
Արմեն Մովսիսյանը նորից խոստումներ է տվել «Վանաձորի-Քիմպրոմի» աշխատակիցներին
«Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակի շուրջ այսօր «Հետքի» հարցերին պատասխանել է ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը
- Ո՞վ է «Վանաձորի-Քիմպրոմի» սեփականատերը:
-«Քիմպրոմի» սեփականատերը ռուսական ընկերություն է: Ինչ վերաբերում է այսօրվա իմ այցին, ժողովրդի հետ հանդիպմանը ներկայացրեցի այն ծրագրերը, որոնք փորձում ենք իրականություն դարձնել, այն բանակցությունները, որոնք ընթանում են, ըստ առանձին արտադրատեսակների `ըստ քիմիական արտադրության, ջերմային կայանի հետ կապված` և առաջիկայում այն սպասելիքները, որ ունենք: Ներկայացրեցի այն տեխնոլոգիական ուղղությունները, որոնք զարգացումներ պետք է ունենան: Հույս ունենք, որ առաջիկայում այս բոլորը կարող ենք կյանքի կոչել: Ընդհանրապես նման ձեռնարկությունը վերականգնելը բավականին բարդ աշխատանք է և ամեն անգամ մենք նշել ենք այն բարդությունները, որոնք գոյություն ունեն: Պատկերացրեք այսքան հին սարքավորումները, այսքան հին տեխնոլոգիան, այսօրվա գոյություն ունեցող շուկան, շուկայում մրցունակ ապրանք հանելու հնարավորությունները: Դա. Իհարկե, բավականին լուրջ, բավականին բարդ խնդիր է: Այն ուղղությունները, որոնք այսօր վերցրել ենք որպես առաջնային և փորձում ենք զարգացնել, դրանց իրականացման համար ներգրավվելու ենք այս ոլորտում ավելի մեծ փորձ ունեցող ընկերությունների, որոնք տիրապետում են այդ շուկային, այդ շուկայում բարձր վարկանիշ ունեն և կարող են օգնել: Սա է լուծումը, որը կարող է բերել նրան, որ այս մարդկանց ներգրավվենք աշխատանքի մեջ և որը կարող է բերել նաև գործարանի վերագործարկման:
-Խնդրում եմ ասեք «Վանաձորի-Քիմպրոմի» սեփականատեր ռուսական այդ ընկերության անունը:
-Ռուսական այդ ընկերության անունը, բանից ավելի ճիշտ կճտեք, էսենց մի քիչ կդժվարանամ կոնկրետ անունը ասել: Սնիգիրյովը կգա աշխատանքի, կճշտեք:
-Շրջանառվում են լուրեր , որ «Վանաձորի-Քիմպրոմի» բաժնետոմսերի սեփականատերերից մեկը հենց դուք եք:
-Ուրեմն այն հարցը, որ իմ անունը շրջանառվում է գործարանի բաժնետերերի թվում, պետք է ասեմ, որ իմ անունը շրջառավում է նաև «Նաիրիտի» բաժնետերերի թվում, իմ անունը շրջանառվում է նաև Ուկրաինայի մետալուրգիական հզոր կոմբինատների բաժնետերերի թվում: Ես որևիցէ կապ չունեմ: Իմ այս մասնակցությունը կայանում է նրանում, որ, երևի թե ամենախորը ես եմ ծանոթ այս պրոբլեմներին և բավականին երկար ժամանակ եմ զբաղվել գործարանով: Սա է ընդամենը պատճառը, որ սկսված բանակցությունները, որոնք ես վարում էի, շարունակում եմ և փորձում ենք վերագործարկել:
-Որքա՞ն են կազմում ընկերության պարտքերը:
-Գիտեք, ես ընդհանուր թվով կարող եմ ասել, շուրջ 40 մլն. դոլարի կարգի: Բանակցությունները, որոնք ընթանում են պոտենցիալ ներդրողների հետ նաև դրված է այն խնդիրը, որ այդ պարտքերը նրանք մուծեն: Այսինքն խնդիրը միայն վերագործարկելը չէ: Վերագործարկման սցենարի մեջ մտնում է նաև այդ պարտքերի խնդիրը:
-Ի՞նչ ուղղություններով կզարգանա «Քիմպրոմը»:
-Կզարգանա քիմիական արտադրության մասով, էներգետիկայի մասով և կորունդների արտադրության մասով: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա բանակցությունները հիմա ընթանում են, ուսումնասիրությունները պոտենցիալ ներդրողների կողմից գործարանում իրականացվում են, շուտով սպասվում է հերթական աշխատանքային խմբի այցը, որը կուսումնասիրի այն խնդիրները, որոնց լուծումները տալուց հետո գործարանը հնարավոր կլինի գործարկել: :
-Ի՞նչ խոստումներ տվեցիք գործարանի աշխատողներին` չվճարված աշխատավարձերի հետ կապված:
- Այս լուծումները տալիս, բնականաբար նաև աշխատավարձի պարտքերը ամբողջովին կմարվեն: Ինչ վերաբերվում է ընթացիկ աշխատավարձին, պայմանավորվածություն ունենք, որ եկող ամսվանից կփորձենք մեկ աշխատավարձի հարց ևս լուծել:
- Պարոն Մովսիսյան , որքան նկատում եմ դուք բավականին լավատես եք, պարտքերի մեջ թաղված «Վանաձորի-Քիմպրոմի» ապագայի նկատմամբ: Իսկ ի՞նչ կասեք, գործարանի սնանկ ճանաչվելու հավանականության մասին:
-Ոչ: Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի նման իրավիճակ առաջանա: Պետք է կարողանանք հասնել նրան, որպեսզի գործարանը վերագործարկվի: Չեմ կարծում, որ գործը կհասնի սնանկության:
Մեկնաբանել