
Ռիչարդ Կիրակոսյան.«Մոտ ապագայում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների նոր իրավական փաստաթուղթ կլինի»
«Հետքի» հարցերին է պատասխանում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը
- Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության փաստաթուղթը պատրաստ է, բայց ԵՏՄ անդամ երեք պետությունների ղեկավարները դեռևս չեն հաստատում այն: Ինչո՞վ է պայմանավորված ձգձգումը:
- Նախ և առաջ ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանը երբեմն կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Ինչպես տեսնում ենք, վերջերս կան Հայաստանի ԵՏՄ անդամակցության ժամկետների շարունակական ուշացումներ, և նոր ավելի բարդ զարգացումներ են առաջ գալիս: Այդ ձգձգումների, ինչպես նաև անդամակցության դժվարությունների հարցում կա երկու պատճառ: Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է միանալ ԵՏՄ-ին, ամեն դեպքում միացումը ձգձգվում է երկու պատճառով: Առաջինն այն է, որ Ղազախստանը և Բելառուսը ներկայումս դեմ են ՀՀ անդամակցությանը: Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը ներկայումս ավելի քիչ պատրաստամակություն է հայտնում՝ ներդնելու այն ամենն, ինչ անհրաժեշտ է Հայաստանի անդամակցության համար: Ուստի, բարեբախտաբար, Հայաստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, որովհետև այն վատ է ՀՀ համար: Առանց Ուկրաինայի ԵՏՄ-ն դառնում է ավելի փոքր կարևորություն ունեցող պրոեկտ նաև Ռուսաստանի համար: Ձգձգումը պայմանավորված չէ ՀՀ իշխանություններով, ամենևին, ՀՀ կառավարությունը շատ արագ ու ամբողջապես պատրաստվել է անդամակցությանը: Ուշացման պատճառները վերոնշյալ երկուսն են: Սա քաղաքացիների կողմից ընդունված որոշում չէ, այս որոշումը կայացրել է մեկ անձ` Սերժ Սարգսյանը, և եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ն, կփրկվի: Ուշադրություն դարձրեք ռուսական պաշտոնյաների որոշ վիրավորական արտահայտություններին, դրանք ահազանգում են միայն այն մասին, որ եթե Հայաստանն ուզում է պահպանել ինքնավարությունը և անկախությունը, ապա չպետք է անադամակցի:
- Ասացիք, որ Ռուսաստանը ներկայումս ավելի քիչ պատրաստակամություն է հայտնում՝ ներդնելու այն ամենն, ինչ անհրաժեշտ է ՀՀ անդամակցությանը: Նախկինում Ռուսսատանից հնչում էին հիացմունքի կարծիքներ, որ Հայաստանը շատ արագ կատարում է բոլոր քայլերը: Հիմա ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի կողմից հետաքրության նվազումը Հայաստանի անդամակցության նկատմամբ:
- Ռուսական քաղաքական փոփոխությունը պայմանավորված է Ուկրաինային կորցնելու փաստով: Մինչև Ուկրաինային կորցնելը ՌԴ համար գոյություն ուներ այլ համատեքստ: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության անդամ պետություններից որևէ մեկի հետ: Ռուսաստանը ներկայումս վերադառնում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների քաղաքականությանը: Բացի այդ, ՌԴ-ն թերագնահատել է Ղազաստանի ու Բելառուսի կողմից եկող հակադրությունը ՀՀ անդամակցության վերաբերյալ:
- Ըստ Ձեզ` ԵՏՄ-ն ընդհանրապես որպես կառույց չի՞ կայանա, թե՞ պարզապես Հայաստանը չի անդամակցի միությանն ու ԵՏՄ-ն կմնա ներկայիս կազմով:
- Կա զարգացումերի երկու հնարավոր տարբերակ: Առաջինն այն է, որ Հայաստանը երբևէ չի դառնա ԵՏՄ անդամ, իսկ երկրորդն այն է, որ Հայաստանը հաջորդ տարվա սկզբին հնարավոր է անդամակցի այդ միությանը, բայց կառույցն ինքնին չի կրի լուրջ բնույթ: Չի բացառվում, որ ԵՏՄ-ն նման լինի ԱՊՀ-ին, որտեղ կանոններն ավելի թույլ կգործեն:
- Այդ դեպքում հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը կրկին փոխի իր կուրսը դեպի Եվրամիություն, Ասոցացման համաձայնագիր:
- Ոչ: Ասոցացման համաձայնագիրն ինքնին կորսված հնարավորություն է Հայաստանի համար: Սակայն ներկայումս հնարավորություն կա Հայաստանի համար փրկելու իր հարաբերությունները ԵՄ հետ: Իրականում հնարավոր է, որ մոտ ապագայում լինի ՀՀ-Եվրամիության միջև հարաբերությունների նոր իրավական փաստաթուղթ կամ գործողությունների նոր պլան: Սակայն այն հետաձգվում է երկու պատճառով: Առաջին պատճառը Բրյուսելում նոր հանձնաժողովի ձևավորման հետ է կապված: Իսկ երկրորդ հետաձգումը ՀՀ կողմից է, որը չի կարող ԵՄ հարաբերություններին անդրադառնալ մինչ այն պահը, երբ դեռ չի պարզել իր հարաբերությունները ԵՏՄ հետ: Լավ լուրն այս ամենի մեջ այն է, որ Հայաստանի ու ԵՄ-ի կողմից կա հարաբերությունների անհրաժեշտության գիտակցում:
- Եթե ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, Ձեր կարծիքով, հնարավոր չէ, ապա ՀՀ իշխանությունների համար, մասնավորապես Սերժ Սարգսյանի համար, ռիսկային չէ՞ հրաժարվել ԵՏՄ-ին անդամակցության գաղափարից: Դա չի՞ վտանգի Ս. Սարգսյանի իշխանությունը:
- Իրականում՝ ոչ: Ավելի մեծ ռիսկ էր Ս. Սարսգայանի և իր իշխանության համար սեպտեմբեր ամիսը, երբ նա կտրուկ շրջադարձ կատարեց արտաքին քաղաքականության մեջ: Բայց նույնիսկ այդ փոփոխությունն ավելի մեծացրեց նախագահ Ս. Սարգսյանի կարողությունը, ուժը ներքին քաղաքականության մեջ, որովհետև ՀՀ այսպես կոչված ընդդիմությունն էլ` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, աջակցում են Ս. Սարգսյանի այս քաղաքական նախաձեռնությանը: Ամեն դեպքում դա միայն անձնական խայտառակություն է նախագահ Սերժ Սարգսյանի համար:
- Ադրբեջանը շփման գծում կրկին ակտիվացել է: Շատերը սա կապում են Հայաստանի արտաքին քաղաքականության անորոշության հետ, որ ԵՏՄ-ին անդամակցելու մեր ցանկությունը առայժմ կախված է օդում: Արդյոք հակառակորդի ակտիցավումը կապ ունի՞ ԵՏՄ անդամակցության հետ:
- Ոչ, Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման ուժեղացումը, սահմանին դեպքերի ավելացումը կապ չունեն ԵՏՄ անդամակցության հետ: Ադրբեջանը ակտիվացել է ռուսական զինամթերքը գնելու արդյունքում, ինչը հանգեցրել է ադրբեջանական կողմի ինքնավստահության մեծացմանը: Ուղղակի կապ Ադրբեջանի ակտիվացման ու ԵՏՄ-ին՝ ՀՀ անդամակցության միջև չկա, բայց գոյություն ունի անուղղակի կապ, որը կապված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների, նրանց միջև զենքի վաճառքի հետ:
- Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուոլրիքը վերջերս հայտարարություններ հնչեցրին Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին` ասելով, որ ԼՂՀ յոթ շրջանները մինչև չվերադարձվեն Ադրբեջանին, հակամարտությունը չի լուծվի, որ ստատուս քվոն վտանգավոր է դարձել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:
- Դա ամերիկյան նոր քաղաքականություն չէ, այն միշտ եղել է Մինսկի խմբի կողմից իրականացվող խաղաղարար գործողությունների հիմքում: Սա ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացում հիմնական խնդիրը ոչ թե Ադրբեջանն է, այլ Հայաստանը: Իսկ հիմնարար խնդիրն այն է, որ ԼՂՀ-ն ընդգրկված չէ բանակցությունների հիմքում: Ուոլրիքի հայտարարությունն ավելի շատ կապված է ԱՄՆ դիրքորոշման վերահաստատման հետ ու կապ ունի Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Հեֆերնի կողմից արված հայտարարությունն էլ բացատրում է ԱՄՆ քաղաքականությունը: Սա նաև իրենից ներկայացնում է ԱՄՆ կողմից ռուսական ուժի փորձարկում Մինսկի խմբի շրջանակներում: Սա մի փորձ է՝ պարզելու, թե արդյոք ռուս-ամերիկյան հարաբերությունները և դրանց լարվածությունը իրենց ազդեցությունը կունենան ԼՂՀ հակամարտության հարցում: Մինչև Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները՝ մենք տեսանք, որ այս տարածաշրջանը գտնվում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների ազդեցության համատեքստում: Մինսկի խմբի շրջանակներում ՀՀ-ի համար սպառնալիքը ամերիկյան կամ ֆրանսիական դիրքորոշումը չէ: Իրականում սպառնալիքը Ռուսաստանի դիրքորոշումն է Մինսկի խմբի շրջանակներում, հատկապես այն պարագայում, երբ Ռուսաստանը զենք ու զինամթերք է վաճառում Ադրբեջանին, որը հետո օգտագործվում է ԼՂՀ դեմ:
Մեկնաբանել