HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չստացված բնակարան կամ Լեռ Կամսարի հետքերով (մաս II)

Արմեն Քեշիշյան
(ճանապարհային նոթեր) 

սկիզբը

Հասա Մեծ Մասրիկ, որը տեղացիները հատուկ հպարտությամբ Մազրա են կոչում, այսպի­սով ընդգծելով Փոքր Մասրիկից այս վայրի ու բնակչության տարբեր լինելը: Ադուրենք ապրում էին այսպես կոչված «Պլան» թաղամասում: Այն կառուցվել էր 1928թ.-ին: Այսպես էր կոչ­վում, որով­­հետև կառուցապատված էր ըստ սահմանված պլանի` մինչև անգամ շեն­­քե­րի չափերը, բարձ­րու­թյու­նը, դրանց միջև ընկած տարածությունները և այլն: Յուրաքանչյուր այսպիսի տուն ուներ տնամերձ 2000 քառ մ. հողակտոր, որը կարելի է տեսնել ներքևի աջ կողմի նկա­րում: Կամսարն էլ էր ապրում այսպիսի տներից մեկում: Ներքևի աջ կողմի նկարի վրա կարելի է տեսնել ծեփը` իբրև ներքին հարդարման էլեմենտ: 4.5մ երկարու­թյամբ, 2.8մ լայնու­թյամբ մի շինություն էր, իսկ առջևում կար նաև այն, ինչ տեղացիները կոչում են «բալկոն»: «Բալ­կո­նը» 1.5 մետր լայնությամբ ու գրեթե շինության երկարության մի տարածք էր, որը` հաջողու­թյան դեպ­քում, փակում էին ապա­կի­ով, ինչը հնարավորություն էր տալիս «տաքա­նալ» ձմեռները հենվելով ապակիներին: Ոչ բոլորը ունեին ապակիներ: Այս փլատակը Կամսարի ապրած տան անմիջա­կան հարևան է, իսկ ներքևի ձախ կողմի նկարի տան իսկ տեղում էր գտնվում Կամսարի ապրած տունը` փլատակի կրկնօրինակը:

Սրանք 2000քառ.մ. հողամասերի պատկերներն են, որոնք ընկած էին վերը նկարագրված տների միջև: Երևացող շենքը կառուցվել է հենց այն տեղում, ուր ապրում էր Լեռ Կամսարը և մեղուներ պահում: 

Մեծ Մասրիկում այժմ խոյացած ճիշտ այս շենքի տեղում (տես` նկարները ներքևում) էր կանգնած վերը նշված` սպի­տակ «քյար­փի­ջից» սար­քած շինությունը` Կամսարի բնակարանը: Այս­­տեղ էր բնակվում, այստեղ հո­ղա­գոր­ծու­թյամբ ու այգե­­գործությամբ զբաղվում, մեղու պա­հում` հետագայում այստեղ տեղա­փո­խե­լով նաև իր սե­փա­կան փեթակները: Նախկինում Միսա­կի տունն էր, ուր ապրել է Կամսա­րը: Աջ նկա­րի ներքևի անկյունում այն տեղն էր, ուր տեղա­դրված էին փեթակները: Փեթակներ կային նաև ծառերի ետնամասում: 

Ցնցող զգացողություն ես ապրում, երբ տեսնում ես, որ Երևանի Թումանյան 11 հասցեում բնակվող Կամսարի թթենին միայնակ չէ: Այս այգում կանգնած է մի խնձորենի, որը, ըստ ներկա­յիս տան տիրոջ` տալիս է այստեղ ամենահամով, ամենաքաղցր համարվող կարմիր խնձորը (կար­ծեմ, սա հայտնի «Արտամետի» տեսակն է): Ու տալիս է ամեն տարի: Չի եղել դեռ մեկ տարի անգամ, որ ծառը պտուղ չտա: Ներքևի նկարում ներկայիս տան տերն է և խնձորենին: Նա պնդում է, որ այս տեսակի խնձոր ոչ միայն Մեծ Մասրիկում, այլ ամ­բողջ Վարդենիսի շրջանում չկա: Խնամում է, վերաբերում ակնածանքով նույնիսկ: Իսկ ներքևի աջ կողմի նկա­րի վրա խնձորենու հետ միասին երևում է այգու մի մասը, ուր Կամսարը աճեցնում էր բանջարեղեն ու մրգեր:

Այս քարը հանել են ներկայիս տերերը` տնտեսական մի շինության կառուցման ժամանակ: Տերը ասեց, որ սա սալաքար է: Բայց նախշերը ցույց են տալիս, որ քարը պետք է որ լուրջ ու հե­տաքրքիր պատմություն ունենա: Հետաքրքիր կլիներ հնէաբանների կարծիքը:

Սպիտակ «քյարփիջից» կառուցված այս շինությունները հետաքրքիր են ոչ այն փաս­տով մի­այն, որ նրանց նմաններից մեկում բնակվել է Կամսարը, այլև բնակվելով այստեղ, Կամսարն ին­քն իր կյանքով ու ստեղծագործություններով արդեն հետազոտության կարոտ` հիմա էլ հնա­րա­վո­րու­­թյուն է տալիս հնէագետներին ուսումնասիրել դրանք ու շի­նա­­րա­­րա­կան տեխնոլոգիաների միջոցով բացահայտել հին աշխարհի հետ հայ շինարարների ունակությունների կապերը, պատ­մա­կան հիշո­ղու­թյունը և ժամանակի շինարարական ավանդույթները: Կամսարը շատ բանի համար է դուռ բացում, այդ դռներով անցնողներ են պետք:

Մի քանի նկար ևս ներառվել են այս գրառումներում, որոնց տեղակայվածությունը, շինա­րա­րական նյութերը, չափերը, կտուր չունենալը, տաքացնելու եղանկաները և այլ առանձնա­հատ­կությունները գուցե հետաքրքրություն առաջացնեն համապատասխան մասնագետների շրջա­նում: Ներքևի երկու նկարներում կարելի է տեսնել նման կառույցի ևս մի օրինակ, որը ավելի լավ է պահպանվել: Գտնվում է Ռազմիկ դայիի հայրական` 10 համարը կրող տան ետնամասում: Այս­պի­սի շինություն­ներ, ավելի լավ պահպանված ու ավելի մեծաքանակ, կան Նորակերտում, որը գտնվում է Փոքր Մասրիկն անցնելուց հետո: 

Սրանք կառուցվում էին առանց կտուրի: Փոխարենը` երկայնքով գցվում էին գերաններ ու ծածկվում էին հարդով: 

Շատ նման է Կամսարի և նրա գրքերի ճակատագիրը` բնակարան չունենալու տեսան­կյու­­նից. Օֆելիայի հուշերում կարդում ենք. «Երբ երևանյան հեղեղը վնասեց հորած ձեռագրերի մեծ մասը, Լեռ Կամսարն, այդ դեպքից վշտացած, մեկ շաբաթից ավել ոչ կերավ, ոչ խմեց: Սգավոր որդեկորույս մոր պես շրջում էր փողոցներում[1]:  

1935թ. Չեկայի խու­զար­կած և բռնագրաված ձեռագրերց հետո երգիծաբանը երբեք իր գրվածքները տանը չէր պա­հում: Բայց ինչպես պարզվեց դա նույնպես ապահով չէր: Օրինակ, որոշ մասը ոչնչացավ 46թ. Երևա­նի հեղեղի ժամանակ, երբ գրականությունը թաքցրել էին մառանում թաղված կանաչ կճու­ճի մեջ: Մազրայում ապրած ժամանակ, երբ պահում էր փեթակի կափարիչի տակ՝ գյուղի տղա­նե­րը գողացան՝ իհարկե հետո իրենց ծնողները սարսափահար վերադարձրեցին այդ հակա­պե­տա­կան հորինվածքները»: 

Գիտեք ինչ. Կամսարին բնակարանից զրկեցին Վանում` թուրքերը, Երևանում` հայ բոլ­շևիկ­ները, վերջիններիս իսկ թեթև ձեռքով ռուսները նրա բնակարանը տեսան միայն տայգայի գաղու­թում: Ղալնիում, Տորֆում ու Մեծ Մասրիկում նրան ժամանակավոր կացարան տվեցին գավառա­կան բոլշևիկները, դարձյալ Երևա­նում` կոմունիստ դարձած հայ բոլշևիկները այնպես էլ «չհաս­ցրե­ցին» բնակարան հատ­կաց­­­նել, երբ նա վերադարձավ աքսորից: Լուկաշինի տված բնակարանն ու հողա­կտո­րը հե­տևո­ղա­­կանորեն բզկտվելով` մնաց 54ք/մ տարածքի մեջ: Դա էլ հետագայում իր տեղը զիջեց ավտո­տնակ­նե­րին, թողնելով մի թթենու կեսը միայն:

Լավ, հասկացանք, երբ կենդանի էր, վախե­նում էին, վախենում այնքան, որ մարդավարի սպանել էլ չկարողացան, այլ զրկելով բնակա­րա­նից, եկամուտից` սպասում էին նրա «սեփական մահով» հեռանալուն: Վախենում էին, որ ի ցույց կհանի իշխանության թույլ կողմերը ու, Աստված մի արասցե` ցույց տա ճշմարտու­թյու­նը: Հիմա ինչի՞ց են վախե­նում:

Վախենում են արձանի կամ հուշակոթողի տեսքո՞վ բնակարան տալ: Եթե այո, ապա նույն­­իսկ այս վախի մեջ կարելի է մի լավ բան տեսնել. գուցե կարդացե՞լ են Կամսարի գործերը ու տեսել, որ ինչպես բոլոր հանճարեղ դասականների մոտ` նրա գրվածքներում ոչ մի պատահա­կա­նու­թյուն չկա, նրա գաղափարները մարդու էությունն են բնութագրում, այլ ոչ թե անցողիկ կար­գեր կամ երևույթներ, հետևապես` հավերժ են, ճշմարիտ, մտածել ստիպող և մանրուքներից զերծ:

Իսկ ինչո՞ւ չեն կարող Ղալնիի ու Տորֆի, Մեծ Մասրիկի ու Վարդենիսի համայնքները` Գե­ղար­քունի­քի մարզպետարանի հետ միասին նախաձեռնել հուշակոթողի տեղադրումը և հանդի­սա­վոր արարողության անցկացումը Տորֆում, իսկ հուշատախտակի բացումը` Մեծ Մասրիկում: Կամ­սա­րը շարունակում է մարդկանց համար ապրել. փաստը միայն, որ նա ապրել է այս վայրե­րում, մի քանի շահեկան դուռ է բացում ներկայիս իշխանությունների համար:

Առաջին հերթին, հնարավորություն է բնակչության հետ միասին պատվաբեր համատեղ գործ անելու` միավորելով նյութական, աշխատանքային ու մարդկային ռեսուրսները, եթե, օրի­նակ, բնակ­չությունն էլ մաս­նակ­ցի կոթողի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին` իր կա­րո­ղու­թյան չափով:

Երկ­րորդ, նման միջոցառումը ցույց կտա, որ նույնիսկ ներկա դժվարին պայմաններում հայ ժողովրդի համար կան գերակա հոգևոր արժեքներ, իր ազգի լավագույն ներկայացուցիչներին մե­ծա­րե­լու ցանկություն, ոչ միայն լռելյայն իմանալու ու պաշտելու, այլ նաև իր պաշտամունքը դրսևո­րե­լու և բարձաձայնելու կարողություն: Եվ որ նման միջոցառումները պետք է դիտել իբրև հասարակությունը փոքրիշա­տե համախմբելու միջոց:

Երրորդ, մարզային ու համայնքային իշխանությունները ժողովրդի աչքին կերևան հասա­րա­կու­թյան ազ­գա­յին մշակույթն ու գրականությունը, համաշխարհային մակարդակի հայազ­գի հանճարին և ազ­գա­­յին արժեքը հար­գող ու վառ պահող բաղադրիչ: Միայն թե պետք է սա անել կամսա­րա­վարի` ազնիվ, առանց հովտ անգամ կասկածի տեղիք տալու` կազմակերպման, գու­մար­նե­րի ծախսման տեսանկյունից: Այլապես իմաստ չունի, որովհետև կարևոր է վերջապես լուրջ մի նախադեպ ստեղծել, որը ցույց կտա, թե այսպես` ազնիվ, անկաշառ էլ է հնարավոր:

Չորրորդ, Վարդենիսի տարածաշրջանը Երևանին օրինակ ցույց կտա, թե ինչպես կարելի է ու պետք է պահպանել համահայկական արժեքները, իսկ առաջարկվող եղանակով կանգնեցրած հուշարձանը հստակ ցույց կտա այն նախապատվությունները, որոնցով պետք է ուղղորդվել այս կամ այն հայազգիի հիշատակը հավերժացնելիս: Ավելին, Վարդենիսի ժողովուրդը անկեղծ կմե­ծա­րի մեծ գրողին ու հստակ կցուցադրի իր բարոյական գերակայու­թյուն­ը:

Եվ վերջինը. ո´չ հուշակոթողը, ո´չ դրա բացման հանդիսությունը, ո´չ Երևանում արձանը, ո´չ էլ նրա ստեղծագործությունների լրիվ հրատարակությունը Կամսարին պետք չեն: Այս ամենը պետք է մեզ, մեր ծնողներին ու մեր երեխաներին: Տեսեք, թե ինչ է ասում Կամսարը այս մասին դեռ 1962թ.-ին. 

«Պարտեզիս մեջ տնկված, ի՛մ մենավոր թթենի, մի ժամանակ կարեկցում էի քեզ, որ այդպես մենավոր ես, այդպես անշարժ։ Այժմ նախանձում եմ քեզ, որովհետև ինձանից ավելի հասարա­կու­թյան մեջ ես, ինձանից ավելի շարժման մեջ, և որ գլխավորն է՝ ազատ քո անելիքներում և ոչ մեկը չի բռնաբարում քեզ։

Քո ճյուղերը շարժում ես ոչ միակողմանի, ոչ միայն դեպի հյուսիս, այլ դեպի աշխարհի չորս կողմերը հավասարապես։

Եթե դավանեիր մի քարացած սկզբունք և նրան հասնելու համար քամին մղեր քեզ միշտ մի ուղղությամբ, դու վաղու՜ց տապալված կլինեիր։

Դու չես խոսում որովհետև լեզու չունես, ինչքա՜ն ծանր է մեզ համար, որ լեզու ունենք, բայց չենք կարող խոսել։ Դու հասնում ես քո նպատակին դնելով նրա մեջ քո սաղմը հավերժանալու համար։ Մենք անպտուղ բարդիներ ենք, մեզ կտրում են չար մարդիկ, նրանից տան պարկետներ պատրաստում և վրան սոցիալիզմ պարում

Ծա՛ռ, ծա՛ռ, թթի ծառ, ինձ վերցրու ծառերի շարքը ու ես էլ քո ունեցած ազատությունները վայելեմ։ Ուզում եմ պտուղ տալ՝ չեմ կարող, ուզում եմ փախչել այս երկրից՝ չեն թողնում։

Եթե իմ մտքերը քամեմ թողնեմ մարդկությանը, մարմինս կասեմ թաղեն քո տակը, որ սնվես նրանով և ինձ թութ դարձնելով մարդկանց բերանը քաղցրացնես։

Որովհետև ես երանի եմ տալիս նրան միայն, որ ինչ ունի մարդկությանն է թողնում, ու իր հետ ոչինչ չի տանում գերեզման»: 

Նկարում՝ Լեռ Կամսարի ընկեր Թթենին Թումանյան 11 շենքի բակում։ Նկարը` Վանուհի Թովմասյան 

Մի´ մերժեք «հասարակության մեջ լինելու» Լեռ Կամսարի իրավունքը` գոնե հուշակոթողի ձևով: Քազցրացրե´ք ձեր բերանները Կամսարի խոսքերով և ազնվացրե´ք ձեր մտքերը Կամսարի մտքե­րով: Այլապես` ամո՜թ է... 

(Շնորհակալություն եմ հայտնում Վանուհի Թովմասյանին` արժեքավոր դիտողությունների և փաստագրական ճշգրտումների համար, որոնք նյութը դարձրեցին առավել ստույգ):



[1] Ձեռագրերի կորստի մասին պատրաստման փուլում է մի առանձին աշխատություն, որը, հուսով եմ, շուտով կներկայացվի ընթերցողի ուշադրությանը:

Մեկնաբանություններ (1)

Աշոտ Հովսեփյան
Կեցցե˜ս, Արմեն: Միայն Մեծն Կամսարի գրականության գիտակ ու նվիրյալ, նրա բառուբանի ոգին խորապես ընկալած անհատը կարող էր նմանօրինակ սխրանքի գնալ. պեղել եւ ի ցույց դնել այն դժոխքը՝ յուր գաղջ մթնոլորտով, որով անցել է Հանճարը: Հիրավի´, որեւէ հուշակոթող, որեւէ արձան, այլեւայլ «մեծարումներ»՝ Կամսարին ամենեւին էլ պետք չեն: Երիցս ճշմարիտ է պնդումը, թե այս ամենը պետք է մեզ՝ ողջերիս, ու հատկապես՝ մեր երեխաներին, գալիք սերնդին՝ ընդհանրապես, որպեսզի թոթափենք մեզնից տխրահռչակ ալենդալեսյան ծրագրի գործած ավերածության բեռն ու սրբենք-սրբագրենք անկումի (դեգրադացիա իմաստով) հետքերը: Հենց հեղինակի այս գործն այդ թոթափումի ու սրբագրումի մի առհավատչյան է: Իսկ ամենակարևորը՝ ոչ միայն ավելին իմանալու, այլև այլոց դա մատուցելու, առավել ևս՝ հույժ ջերմագին սիրով դա հրամցնելու կերպն է, ինչն հիրավի հաջողվել է հեղինակին: Որպեսզի իրոք գա պահը, երբ կկարողանանք ազգովին համատարած (եւ ո´չ թե հատվածաբար) քաղցրացնել մեր բերանները Կամսարի մեղրահամ խոսքերով և ազնվացնել մեր մտքերը Կամսարի խորունկ մտքերով: Այլապես` կործանումն հեռու չէ: Իսկ վերջում անկեղծ մաղթանքս. «Բարի ավարտում, բարեկամս, ընթերցողի ուշադրությանը ներկայացվելիք Կամսարի ձեռագրերի կորստի մասին աշխատությանդ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter