
Ջեւոներ. «Մեր երկվությունը չի խանգարում մեր համերաշխությանը»
Երկգլխանի ռնգեղջյուրի մարմինը ծեփող ձեռքերի սահուն շարժումների ու մատների ճկուն ռիթմիկ հարվածների ներքո քիչ-քիչ ամբողջանում են պակասող հատվածները: «Ջեւոների»՝ Մամիկոն եւ Աշոտ Միքայելյան երկվորյակների հերթական մտահղացումն է, հերթական քանդակը, որն ավարտված չէ եւ հնարավոր է դեռ փոփոխությունների ենթարկվի: Անունը որոշված է՝ կենդանուն իշխող կնոջ կերպարը՝ վիճելի, մի բան հաստատ է՝ ռնգեղջյուրի ընտրությունը որպես հույզերի արտահայտչամիջոց՝ ճիշտ է: «Կերպարը երազում եմ տեսել»,- խոստովանում է Աշոտը:
Տղաների աշխատանքներն առիթ եղել էր տեսնել «Ռեալ-արտ» նախագծի շրջանակներում: Գրավել էր ինքնատիպությունը, ոճը, ձեռագիրն ու ասելիքը: Տղաներն աշխատանքները մակագրում են պարզապես «Ջեւո»: Խոստովանում են՝ առանձին երբեք չեն աշխատում: «Մենք միշտ լրացնում ենք միմյանց, անգամ խոսելիս: Մենք նույն բանն ենք մտածում, արտահայտվում ու չեմ հիշում դեպք, որ տարաձայնություններ ունենանք որեւէ հարցի շուրջ, եթե ունենում ենք էլ, ապա շատ արագ կոմպրոմիսի ենք գալիս»,-խոստովանում է Մամիկոնը:
27-ամյա երկվորյակ եղբայրներն անգամ հագուստի հարցում են համերաշխություն դրսեւորում ու միանման հագնվելու սովորությունը խախտում միայն անհրաժեշտության դեպքում: Լրագրողի հետ հանդիպումը նման բացառություն անելու որոշման էր հանգեցրել: «Որ կարողանայիք տարբերել մեզ, որոշեցինք տարբեր վերնաշապիկներ հագնել»,- ծիծաղելով բացատրում է Աշոտը:
Ջեւո-ջեւիկ-երկվորյակ…«Ջեւոներ» մականունը տղաները ստացել են դեռ դպրոցական տարիներից: Գյումրիում մականուն «կպցնելը» սովորական երեւույթ է: Եթե բախտդ բերի, ապա դպրոցում կամ թաղում ստացած անունը, որ շատ ավելի է բնորոշում կերպարդ, կլինի գեղեցիկ ու համահունչ, իսկ եթե բախտդ չբերի…Միքայելյան եղբայրներին մանկության տարիներից ուղեկցած մականունն այժմ գործածվում է որպես ստեղծագործությունների վրա դրոշմվող ինքնագիր:
«Մեր երկվությունը չի խանգարում մեր համերաշխությանը»,- տղաները ծիծաղում են ու հավելում, որ ծնվել են մայիսի 28-ին, հորոսկոպով եւս երկվորյակ են: «Չեմ հիշում դեպք, որ միմյանցից հեռու լինենք: Միակ դեպքը բանակում է եղել, երբ ինձ 40 օրով գործուղման էին ուղարկել»,- հիշում է Մամիկոնը: Նրանց հայրը՝ Էդիկ Միքայելյանը, այլ հիշողություններ ունի, եւ դրանք կապված են երկվորյակների ծնունդի հետ: Տղաները ավագ երկու քույր ունեն: Էդիկը հիշում է, որ երբ բժշկից տեղեկացել են, որ կինը պետք է երկվորյակներ ծնի, առաջին միտքն եղել է՝ էլի աղջիկներ են ծնվելու: Կինը տխրել է, ինքը՝ չէ, երեխան երեխա է, ասել է` թող աղջիկ լինեն:
«Դե էն ժամանակ էրեխեքի սեռը շատ ժամանակ չէին ըսե: Կծնվեին, աչքալույսի համար մայրապետը գուկար, նոր կիմանայինք ինչ սեռի երեխա է: Հմի գիշերը Ախուրյանի ծննդատուն ենք գնացել, կինս պիտի ծննդաբերի, անհանգիստ կսպասենք: Լուսադեմ է, հիվանդանոցի բակում կանգնած ենք: Ծննդատան աշխատողը մեր հարեւաններից էր: Դուրս եկավ, թե` Էդիկ ջան, աչքդ լույս, տղա է եղել: Ըսի` աբրիս Երջո ջան, մեկ էլ դառավ, թե` սպասե՛, մե հատմ էլ կա: Մերս էն կողմից ըսավ` վա~յ-վա՜յ, մեր բախտը մեր հետ է, էն էլ հաստատ աղջիկ է: Քիչմ հետո նորից աչքալույս տվին, թե էլի տղա է ծնվել, ըսի` Երջանիկ ջան, մե հատմ լավ նայե քուչա փուճախները (անկյունները-հեղ.), կարո՞ղ է էլի կա: Երջոն էլ, թե` ըբը չէ, ինչօրա է, էդ էր, էլ չկա Էդիկ ջան»,- Էդիկը ծիծաղում է:
Հիշում է, որ գրպանում եղած ամբողջ գումարն ուրախությունից «մաղարիչ» է արել ծննդաբերական բաժնի աշխատակիցներին: Երկվորյակների ծննդից հետո կինը խոստովանել է, թե ամաչում էր, որ ամուսնու ընկերները բոլորը տղա երեխա ունեն, իսկ ինքը չի կարողանում արու զավակ ունենալ:
«Տղեքս պարզերես էրեցին ընձի իրանց ծնունդով եւ շարունակում են մինչեւ հիմա իրենց գոյությամբ: Դրա ապացույցն էն է, որ մի ժամանակ կըսեին`Էդիկի տղեքը, իսկ հմի՝ «Ջեւոների պապան»: Սկզբում վատ էի զգում, հետո հասկացա, որ կյանքի դրվածքն է այդպիսին, հատկապես, երբ զավակներդ արդարացնում են իրենց»,- ասում է զրուցակիցս:
Տղաների` արվեստի ուղղությամբ կրթությունը շարունակելու որոշումը թեպետ անակնկալի է բերել ընտանիքի անդամներին, սակայն հայրը չի ընդդիմացել: Ակադեմիական վարժարանն ավարտելուց առաջ երկվորյակները «տղամարդավարի» զրույց են ունեցել հոր հետ եւ հայտնել, որ ցանկանում են քանդակագործ դառնալ: Մամիկոնն ու Աշոտը միաբերան հայտարարել են, որ չեն ուզում չսիրած մասնագիտությամբ զբաղվել, չեն ցանկանում դիվանագետ դառնալ:
Տղաներից «նեղացել» է նաեւ պատմության ուսուցիչը, երբ տեղեկացել է, որ Միքայելյան եղբայրները պատմության նման «արիստոկրատ» առարկան փոխում են քարի նման կոշտ նյութի հետ: «Ես դեմ չգնացի տղաներիս ցանկությանը, մանավանդ, որ ժամանակին հենց իմ երազանքները իրականություն չէին դարձել: Ես ցանկանում էի ավիացիայով զբաղվել, պիտի Մոսկվա գնայի, բայց ծնողներս դեմ կանգնան, թե թաք տղա ես, մնա ըստեղ: Գուցե պիտի իմը պնդեի, բայց չուզեցի ծնողներիս խոսքը կոտրեի՝ դարձա գեոֆիզիկ: Դրա համար էլ տղաներիս ցանկությանը դեմ չկանգնեցի»,- Էդիկի ձայնի մեջ ափսոսանք է զգացվում չիրականացված երազանքի համար:
Չեն արտագաղթելու, ընդհակառակը՝ մեծ արվեստանոց են կառուցելու
Բնակարանից ձեղնահարկ տանող աստիճաններով բարձրանում ենք Ջեւոների արվեստանոց: Աստիճանավանդակների մոտ կախված է նրանց վերջին ստեղծագործություներից մեկը՝ փայտե հսկայական կրիան: Փայտի, պղնձի, լատունի համադրությունից ծնված ստեղծագործությունը կոչվում է «մետեո աետեքս», որ հին ացտեկերենից թարգմանվում է` «ձվադրող կրիա»: Տղաները կրիան «Ռեալ-արտ»-ի ցուցահանդեսին ներկայացրել էին «Ացտեկների հոգին» անվամբ: Աշխատանքը եղբայրների մտահղացումն է: Այստեղ ամեն ինչ կա՝ նկարչություն, քանդակագործություն, զարդարվեստ:
Ոգեշնչման աղբյուրները տղաների համար ամեն անգամ տարբեր են լինում: Խոստովանում են, որ «մուսա» կոչվածն իրենց կարող է այցելել անգամ պարզ, բայց հաճելի մարդկային հանդիպումից ու զրույցից հետո: Աշոտի ստեղծած կատուների շարքն, օրինակ, ծնունդ է առել դեռեւս բանակում: «Նվիրված էր մի աղջկա, ում շատ էի հավանում ու նմանեցնում էի կատվի,- ասում է Աշոտը,- հենց ուզում էի իրան նկարել՝ կատու էր ստացվում: Բանակում եմ այս շարքը ստեղծել: Հիմա այդ անձը չկա, բայց կատուների շարքը շարունակվեց ու 210 օրինակ ունեմ արած»: Կատուները գրաֆիկական աշխատանք են, թեպետ այդ կերպարն իր գոյությունն ամրապնդել է նաեւ քանդակի տեսքով: «Մի ժամանակ Աշոտն ինչ գծում էր, կատու էր ստացվում»,-նկատում է Մամիկոնի կինը, ով նույնպես նկարչուհի է եւ օգնում է տղաներին զարդեր ստեղծելիս:
Կերպարային գործերի շարք ունենալը բնորոշ է «Ջեւոներին»: Մտադիր են առաջիկայում ստեղծել Վլադիմիր Վիսոցկու դիմանկարների շարքը: Համոզված են՝ իրենց կուռքը բազմադեմ է եւ մեկ դիմանկարով ասելիքը շատ աղքատ է լինելու: «Մենք աշխատելիս հիմնականում Վիսոցկու երգերը կլսենք: 17 տարեկանից ու ահա արդեն 10 տարի է մեր անդավաճան ընկերն է,- ասում է Մամիկոնը,- ժամանակ առ ժամանակ կարող ենք լսել Էդիտ Պիաֆ, Իվ Մոնտան, Հախվերդյան, Մեսչյան, բայց կրկին վերադառնում ենք Վիսոցկուն: Իր երգերը լսում ենք, հատկապես երբ դեմ ենք առնում անհաղթահարելի խնդրի: Նա մեզ տալիս է ոչ թե լուծման բանալի, այլ բանալիների իր տարբերակը»:
Տղաների պնդմամբ՝ կարեւորն ինքնարտահայտվելն է` քանդակի, նկարչության, զարդեր պատրաստելու կամ այլ միջոցով: Կարեւորը մտահղացումն ավարտին հասցնելն է: Այս միտքը բարձրաձայնելիս տղաները ծիծաղում են: Անին բացատրում է, որ աշխատանքը կիսատ թողնելը Ջեւոների բնավորության գիծն է. «Կրիան ավարտել են ցուցահանդեսի նախորդ օրը: Դուք պիտի էդ իրիկուն գայիք տեսնեիք, թե ինչ էր կատարվում արվեստանոցում, ինչ խառնաշփոթ էր»:
«Լինում են պահեր, երբ խելագարի նման քանդակել ես ուզում, ձեռքերդ պարզապես քոր են գալիս ինչ-որ բան ծեփելու, կա` որ քանդակը բավարար չէ, պետք է անպայման նկարել, կոնկրետ իմ մասով հնարավոր է ես մի քանի գործ կիսատ թողնեմ եւ անցնեմ մեկ ուրիշին, որի միտքն այդ պահին է ծնվել, սկսեմ ու ավարտեմ այդ գործը»,- արդարանում է Աշոտը:
Երկվորյակների` Գյումրու Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու տարին բուհում քանդակագործության բաժին չի եղել: Տղաները սովորել եւ ավարտել են դեկորատիվ-մետաղական զարդարվեստ բաժինը, որտեղ քանդակի ժամեր կային: Միքայելյան եղբայրները սիրով են խոսում իրենց ուսուցիչների՝ քանդակագործ Զավեն Կոշտոյանի եւ Համբարձում Բեգոյանի մասին: Քանդակագործության ասպարեզում ձեռք բերած գիտելիքների առումով իրենց կնքահայրն են համարում գյումրեցի հայտնի քանդակագործ Զ. Կոշտոյանին:
Ինչպես իրենք են ասում, կուռքեր չունեն, սակայն շատ են հավանում Միքելանջելոյին: «Ռեպրոդուկցիաները նայելով՝ Մինաս, Սարյան, պատկերասրահում օրիգինալ աշխատանքները տեսնելով, էներգետիկ դաշտի առումով՝ միանշանակ Սուրենյանց, սիրում ենք Պիկասոյին, որոշակի ժամանակահատված տարված ենք եղել Պոլ Գոգենով եւ Վան Գոգով: Էքսպրեսիվ, էներգետիկ նկարչությունն է մեզ դուր գալիս»,- իրար լրացնելով` բացատրում են Ջեւոները:
Դասական նկարչությանը դեմ չեն, սակայն այն համեմատում են յուղալի ճաշի հետ, որը կարող է շատ շուտ հոգնեցնել քիմքը: «Ու էդ ժամանակ սկսում ես այլ բաների ձգտել,- ասում է Աշոտը,- ես «այսրոպեական» արված բաներ եմ սիրում, որ զգացվի, որ նկարիչն էդ պահին փոթորկուն հոգեվիճակում է եղել, ու դա արտահայտվել է կտավի վրա»:
Չեն ընդունում արվեստագետների այն տեսակը, որոնց մոտ, եթե ինչ-որ բան չի ստացվում, հայտարարում են, որ իրենք աբստրակցիոնիստ են: Ըստ Ջեւոների` շատ կարեւոր է ակադեմիական կրթությունը:
«Պետք է այդ նույն դասականն ուսումնասիրել, հետո արդեն որոշել, թե ինչ ուղղությամբ գնալ,- նկատում են նրանք,- հիմա բոլորը Պիկասոյով են տարված, միանգամից ուզում են Պիկասոյի գծի պես գծել, բայց իրանք մի պարզ բան չեն հասկանում, որ Պիկասոն 9-ից 14 տարեկան հասակում բարդ ակադեմիական նկարչությանն արդեն տիրապետում էր եւ իրեն պարզապես անհետաքրքիր կլիներ մնացած կյանքը նկարել նորից նույն բանը»:
Ցավ են ապրում, որ շնորհալի երիտասարդներից շատերն այդպես էլ նկարիչներ ու քանդակագործներ չեն դառնում: Կենցաղը, սոցիալական ծանր պայմանները ստիպում են, որ գնան խանութում աշխատեն կամ գերեզմանաքար պատրաստեն` փակելով հարցերը արվեստի հետ: Նույն այդ ապրուստի հարցը Ջեւոները լուծում են զարդեր պատրաստելով: «Մենք ուսանողական տարիներին էլ էինք պատրաստում, բայց չէինք պատկերացնում, որ հետագայում դառնալու է մեր գործունեության հիմնական ճյուղերից մեկը»,- խոստովանում են նրանք:
Բավական ինքնատիպ այդ զարդերը պատրաստելիս օգտագործում են լատուն, արծաթ, պղինձ: Ստեղծում են գրեթե քանդակային, նկարչական գործեր՝ հատկապես անհատական (էքսկլյուզիվ) պատվերների դեպքում: Աշխատում են երեքով՝ Անին շատ դեպքերում զուտ կանացի զարդերի ստեղծման գաղափարակիրն է:
«Եթե մենք զարդեր չպատրաստեինք, քանդակներ վաճառելով դժվար թե կարողանայինք այս երկրում ապրել,- ասում է Մամիկոնը,- հետո, եթե նկատեցիք, արվեստանոց էլ որպես էդպիսին չունենք: Քանդակագործի համար փոքր սենյակը նույնն է, թե փակված ես վանդակում: Ես եւ եղբայրս մտադիր ենք մեծ արվեստանոց կառուցել գետնի վրա: Հիմա ձեղնահարկում մի կերպ հարմարվել ենք, բայց դա մեծածավալ գործեր ստեղծելու համար հարմար տեղ չէ: Մենք միտք չունենք Գյումրիից գնալու: Դրսում կարող է կյանքն ավելի լավ է, բայց օտար երկրում դու ընդամենը գեղեցիկ կահավորված տան վարձակալ ես, ուրիշ ոչինչ»:
Ակադեմիական կրթությունն, ըստ տղաների, հատկապես Գյումրիում շատ ցածր մակարդակի վրա է: Սխալ են համարում Գեղարվեստի ակադեմիայի կողմից երկու տարին մեկ իրականացվող բիենալեին տարածք տրամադրելը: «Կոնկրետ ես դա չեմ հասկանում,- ասում է Աշոտը,- ակադեմիզմն ու բիենալեն լրիվ հակադիր ուղղություններ են: Ակադեմիայում սովորում ես նկարչություն, որ հետո կարողանաս քո ցանկությամբ շեղել: Բայց եթե դու ակադեմիայի ուսանող ես ու դու բիենալեի կմասնակցես, հետո դու ինչ էլ անես՝ ակադեմիական կրթությունը չես կարող լրացնել: Քո մոտ արդեն պատկերացումներն են դառնում շեղված»:
Շատերը ակադեմիա դիմում են առանց նկարչության այբուբենն իմանալու: Գյումու Մերկուրովի նկարչական դպրոցը տղաները համարում են դարբնոցն այն գիտելիքների, որ հետո արվեստագետը պիտի կատարելագործի` ուսանելով ակադեմիայում: Ափսոսում են, որ սոցիալական ծանր պայմանների պատճառով 4 տարի են կարողացել սովորել նկարչական դպրոցում:
«Բայց չենք ափսոսում, որ մեր ուսումը ասպիրանտուրայում չշարունակեցինք, որովհետեւ մեզ անհասկանալի է «մետաղի դոկտոր» տերմինը: Ի՞նչ է նշանակում նկարչության դոկտոր կամ քանդակի դոկտոր կոչումը: Դու կամ քանդակագործ ես կամ քանդակագործ չես, վերջ»,- նկատում է Մամիկոնն ու հավելում, որ ափսոսանքի զգացողություն այս տարիներին ունեցել են եւս մեկ անգամ, երբ ակադեմիայի տարեվերջյան ցուցահանդեսից գողացել են իր եւ եղբոր հեղինակած «Դոն Կիխոտը»:
Մեկնաբանել