HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիական փառատոնի հայկական երանգները

Արմինե Ղուկասյան    

Գրենոբլում կայացած 11 երկրների մշակույթների երկխոսության փառատոնին այս տարի, արդեն երկրորդ անգամ մասնակցում էր նաեւ Սեւանը` ներկայանալով 4 երիտասարդ կատարողներով: Գրենոբլ ժամանած 11 երկրների` Մոլդովայի, Ալժիրի, Իտալիայի, Ավստրիայի, Լիտվիայի, Մեծ Բրիտանիայի, Բուրկինա ֆասոյի, Մարոկկոյի, Իսրայելի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ֆրանսիայի երիտասարդ երաժիշտները 10 օր շարունակ պատրաստվում էին փառատոնին, որը կայացավ Սենտ-Անդրե հրապարակում:

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքը, քույր քաղաքներ կարգավիճակով, համագործակցում է աշխարհի 20 քաղաքների հետ: Ապակենտրոնացված ցանցի գործարկման լավագույն եւ արդյոնավետ միջոց է նաեւ երաժշտական փառատոնի անցկացումը, որն ունի 9-ամյա կենսագրություն, անցկացվում է 2 տարին մեկ անգամ եւ կրում է «Դիվեղսիտիլ»  (բառացի` բազմազանություն) անվանումը:

«Օրեր շարունակ մենք ապրել ենք երաժշտությամբ, շնչել ենք տարբեր ժանրերի երաժշտական օդը: Անընդմեջ աշխատել ենք, ջանք ու եռանդ չենք խնայել Հայաստանը պատվով ներկայացնելու համար եւ, անկասկած, այդ արել ենք ոգեւորությամբ եւ մեծ սիրով»,- ասում է դաշնակահարուհի Անուշ Շաքարյանը, ով մեկն է հայկական մշակույթը ֆրանսիայում ներկայացնող սեւանցի 4 երիտասարդներից:

Տարեցտարի «Դիվեղսիտիլը» դառնում է ավելի ընդգրկուն եւ գրավիչ: Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի ներկայացմամբ` սա մի գեղեցիկ օրինակ է, որի միջոցով Գրենոբլը համերաշխությանն ուղղված միջազգային քայլեր է կատարում: «Խառնելով տարբեր երկրների մշակույթները` ստացվում է հիանալի արդյունք` երաժշտական մի նոր սինթեզ` համեմված տարբեր մշակույթների տարրերով»,- նկատում է պրն Պիոլը:

Իր տեսակով եզակի փառատոնը նաեւ հավակնոտ է, փորձում է համադրումների միջոցով ստանալ մի նոր որակ: Փառատոնի մյուս մասնակիցը` Գուրգեն Մկրտումյանը, պատմում է. «Մինչ Գրենոբլ ժամանելը որոշակի պատկերացում ունեինք նախագծի վերաբերյալ: Սակայն, երբ մեր աչքերով տեսանք եւ նախնական տեղեկություններ ստացանք տեղում, հասկացանք, որ գործ ունենք լուրջ փառատոնի եւ կայացած երաժիշտների հետ: Նախապատրաստական աշխատանքները կազմակերպված էին բարձր մակարդակով, փորձերն ամենօրյա էին, հատկացված էին ձայնագրման տաղավարներ: Մեր աշխատանքը տվեց իր արդյունքը. մշակութային երկխոսությունը կայացավ, եւ մեր թիմն այդ երկխոսության մեջ բավականին լավ խոսեց` պահպանելով երաժշտության լեզուն»:

Գրենոբլյան փառատոնը հետաքրքիր ձեւաչափ ուներ. նախօրոք` ոչ մի պատրաստված համար, ամեն ինչ համադրվում էր տեղում եւ ստեղծվում օրերի ընթացքում:

Փառատոնի մասնակից Մերի Մկրտչյանը ներկայացնում է իրենց աշխատանքը եւ ստացված արդյունքը: «Այս տարի ձեւաչափը փոքր-ինչ այլ էր. երկիրը ներկայացնում էր իր երգը, երաժշտական համարը, որին հետեւում էին գործիքային  հավելումներն ու իմպրովիզները: Սկզբում անվստահություն կար մեր խմբի նկատմամբ, սակայն հետզհետե գործիքավորումը դարձրինք մոդեռն, որը դարձավ առավել ընկալելի եւ ընդունվեց մեծ հաճույքով: Նշեմ, որ մեզ հետ միավորվեցին Ալժիրի, Մարոկկոյի եւ Լատվիայի ներկայացուցիչներն իրենց գործիքներով: Արդյունքում` մեր ներկայացրած ժողովրդական երգերի պոպուրին եվրոպական հանդիսատեսի կողմից արժանացավ ուշադրության»:

Մասնակիցների վկայությամբ` Գրենոբլը մի քանի օր շարունակ դարձել էր երաժշտական խառնարան` համախմբելով տարբեր երկրների, մշակույթների, նախասիրությունների տեր երիտասարդներին:

Իհարկե, սեւանցիների համար ամեն ինչ նոր էր, հետաքրքիր, հաճախ էլ` փոքր-ինչ խորթ, մի քիչ էլ խանգարել է հայկական մտածելակերպը: Օրեր անց Արփինեն փորձում է համադրել այն ամենը, ինչի միջով անցել են: «Առաջին իսկ օրվանից ականատես եղանք միջմշակութային բախումների: Մի վայրում, որտեղ հավաքվել էին զանազան երկրների ներկայացուցիչներ, ովքեր ունեին տարբեր արժեհամակարգեր, տարբեր ճաշակներ եւ երաժշտական դաստիարակություն, դժվար էր գտնել ընդհանուր եզրեր: Առօրյա շփումներում էլ խանգարում էր ներքին կաշկանդվածությունը: Որոշակի ժամանակահատվածում ապրելով կողք կողքի` ներքին ազատությունը գլուխ բարձրացրեց մեր մեջ, քանի որ առանց դրա հնարավոր չէր համագործակցել: Հարգելով բոլոր երկրների մասնակիցների մշակույթներն ու սովորույթները` առավել մտերմացանք Ալժիրի եւ Մարոկկոյի ներկայացուցիչների հետ: Ըստ իս, մեր ընդհանրությունն ավանդապաշտ լինելու մեջ էր, որը չէր թողնում հեշտ ու հանգիստ հարմարվել եվրոպական ապրելաձեւին ու չափանիշներին»,- պատմում է Արփինե Առաքելյանը:

Այս փառատոնը եւս մեկ պատեհ առիթ էր` ներկայացնելու մեր արժեքները, խոսելու հայի եւ Հայաստանի մասին, միաժամանակ աշխարհին ներկայացնելու Սեւանը: Սեւանն այլեւս դուրս է եկել իր փոքրիկ տնից, եւ յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ ազդակ է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, մշակութային առավել մեծ սահմաններ գծելու համար:

«Դիվեղսիտիլ» փառատոնից հետո երիտասարդները ոչ միայն փաստում են դա, այլ նաեւ կարեւորում դրա անհրաժեշտությունը: Երիտասարդներն այսօր առավել ուշադիր են նայում իրենց շուրջը, փորձում են ճեղքել այն անտարբերությունը, որ հաճախ այցի է գալիս «չկա»-ների եւ դժվարությունների պատճառով: Տեսածն ու լսածը ի մի բերելով` Անուշը ցանկանում է մեր իրականություն բերել շատ ուսանելի երեւույթներ: «Քանի որ ներկա գտնվեցինք Ֆրանսիական երգի տոներին, ականատես եղանք նաեւ քաղաքի ամեն ծայրամասում տիրող երաժշտական եռուզեռին: Այդ տոներին ակտիվ մասնակցում էին ոչ միան երաժիշտները այլ նաեւ քաղաքի յուրաքանչյուր բնակիչ: Ես շատ կցանկանայի, որ սեւանցիների մեջ կոտրվեր անտարբերությունը, արթնանար ոգեւորություն, տրամադրվածություն յուրաքանչյուր տոնի նկատմամբ: Չէ՞ որ, մենք էլ ունենք շատ խորիմաստ, խորհրդանշական տոներ, որոնք արժանի են գնահատման եւ մեծ շուքով նշվելու»:

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը գրենոբլյան փառատոնից հետո, երբ հյուրընկալել էր քաղաքը ներկայացնող մասնակիցներին, բավականին հետաքրքիր նկատառումներ կատարեց. «Սեփական մշակույթդ կդառնա բոլորինը, եթե այն ներկայացնես աշխարհին, այսինքն` այսօր մենք ունենք միջազգայնացման խնդիր, որը լուծվում է նաեւ այսպիսի ծրագրերի շնորհիվ: Սա ճանաչելիության չափանիշներից մեկն է, որը պետք է օգտագործել նպատակային: Երիտասարդների հիմնական խնդիրն էլ պետք է լինի մեկը` առաջ շարժվել: Շարժման խթանիչ ուժն էլ նոր մոտեցումներն ու գաղափարներն են: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան մեծ գումարներ է ծախսում ֆրանսիական լեզուն, պատմությունն ու մշակույթը տարածելու համար, ընդլայնում է ֆրանկոֆոն ընտանիքի աշխարհագրությունը: Մենք էլ հնարավորության սահմաններում պետք է կարողանանաք տարածել հայկական մշակույթն ու արժեքները: Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է պետք, ինչպես նաեւ լայն ճանաչում, որը պետք է կատարվի նաեւ ձեր միջոցով եւ ձեր շնորհիվ»:

Վերադարձից հետո սեւանցի երիտասարդները նոր ծրագրերի եւ գաղափարների մի ողջ փունջ են մշակել. տեսածը, լսածը, կրած ազդեցությունները դեռ երկար ժամանակ ուղեկցելու են նրանց, իսկ մինչ այդ, ինչպես խոստովանում է Մերին, ուղեւորությունից հետո սկսել է ավելի ճիշտ գնահատել ու սիրել մեր երկիրը, մեր ժողովրդին:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter