HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Միացվող ռու՞մբ, թե՞ ռումբի իմիտացիա

Քաղաքական օրակարգի ներկայիս ինտրիգային հարցն այն է, թե արդյոք կպահպանվի՞ իշխանական կոալիցիայի եռակողմ` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ֆորմատը, թե՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ի վերջո, դուրս կգա դրանից:

Խնդիրը հետաքրքրական է ոչ այնքան զուտ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների, որքան 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին բոլորովին այլ քաղաքական ներկապնակ ունենալու եւ իշխանության վերարտադրման հնարավորությունների տեսանկյունից:

Այս տարվա սկզբին Սերժ Սարգսյանը, նախագահական ընտրություններից փաստացի երկու տարի առաջ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններին ինքնուրույնությունից զրկեց` իր թեկնածությունը պաշտպանելու համաձայնությունը նախապես ստանալու միջոցով: Եթե 2008-ի ընտրություններում հեղինակազրկված ՕԵԿ-ի պարագայում դա ինչ-որ տեղ ջրի երեսին, տվայլ դեպքում իշխանական կերակրատաշտի կողքին մնալու հիանալի շանս  էր, ապա սեփական դիմագիծ որդեգրելու եւ զանգվածային կուսակցության վերածվելու ճանապարհին ԲՀԿ-ի համար դա հավասարազոր էր ձախողման:

Փետրվարի 17-ին Գագիկ Ծառուկյանը, իշխանության հետ առճակատման մեջ մտնելուց խուսափելու համար, ի վերջո ստորագրեց ցանկացած ինքնաբավ կուսակցության արժանապատվությունը զրոյացնող կոալիցիոն հուշագիրը, որով ոչ միայն համաձայնում էր նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այլեւ Հանրապետական կուսակցությանը ճանաչում էր որպես գալիք խորհրդարանական ընտրություններում բացարձակ մեծամասնություն ձեւավորող ուժ եւ համակերպվում կրտսեր եղբոր կարգավիճակի հետ:

Կոալիցիոն հուշագիրը կամ հայտարարությունը, ըստ այդմ, ոչ թե այդ հարաբերությունները կարգավորող գործուն փաստաթուղթ էր, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության վերարտադրման եւ այն «գործընկեր» կուսակցությունների հեղինակության հաշվին իրագործելու մտադրությունների արձանագրություն:

ԲՀԿ-ն հենց սկզբից հասկացնել տվեց, որ այդ փաստաթղթին լուրջ վերաբերվել չի կարող: Նա շարունակեց կուսակցության համալրման, ազդեցության շրջանակների ընդլայնման քաղաքականությունը, ինչը խոսում էր ոչ թե երկրորդի կարգավիճակի հետ համակերպվելու, այլ մրցակցության մեջ մտնելու իրական նպատակների մասին: Իսկ արմատական ընդդիմության հետ սկսած այսպես կոչված հեռակա «երկխոսությունը» առիթ դարձնելով` ԲՀԿ-ն ոչ միայն հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին գնալու է առանձին, այլեւ սկսեց խուսափել գործող նախագահին պաշտպանելու մասին հստակ արտահայտվելուց: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը կոալիցիոն հուշագրի լծից դուրս պրծնելու խնդիր է լուծելու եւ որ փետրվարին այն ստորագրել էր ընդամենը ժամանակ շահելու համար:

Այսօր, սակայն, քաղաքական դաշտում բոլորովին նոր իրավիճակ է: Մի կողմից մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրությունների մասին Քոչարյանի թափանցիկ ակնարկները, մյուս կողմից` Հայ ազգային կոնգրեսի ձախողումները ոչ միայն մեծացրին հետաքրքրությունը ԲՀԿ-ի նկատմամբ, այլեւ վերջինիս ավելի ազատ ու անկաշկանդ գործելու, մանեւրելու հնարավորություններ տվեցին, ինչով եւ պայմանավորված էին ՀՀԿ-ի հետ մրցակցելու տրամադրվածության մասին բացահայտ արված հայտարարությունները:

ԲՀԿ-ի կորուստը կարող է չափազանց ծանր հարված լինել ՀՀԿ-ի համար եւ խափանել վերջինիս բոլոր պլանները: Առաջին հերթին դա նշանակելու է հրաժարում ԱԺ-ում կրկին բացարձակ մեծամասնություն կազմելու մաքսիմալիստական նկրտումներից, որովհետեւ թե ԲՀԿ-ն եւ թե ՀԱԿ-ը չափազանց լուրջ մրցակցություն են ապահովելու նախընտրական շրջանում` ոչ միայն լուրջ վերահսկողություն իրականացնելով ընտրական պրոցեսի նկատմամբ, այլեւ տանելով ներկայիս իշխանության գործունեությունից դժգոհ չափազանց մեծ ընտրազանգվածի քվեները:

Իհարկե, չի կարելի բացառել, որ այս ամենը պարզապես 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողությամբ խաղարկված սցենարի կրկնությունն է, երբ ԲՀԿ-ն առերեւույթ ընդդիմադիր կերպար ընդունելով եւ ՀՀԿ-ի հետ միկրոհակամարտությունների մեջ մտնելով` կարողացավ խլել մյուս ուժերի պոտենցիալ քվեները: Որքանո՞վ է իրատեսական նույն խաղի կրկնությունը` կախված է երկու հիմնական, միմյանցով փոխպայմանավորված գործոններից:

Առաջին` որքանո՞վ է լուրջ Ռոբերտ Քոչարյանի` վերադառնալու եւ 2013 թ. նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու ցանկությունը, եւ արդյո՞ք նա ԲՀԿ-ին դիտարկում է որպես այդ պլանների կենսագործման ցատկահարթակ: Եթե այդպես է, ապա ԲՀԿ-ն ձգտելու է առնվազն այնպիսի որակ ունենալ խորհրդարանում, որ կարողանա ցանկացած պահի ազդել ամենակարեւոր քաղաքական որոշումների վրա եւ ոչ թե ինքը կախվածության մեջ լինի ՀՀԿ-ից, այլ ճիշտ հակառակը:

Այդ դեպքում Քոչարյանի համար շատ ավելի հեշտ կլինի ոչ միայն կրկին վերահսկողության տակ առնել իշխանությունը, այլեւ իր վերադարձն ապահովող տարատեսակ սցենարներից ընտրություն կատարել: Երկրորդ` որքանո՞վ է Սերժ Սարգսյանի համար սկզբունքային իր թեկնածությունը ԲՀԿ-ի կողմից պաշտպանելու հանգամանքը: Այն փաստը, որ նա նաեւ հիմա է փորձում ԲՀԿ-ի հետ ուլտիմատումների լեզվով խոսել, ցույց է տալիս, որ վերջինիս ռեսուրսն ունենալը չափազանց կարեւոր է նրա համար եւ չի կարելի բացառել, որ անգամ վարչական լծակների կիրառմամբ կրկին փորձ կարվի ծնկի բերել Ծառուկյանին: Սա ունի նաեւ մեկ այլ ենթատեքստ:

Նման ձգտումներով Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է ձախողել Քոչարյանի` վերադառնալու հնարավոր պլանները եւ իր ձեռքում պահել իշխանության վերահսկողության հիմնական քաղաքական լծակները: Այսինքն` որքան մեծ լինի երկյուղը Քոչարյանի վերադարձից, այնքան ուժեղ են լինելու ճնշումները ԲՀԿ-ի նկատմամբ: Դրանք, իհարկե, չեն կարող ամբողջությամբ երաշխավորել ԲՀԿ-ի «հնազանդությունը»: Բայց եթե իսկապես Սերժ Սարգսյանը չի համակերպվելու Քոչարյանի գործոնի վերակենդանացման հետ, ապա դրան դիմագրավելու համար նա կարող է գործի դնել իր տրամադրության տակ գտնվող մեկ այլ, ռեզերվային ռեսուրս:

Խոսքը վերաբերում է ՀԱԿ-ի հետ հնարավոր, թեկուզ ոչ ֆորմալ տանդեմին, որն այս պահին ուղղակի անիրատեսական է թվում: Այս երկու ուժերին կարող է միավորել նախ` Քոչարյանի գալուստը խափանելու նույնական  նպատակի առաջնայնությունը, երկրորդ` արտաքին քաղաքական հարցերում գրեթե նույնական աշխարհայացքներն ու քաղաքականության նմանությունները: Նման տանդեմի ձեւավորման գլխավոր նախապայմանը լինելու է այն, որ ՀԱԿ-ը հաստատապես համոզված լինի, որ ԲՀԿ-ն Քոչարյանին վերադարձնելու նպատակ է հետապնդում: Հակառակ բոլոր դեպքերում ՀԱԿ-ն ինքն է փորձելու գրավել ԲՀԿ-ին եւ, նրա հետ միասնական ճակատ ստեղծելով, գլուխ բերել խոստացած թավշյա իշխանափոխությունը:

Այս ամենով հանդերձ, չի կարելի բացառել նաեւ մեկ այլ հնարավոր զարգացում, որն իրատեսական է միայն ԲՀԿ-ի` քաղաքական իրական մեծամասնություն դառնալու, այսինքն` իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելու ամբիցիաների դեպքում: Խոսքը վերաբերում է նրա հնարավոր համագործակցությանը ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ տվյալ պահին մի քանի մարգինալացած ուժերի հետ: Այսպիսով, կարող է ձեւավորվել քաղաքական երրորդ բեւեռը, որն իրական այլընտրանք կարող է դառնալ թե արմատական ընդդիմության եւ թե իշխանության համար: Ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ ուժերը կհամակերպվեն ԲՀԿ-ի դոմինանտության հետ եւ վերջինիս կընդունեն որպես հիմնական դրոշակակրի:

Այնպես որ, այն գործընթացները, որոնք կարծես թե սկսվել են ԲՀԿ-ի շուրջ, կարող են ամենաանսպասելի լուծումների հանգեցնել: ԲՀԿ-ն, այսպիսով, նմանվում է ժամանակի վրա աշխատող միացված ռումբի: Ե՞րբ կաշխատի այն, կամ կաշխատի՞ առհասարակ, այսօր, թերեւս, կարող է իմանալ միայն Գագիկ Ծառուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter