: Մի քանի հոգուց հարցնելով Ղալնիի տեղը հասկացա, որ մարդկանց մեծ մասն այս տեղն այս անունով այլևս չի ճանաչում, այլ միայն` «Տորֆ»: Տորֆում այժմ ապրում է աքսորյալների ժառանգներից 8 տուն, որոնք իրենց «բնիկ» են անվանում: Ղալնին միացվել է Տորֆին ու մեկ գյուղապետարանից է կառավարվում: Չունի դպրոց, երեխաները հաճախում են հարևան Վանևանի ու Լուսակունքի միջնակարգ դպրոցներ: Ղալնիում Կամսարի «տունը» որոնելն անիմաստ էր` նրա ժամանակի շինությունները բոլորը քանդվել են, դրանց տեղերում կառուցվել են ավելի ժամանակակից շենքեր: Չեն մնացել նույնիսկ լքյալ հիմքերը:
![]() |
![]() |
| Ձախ կողմի նկարում փոքրիկ «հրապարակն» է, որը չի օգտագործվում և հարում է այն բարաքին, որում «ապրում» էր Լեռ Կամսարը: Այստեղ Լեռ Կամսարի հուշակոթող տեղադրելու միտք առաջացավ: Միտքը ողջունեց Ահարոնը՝ «հայնտի մարդ է ապրել մեր գյուղում», - ուրախացավ նա: Աջ կողմի նկարի վրա փնտրտուքներից, քննարկումներից և ստացված տեղեկությունները համադրելուց հետո Ահարոնը վստահաբար ցույց է տալիս քանդված բարաքների տեղը: | |
Մոլախոտը փորձում է աչքից թաքցնել բարաքի հիմքերը, ուր բնակվել է Կամսարը. չես կռահի, թե արդյո՞ք ջանում է հետքերը իսպառ սրբել, թե` լրիվ ոչնչացումից պաշտպանել մնացորդները:
Նկարի վրա հենց դրանք են պատկերված: Նա այստեղ տեղափոխվեց, երբ նրան միացավ կինը, և «վերամիավորված» ընտանիքը ստացավ ավելի «ընդարձակ բնակարան»: Այս հատվածն ընկած է Ղալնիի ու Տորֆի միջնամասում` վերջինիս ավելի մոտ: Մոխրագույն շրջանակը մի փոքրիկ «հրապարակ» է, առանց շինությունների կամ բուսականության: Անկտուր շինությունը «թուրքի տուն» էր, ինչպես ասում էին տեղացիները: Կամսարից հետո կառուցված` այժմ լքյալ է: Ամենայն հավանականությամբ հենց այստեղ էր նաև այն 400քմ հողակտորը, որ տվել էին նրան կարտոֆիլ աճեցնելու համար:
Տորֆի գյուղապետարանի քարտուղար Ահարոնը Մարտունիից աքսորված «կուլակի» թոռ է: Կամսարի մասին լսել էր, գործերից էլ էր կարդացել, իսկ նրա դուստրը` նույնիսկ գրքերի վերտառությունները նշեց, ասաց, որ սիրով կարդում է: Սեփական բակում աշխատում էր, երբ մոտեցա իրեն, խնդրելով օգնել որոնումներիս: Առանց վայրկյան անգամ հապաղելու` առաջնորդեց ինձ դեպի գյուղի ամենատարեց` յոթանասունյոթամյա բնակիչը, ի դեպ` նրա իսկ հորեղբայրը, իսկ հետո նաև` դեպի հարևան Գագոյի բոստանը, քանի որ առաջինը ոչինչ չուներ հայտնելու: Գագոն սկզբում կցկտուր բաներ հիշեց, հետո` Ահարոնի որոշակի հուշումների ներքո որոշ բաներ մտաբերեց հոր և հորեղբոր պատմածներից:
(Ահարոնը այնքան տարված էր Կամսարի` Տորֆում ապրելու փաստով, որ զանգահարեց հաջորդ օրը և լրացուցիչ տեղեկություններ հայտնեց: Հանդիպել է Հայրունի Սերոբին` Լուսակունք գյուղի զինղեկին, որի հայրը` Գուրգեն Հայրունին, Կամսարի հետ նավակով «ծով» էր գնում` խսիր սարքելու նպատակով ղամիշներ հավաքելու:)
Գյուղում շրջայցը կատարելուց հետո սուրճի բաժակի շուրջ արդեն` Ահարոնի մայրիկը նշեց Վիկտոր Համբարձումյանի, նույն ինքը` «Ֆադաևի» անունը[3], որը ութսունութ տարեկան` ներկայումս բնակվում է Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, Մուսա-Լեռան գյուղի մոտ: Բացի այդ, նա նշեց, որ պետք է անպայման տեսակցել նաև Մեծ Մասրիկում բնակվող Դարոյի Ռազմիկին: Վերջինիս մասին պատմությունը դեռ առջևում է:
Սա նշում եմ մեծ ուրախությամբ, որովհետև ճանապարհին դեռ մտավախություն ունեի. կգտնեմ արդյո՞ք մեկին, որ կկարողանա հուշել հարցերիս պատասխանները, ցույց կտա հետաքրքրություններս բավարարելու աղբյուրները: Գտա, ցույց տվեցին. մարդիկ այնքան ոգևորվեցին, որ ի լրումն իմ հարցերի, դեռ շատ ուրիշ բաներ էլ պատմեցին գյուղի, բնակիչների, իրենց դարդերի ու ցավերի մասին: Հասկացա, որ Կամսարի ոչ միայն գրքերը, այլ նաև նրա մասին խոսելն իսկ մարդկանց ուրախություն է պարգևում, աշխուժացնում է, մտածել է տալիս ու նորը գտնել, բացահայտել է մղում:
Տներ: Կամսարը, սովորաբար լուռ ու մտքերով տարված, կարող էր ժամերով խոսել գյուղացիների հետ, եթե կարող էր ինչ-որ բանով օգտակար լինել: Օֆելիան հիշում է. «Խոսում էր ամեն թեմայի շուրջ, խորհուրդներ էր տալիս բույսերի մշակման, տուն կառուցելու վերաբերյալ: Մի գյուղացի անընդհատ գանգատվում էր տան խոնավությունից: Լեռ Կամսարը գնաց, նայեց տունը, տեսավ, որ հող է լցրել պատի տակ, իբր որ տաք լինի: Սարի լանջից հոսող ջուրը ծծվում էր այդ հողակույտի մեջ և տունը խոնավացնում: Լեռ Կամսարը ամբողջ հողը հանել տվեց և սենյակը չորացավ»:
![]() |
![]() |
Այս շենքը բարաքների մեկ այլ բլոկի հիշատակ է: Կամսարի բարաքը և այս մեկը տեղակայված են իրան նկատմամբ իբր մի մեծ բանտադաշտի երկու պատեր ռուսերեն «Г» տառի ձևով: Այս մեկում բնակվում էին տորֆի հանքում աշխատող բանվորները: Պարզ է, որ տուֆն ու ցեմենտը հետագայում են հայտնվել: Աջ կողմի նկարի վրա բարաքի պատերն են` ներսից. սրանք մնացել են դեռ Կամսարի ժամանակներից: Նկատելի է աղյուսը, պատված սպիտակ ցեխաջրե ու հարդե ծեփով: Այսպես է եղել նաև Կամսարի բարաքի խցում:
![]() |
![]() |
Երկու դռները երկու մուտքեր էին դեպի «առանձնասենյակներ», շուրջ 1.8մ լայնությամբ և մոտ 2.90մ երկարությամբ: Ձեռքերդ պարզես պատերին կհասնես: Պատուհան որպես այդպիսին չի եղել: Եղել են միայն դռներ, որոքն միաժամանակ բացվելու դեպքում հպվում էին միմյանց: Աջ կողմի նկարից կարելի է փորձել հասկանալ լուսավորությունը տարվա 8 ամիսներին ամեն օր, սկսած ժամը 16-17-ից, մանավանդ որ ներկայիս պատուհանի փոխարեն նեղլիկ դուռ էր: Այսպիսի մթություն և սառնամանիք էր, ենթադրում եմ, որ հարսը հիշում է. «Ցուրտ ժամանակ գրում էր անկողնում, իսկ արևոտ օրերին՝ թիկնած խոտի դեզերին: Ձմռանը հացը չէ, բայց թանաքամանը շորով փաթաթելով դնում էր բարձի տակ, որ չսառչի»։
![]() |
![]() |
Առաստաղի վրա երևում է ծխնելույզի անցքը: Կտուրը գերանների վրա լցված հարդից էին: Շատ տաքանալու դեպքում էլ նույնիսկ հրդեհի հավանականությունը փոքր էր, քանի որ ձյունը առատ ծածկում էր «կտուրը» վերևից: Աջ կողմի նկարի վերևի հատվածում երևում է պատն այնպես, ինչպես գոյություն ուներ Կամսարի ժամանակներում:
![]() |
![]() |
Այս պատը նույնպես Կամսարի ժամանակներից նորոգման չի ենթարկվել: Հատակը` նույնպես: Մուտքի դռան, նիգի, սենյակի չափերի մասին պատկերացում տվող նկար: Այսպիսի միջանցքից կարելի էր անցնել «բնակարան»:
![]() |
![]() |
Այս տարածքում տեղավորված էր չորս «առանձնասենյակ»: Այժմ պատուհաններ են բացվել դռների հաշվին: Առաստաղը Կամսարի ժամանակվա է: Երկար միջանցքից մուտքեր են դեպի սենյակներ: Բայց, որ շատ հարմար չլինի, սենյակները նաև մեջմեջի էին: Սովորաբար այսպիսի սենյակներում տեղավորում էին հատկապես «կասկածելի» աքսորյալների, իսկ նրանց հարևան էին դնում աքսորյալների թվից ընտրված գործ տվողների: Ծեփը 40-ականների վերջից, 50-ականների սկզբից:
Մեծ Մասրիկում չկար 8-10 դասարաններում ուսում ապահովող դպրոց, և Օֆելիան Բասարգեչար էր գնում` միջնակարգ ուսումն ավարտելու համար: Կամսարն այստեղից Տորֆ էր գնում: Ճանապարհին հաճախ էին հանդիպում. Կամսարը ոտքով էր գնում, հրաժարվելով երբեմն հանդիպող սայլեր և ձիու ֆուրգոններ նստել: Օֆելիան Ադուրայններից էր, որոնց մեծերը, գաղթելով Բասենի Գոմաձոր գյուղից ու Հոքթիբաթից` հասել էին Բասար ու այստեղ ընտանիք կազմել: Հորն այնտեղ ճանաչում էին Ադուրենց Միսակ անունով:
Ես էլ եմ գնում Մեծ Մասրիկ` որոնելու Կամսարի կացարանները, գտնելու Դարոյի Ռազմիկին, որի հետ հանդիպումը կարևորում էր Ահարոնը և նրա մայրիկը: Գնում եմ ու գտնում:
![]() |
| Դարոյի Ռազմիկը: Հիանալի կոլորիտային անձնավորություն: «Բա ինձ չե՞ս նկարում»մ - այնքան համով ասեց, որ իրեն նկարելու ցանկությունս է´լ ավելի մեծացավ։ |
Ռազմիկ դային ուրախացավ գալուս, չգիտեմ ինչու: Արտակարգ բարեհամբյուր և հյուրասեր մարդ` նա ինձ ընկերակցեց, տանելով բոլոր կամսարյան վայրերով: Շատ էր ցավում, որ Վանուհին չի եկել: Ասում էր. «Խոստացել էր գալ, բայց չի եկել»: Պատմեց գրեթե ամբողջ ընտանիքի մասին: Գիտի, ով որտեղ է ապրում, երբ է մահացել, երբ է ընդունվել այսինչ որոշումը, ում կողմից և այլն: Ինչպես ինքը ասեց. «Իմ կոմպյուտերը լավ է աշխատում»:
Առաջին մասնագիտությամբ քարտաշ, Արզնու սանատորիայի շինարարության վրա Կոտայքի Նահապետ վարպետի ղեկավարությամբ աշխատած` հիանալի բացատրեց սպիտակ հողով ու հարդով «քյարպիջներ» սարքելու տեխնոլոգիան (ի դեպ, այն լրիվ նույնությամբ կրկնում է Հին Կտակարանում նկարագրված` եգիպտացիների, ինչպես նաև մինչև հիմա Իրաքում հանդիպող բաբելոնական կառույցների շինարարության տեխնոլոգիան): Նրա բացատրությունները շատ օգնեցին ճիշտ ընկալել այն «բնակարանները» և դրանցում բնակվելու մղձավանջը, որոնց մեջ ապրել է Կամսարը և որոնց նկարները բերված են ստորև:
(Շատ հետաքրքիր Ռազմիկ դային պատմեց Վլասովի զինվորների պատմությունը` Մեծ Մասրիկի բնակիչների օրինակով, ցույց տվեց նրանց տները, հիշեց թե, որ թվի որ հրամանով նրանք ազատ արձակվեցին, ինչպես, օրինակ` Քերոբ Մուրադյանը և Մանվել Ոսկանյանը, որոնք դատապարտվեցին 1949թ.-ին, ինչպես նրանց տարան «կարմիր անիվներով» սև վորոնոկներով, և համաներումով ազատվեցին 1956թ.-ին:)
Ահա այսպիսին էր նախկին նկարներում պատկերված շենքի փոխարեն այն շինությունը, որի մեջ բնակվում էր Կամսարը կնոջ` Իսկուհու հետ: Նրանց հետ էին նաև որդին` Աշոտը և հարսը` Օֆելիան: Օֆելիան հիշում է, որ ամուսնու հետ 1949թ.-ին իրենք գնացին Տորֆ, «որպեսզի սկեսրայրս մենակ չմնա, և բացի դրանից, մեկ սենյակը դատարկվի և վարձով տրվի` ընտանիքի կարիքները մի փոքր թեթևացնելու համար»: Այս այցելության բերումով գրողի բնակարանային պայմաններն էապես բարելավվեցին. նկարներից կարելի է պատկերացնել, թե որքան: Կամսարը քնում էր միակ մահճակալին, իսկ ինքը ամուսնու հետ` գետնին: Սենյակում կար սեղան և երեք աթոռ: Օֆելիան հաշվետար էր, հետո մանկապարտեզի վարիչ, Աշոտը բանվորություն էր անում: Այս ընթացքում Կամսարը պատրաստ պահում էր բանտի ներքնակը, երկաթե բաժակը և աքսորական ճամպրուկը, չորացրած հացը, մի կերպ գլուխ բերած տաք հագուստը, որովհետև սկսվեց աքսորի հերթական ալիքը:
![]() |
![]() |
| Տետրերից մեկը և մկների կրծած ձեռագրերը: «Մկները նույպես բռնապետության կողմնակից էին և օգնում էին ոչնչացնել դրանք», - գրում է Օֆելիան: | |
Երբ 1950թ.-ին ծնվեց Կամսարի թոռը` Վանիկը, ընտանիքին տուն տվեցին Ղալնիում` «թրքի գեղում»: Ըստ Օֆելիայի, սա մի իրական «բնակարան» էր, որի մի սենյակում տորֆ էին ամբարել` իբրև ջեռուցման համար վառելիք, իսկ տորֆի տակ թաքցնում էին Կամսարի տետրերը` արդեն պատրաստ ստեղծագործությունները: Ընթացիկ տետրը պահում էին Վանիկի բարուրի մեջ: Իսկ երբ կրկնակալոշների մեջից գտան թղթի կտորներ, հասկացան, որ մկները կրծել են գործերը: Երեք սայլ տորֆ հանեցին, որ պահպանված գրվածքները տեղափոխեն Օֆելիայի հոր ցորենի ամբարը:
![]() |
![]() |
| Շինանյութը. սպիտակ հող, հարդ` արևի տակ չորացված: Ձեռք ես տալիս, ոնց որ պլաստիլին լինի: Այնքան է հիմա քայքայված, որ դիպչելուց քանդվում է: | |
[1] Այս և հոդվածում տեղ գտած այլ բանաստեղծությունների թարգմանությունները` Արմեն Քեշիշյանի:
[2] Ղուկաս Թ 58:
[3] Այս մարդու հետ հանդիպումը պլանավորված է և` ուշադրության արժանի նյութ հայթայթելու դեպքում` կպատրաստվի մեկ այլ տեղեկատվություն: Մյուսը, որին կցանկանայի տեսնել ու զրուցել` Լուսակունքի Հայրունի Սերոբն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ



















Մեկնաբանել