HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիում մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը

Շուշիում մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը: Այն անցնում է «Խաղաղություն Արցախին» խորագրի ներքո և նվիրված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատման 20-ամյակին:

Արդեն ավանդական դարձած Շուշիի սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ է արվեստագետների համար: Քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումին մասնակցում են մեկ տասնյակից ավելի քանդակագործներ ու արվեստաբաններ Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Հայաստանից ու Արցախից:

Սիմպոզիումի բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում: Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Փխրուն խաղաղության 20  տարիներն արցախցիներն ապրել են`  պատերազմի հետևանքով ավերված քաղաքներն ու գյուղերը վերաշինելով,  նորից հոգի ու շունչ ներարկելով նրանց: Եվ բոլոր նրանք, ովքեր գալիս են Արցախ արարելու, նպաստում են Արցախում և տարածաշրջանում խաղաղության կայունացմանը:>>-ողջունելով սիմպոզիումի մասնակիցներին, նշել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

«Քանդակագործության սիմպոզիումն առիթ է` գեղեցիկ արվեստի շուրջ համախմբելու մեր հին ու նոր բարեկամներին,  ստեղծելու արվեստի գործեր, որոնք պիտի Շուշիի մշակութային նոր կերպարի մաս կազմեն և հիշեցնեն գեղեցիկի ու հոգևորի հավերժության մասին»,-ասել է նախարարը:

ԼՂՀ նախագահի խորհրդական, «Ապագա սերունդների հիմնադրամի» նախագահ Գրիգորի Գաբրիելյանցը, ով սիմպոզիումի կազմակերպման աջակիցներից է, միջոցառման մասնակիցներին է ներկայացրել «Քանդակների պուրակի» նախագիծը: Նա հայտնել է, որ Կերպարվեստի պետական թանգարանի հարակից տարածքում կկառուցվի պուրակ, որտեղ և կտեղադրվեն սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակները:

Արդեն երկրորդ անգամ Շուշիի քանդակագործության միջազգային սիմպոզիումի պատվավոր հյուրն է Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի Գեղարվեստի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին: Սիմպոզիումի օրերին նա հանդես կգա դասախոսություններով արցախցի ուսանողների համար:

Անվանի շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը կրող  Քանդակագործության միջազգային սիմպոզիումը առաջին անգամ Շուշիում կազմակերպվել է 2011 թվականին: Նախաձեռնության հեղինակն է Ֆլորենցիայում բնակվող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը:

Սիմպոզիումի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

«Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումի աջակիցներն են ԼՂՀ Ազգային ժողովը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, Շուշիի շրջվարչակազմը, ՀՀ կենտրոնական բանկը, «Բեյզ Մեթըլս», «ԷՅ-Ի-Ջի», «Լևոն Թրևլ», «Գոլդ Սթար», «Գաբրո», «Վի-Էյչ Սթոուն»,  «ՍԲՍ» «Վահե Կարապետյան ճանշահագործում» ընկերությունները:

Սիմպոզիումը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը: Այս մասին հայտնում է ԼՂՀ մշակույթի նախարարությունը: 

Մեկնաբանություններ (2)

jon barlow hudson
would love to participate......all success!!
Thierry Lauwers
Great accomplishment !!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։