HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահագնացող ստվերային զբաղվածություն

Արմինե Ղուկասյան

Սեւանի առեւտրի սրահներից մեկում է աշխատում Աննան (անունը փոխված է): Աշխատանքային օրը 10 ժամ է` առանց հանգստյան օրվա. անգամ ընդմիջման համար հստակ ժամ նախատեսված չէ:

Երիտասարդ վաճառողուհին մեկն է այն աշխատողներից, որոնք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով զբաղված չեն համարվում: Չնայած ստվերային զբաղվածների շարքում են ե'ւ տղամարդիկ, ե'ւ կանայք, սակայն, առավել մեծ թիվ են կազմում կանայք, որոնք նույնիսկ քիչ աշխատավարձով համաձայնում են աշխատել 8 ժամից ավելի:

Մեր կողքին աշխատողներից շատերին չենք հանդիպի պաշտոնական գրանցվածների մեջ, ուրեմն եւ չենք կարող իրական թվեր հրապարակել աշխատողների եւ գործազուրկների վերաբերյալ: Սակայն պաշտոնական թվեր հրապարակվում են պարբերաբար: Այսպես` Սեւանի   զբաղվածության տարածքային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն` 2013 թ. կենտրոն է դիմել 1786 մարդ գործազուրկի կարգավիճակ ստանալու համար: Կենտրոնը 2014թ. առաջին կիսամյակում, որպես գործազուրկ, գրանցել է 1990 մարդ, որից 1281-ը եղել են կանայք: 

Սեւանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Սամվել Ենոքյանը նկատում է. «Մարդիկ դիմում են զբաղվածության ծառայություն, ստանում գործազուրկի կարգավիճակ ավելի շուտ ընտանեկան նպաստից օգտվելու համար: Ոմանք նույնիսկ առաջարկվող աշխատանքով չեն հետաքրքրվում, որովհետեւ «Փարոսից» զրկվելու վտանգ կա: Փաստորեն, ստեղծել է փակ շրջան, որի ծայրը չի երեւում»:

Չգրանցված աշխատողների շարքերը հիմնականում լրացնում են նրանք, ովքեր չունեն կրթություն, աշխատանքային հմտություններ, աշխատում են ավելի շատ, վաստակում` քիչ: Սակայն, մյուս կողմից` մասնագիտական բարձր որակներ ունեցողներն էլ հայտնվում են «խաղից դուրս վիճակում» եւ նրանց համար ձեռնտու է մնալ ստվերում, իրենց հմտությունների շնորհիվ վաստակել բավականաչափ գումար եւ չլինել հարկման դաշտում:

Ստվերային աշխատանքը հարմար է շատ կանանց. նրանք իրենց բնակարաններում զանազան աշխատանք են իրականացնում, ծառայություններ են մատուցում եւ քիչ չեն վաստակում: Անգամ` առավել մատչելի գների շնորհիվ ձեռք են բերում նոր այցելուներ: Սակայն սա կարճաժամկետ եկամտի ստացման միջոց է, իսկ իրականում շատերը զրկվում են իրենց հասանելիք գումարներից` նպաստից մինչեւ կենսաթոշակ:

«Աշխատանքային տարիներին աշխատողն օգտվում է հիվանդության, ծննդաբերության համար սահմանված անաշխատունակության, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար նախատեսվող նպաստներից: Սակայն ստվերային զբաղվածները զրկվում են նպաստներ ստանալու իրավունքից»,- ասում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Սեւանի տարածքային բաժնի պետ Վարդան Սարգսյանը եւ հավելում,- միաժամանակ կենսաթոշակի անցնելիս, օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցվածները, այդ տարիների համար կենսաթոշակի նկատմամբ հավելում ստանալու իրավունքից զրկվում են: Կենսաթոշակ ստանում են 2 գործոնի հիման վրա` բազային  եւ աշխատանքային (աշխատած յուրաքանչյուր տարվա ստաժի դիմաց):

Հոգնեցուցիչ եւ անհեռանկար աշխատանք ունեցողները, որոնք իրականում չունեն ոչ մի արտոնություն եւ իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն, ցանկացած պահի, գործատուի ցանկությամբ, կարող են հայտնվել դրսում:

Աշխատանքային օրենսգրքի 102 հոդվածն ամրագրում է. «Անօրինական է համարվում այն աշխատանքը, որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, չնայած առկա են աշխատանքային պայմանագրի հատկանիշները, այն է` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել որոշված աշխատանքը, վճարել նրա աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը եւ ապահովել կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմանները:

Անշուշտ, խնդիրը մեր իրականության մեջ նոր չէ, ստվերային աշխատողների թիվն էլ քիչ չէ, որոնք սոցիալ-տնտեսական պայմաններից եւ առկա իրավիճակից ելնելով, ստիպված են կատարել այս կամ այն աշխատանքը, որը ապահովում է կարճաժամկետ եկամուտ (թեկուզ քիչ)` անապահով ծերության հեռանկարով:

Իհարկե, շատերն են մտովի կամ բարձրաձայն խոստովանել, որ կցանկանային սեփական գործն ունենալ` առանց գործատուների եւ չհիմնավորված պարտավորությունների: Սակայն շատ հաճախ ցանկությունը մտորումներից այն կողմ չի անցնում, որովհետեւ գործ սկսելու  ռիսկայնությունը  փոքր չէ: Սակայն սառույցը շարժելու եւ ստվերը ցրելու նոր  իրավիճակ է  ստեղծվել: Գործարարության խթանման, ստվերից դուրս գալու պայմանների ստեղծման, բարենպաստ միջավայրի ապահովման համար Հայաստանում ներդրվելու է «ընտանեկան բիզնես» կարգավիճակը: Տարեկան մինչեւ 12 մլն դրամ շրջանառություն ունեցողները, որոնք կգրանցվեն այս կարգավիճակով, կազատվեն հարկերից, միաժամանակ նրանց կտրամադրվեն արտոնություններ:

Դեռ վաղ է խոսել այս ձեռնարկի արդյունավետության մասին, սակայն ահագնացող ստվերային զբաղվածության ստվերը ցրելու այս լուրջ նախադրյալը պետք է օր առաջ կյանքի կոչել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter