Գերմանական «մեքենան» լավագույնն է աշխարհում. Գերմանիա-Արգենտինա՝ 1-0
Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը պատմություն դարձավ: Առաջին անգամ հարավամերիկյան առաջնությունը հաջողություն բերեց եվրոպական թիմին: Գերմանիան 1-0 հաշվով հաղթեց Արգենտինային եւ 4-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Խաղի սկզբնամասում առավելություն ունեին Լյովի սաները, սակայն խաղակեսի միջնամասում արգենտինացիները իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը: Չնայած գնդակին տիրում էին հիմնականում գերմանացիները, հենց արգենտինացիները մի քանի հրաշալի պահ կորցրին: Իգուաինը, մեն-մենակ մնալով Նոյերի դեմ, շեղ հարվածեց, հետո գոլ խփեց, բայց խաղից դուրս վիճակում էր: Փոխարինման մտած Պալասիոն էլ անփույթ գտնվեց Նոյերի հետ պայքարում: Խաղավերջում ուժերը գրեթե սպառվել էին, թվում էր, թե արգենտինացիները կշարունակեն ավելի բուռն գրոհել ավելացված 30 րոպեներին, քանի որ հույսը 11-մետրանոցներին թողնելը կարող էր չար կատակ խաղալ: Սակայն բանը դրան չհասավ, քանի որ գերմանացիները կարծես երկրորդ շնչառություն բացեցին ու ավելացրին գրոհների թափը: Արգենտինացիները շարունակում էին գրագետ պաշտպանվել: Սակայն 113-րդ րոպեին պաշտպանները աչքաթող արեցին փոխարինման մտած Մարիո Գյոտցեին, որն էլ, ընդունելով գնդակը կրծքով, խփեց խաղի հաղթական գոլը՝ 1-0:
Գերմանիան կրկնեց 1990-ի արդյունքը, երբ նույն հաշվով հաղթել էր այս նույն մրցակցին: Գերմանացիները դարձան աշխարհի քառակի չեմպիոն, ինչին, խոստովանենք, արժանի էին, քանի որ այս առաջնությունում իսկապես ամենակարգապահ թիմն էին, իսկ մյուս կողմից՝ չմոռանանք, որ 2002-ից ի վեր բունդեսթիմը միշտ եղել է մրցանակակիրների թվում: 2002-ին նրանք զիջեցին միայն բրազիլացիներին ու բավարարվեցին արծաթով, 2006-ին ու 2010-ին էլ երրորդն էին: Եզրափակիչ խաղի լավագույնը գոլի հեղինակ Գյոտցեն էր, իսկ մրցաշարի լավագույնը ճանաչվեց Լիոնել Մեսին: Լավագույն դարպասապահը աշխարհի նորընծա չեմպիոն Մանուել Նոյերն է: Լավագույն երիտասարդ խաղացողը ֆրանսիացի Պոլ Պոգբան է: Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկուն 6 գոլ խփած կոլումբիացի Խամես Ռոդրիգեսն է:
Աշխարհի 2018 թ. առաջնությունը կկայանա Ռուսաստանում:
Լուս.-ը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել