HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ոստիկանությունը հարկադիր բռնագանձման խնդրանքով 68 հազար անգամ դիմել է ԴԱՀԿ- ին

2013 թվականին Ազգային ժողովը մի շարք օրենքներում կատարեց փոփոխություններ, որոնց արդյունքում որոշ վարչական մարմինների նշանակած տուգանքները քաղաքացիների կողմից չվճարելու դեպքում քաղաքացիների նկատմամբ սկսում են կիրառվել հարկադիր կատարողական գործողություններ` առանց դատարանի որոշման:

Այդ փոփոխության արդյունքում 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին Ճանապարհային ոստիկանությունը հարկադիր բռնագանձման խնդրանքով ավելի քան 68 հազար անգամ դիմել է ԴԱՀԿ ծառայություն, ինչն առաջացրել է լուրջ հասարակական դժգոհություն հանրության տարբեր շերտերի մոտ:

Անդրադառնանք այդ դժգոհության օբյեկտիվ պատճառներին: 

Կալանքի համաչափության խնդիրը 

Հայտնի է, որ հարկադիր ծառայությունը, ստանալով ՃՈ-ից նման գրություն, անմիջապես կալանք է դնում տվյալ քաղաքացու հաշիվների վրա: Ու թեև բանկեր ուղարկվող որոշման մեջ գրված է կալանքի տակ դրվող գումարի չափը, բանկերը, միևնույնն է, տեխնիկական բարդ գործընթացներ չիրականացնելու համար կալանքի տակ են առնում քաղաքացու հաշիվն ամբողջությամբ:  Դա անգամ այն դեպքում, եթե հաշվին կա մի քանի միլիոն դրամ, իսկ կալանքը մի քանի հազար դրամի է:

Եթե հաշվի առնենք, որ այդ պահին մարդ կարող է լինել արտասահմանում, հիվանդանոցում կամ մեկ այլ վայրում, ուր իրեն գումար է պետք և որտեղ չի կարող այցելել բանկ ու հարկադիր ծառայություն, ապա ստացվում է, որ մարդը կարող է մի քանի հազար դրամ պարտքի դիմաց որոշ ժամանակով զրկվել իր բոլոր ֆինանսական միջոցներից:

Բանկերի կողմից նման գործողությունները հակաօրինական են, սակայն, ցավոք, համատարած: 

Կալանքը կա, բայց չգիտես, թե ինչի համար 

Հաճախ վարորդները չեն ստանում իրենց նկատմամբ կազմված տուգանքի մասին որոշումները: Պատճառները կարող են տարբեր լինել` հասցեի փոփոխություն, փոստի ծառայության վատ աշխատանք, գործուղում արտերկիր և այլն:

Սակայն Ճանապարհային ոստիկանությունը ծանուցման հետ գալուց հետո այն  ուղարկում է ԴԱՀԿ ծառայություն: Թեև այս դեպքում տուգանքը չի եռապատկվում ու հնգապատկվում, դրան ավելանում է ԴԱՀԿ ծառայության 5 հազար դրամը և, իհարկե, հաշիվների կալանքը:

Ցավոք, ոչ միշտ է նորմալ աշխատում ՀՀ ոստիկանության Police.am կայքի «Առցանց հարցում» բաժինը, որով յուրաքանչյուրը կարող է իմանալ, թե իր անունով ինչ տուգանք կա, ինչի արդյունքում անգամ ամենաբարեխիղճ, տուգանքների վճարները չուշացնող և ինքն իրեն Police.am-ով հետևող վարորդը կարող է բացարձակապես ոչ իր մեղավորությամբ ստանալ կալանք բանկային հաշիվների վրա և ԴԱՀԿ-ին հինգ հազար դրամ վճարելու պարտականություն:

Ընդ որում, հայտնի են դեպքեր, երբ վարորդն օրեր շարունակ ապարդյուն փորձում է պարզել, թե ինչ խախտում է արել: Իհարկե, այդ ամբողջ ընթացքում իր հաշիվը կալանքի տակ է գտնվում:

Այս խնդիրը տեսնում է նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ով խոստացել է քայլեր ձեռնարկել օրենքի բացը լրացնելու համար: 

Խնդիրներ սահմանադրականության հետ 

Ցանկացած նորմալ երկրում անձից կարող են բռնագանձել գեթ մեկ լումա բացառապես դատարանի որոշման հիման վրա: Հայաստանում 2014 թվականի հունվարի 1-ից ի վեր Հարկադիր ծառայությունը կարող է բռնագանձում և հարկադրական այլ գործողություն կատարել վարչական մարմնի որոշման հիման վրա:

Սա առաջացնում է միանգամից երկու խնդիր: Առաջին խնդիրը, անշուշտ, արդարադատության խնդիր է. վարչական մարմինը չի կարող ունենալ արդարադատություն իրականացնելու լիազորություններ, նման գործառույթը պետք է վստահվի միայն դատարաններին:

Երկրորդ խնդիրը ընթացակարգային է: Վարչական մարմինը կարող է քաղաքացուն ծանուցումը չուղարկել, կարող է չսպասել այդ ծանուցման տեղ հասնելուն, եթե քաղաքացին, ասենք, երկրում չէ: Իսկ ահա դատարանը պարտավոր է որևէ կերպ քաղաքացուն ծանուցել և սպասել, որ ծանուցումը տեղ հասնի: Դա քաղաքացուն տալիս է իր խախտման մասին տեղեկանալու կրկնակի հնարավորություն՝ առաջինը վարչական մարմնից, երկրորդը` դատարանից: Եվ իհարկե, առնվազն բարեխիղճ քաղաքացին, այս դեպքում գործը ԴԱՀԿ-ին ու իր հաշիվների կալանքին չի հասցնի:

Այս մոտեցումը հստակ հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին, որն ասում է, որ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։…Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքեր», քանի որ բանկում պահվող ֆինանսական հաշիվը նույնպես անձի սեփականությունն է, որը սկզբից կալանվում է, իսկ հետո ԴԱՀԿ-ն դրանից նաև բռնագանձում է անում: 

Դեպի հարկադիր կատարողական պետություն 

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաճախ հայտարարում են, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, քանի որ իշխանությունները դե-յուրե և դե-ֆակտո մեծ լիազորություններ են տվել ոստիկանությանը: Սակայն վերջին շրջանում կատարված այս «բարեփոխումները»  և դրանց կիրառությունը եկան ապացուցելու, որ Հայաստանը ոստիկանապետությունից մեկ քայլ առաջ է արել՝ դեպի հարկադիր կատարողական պետություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter