Պահանջում են օրենքի ողջ խստությամբ պատժել հայկական եկեղեցու վրա հարձակված անձանց
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել և դատապարտել է հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կատարվածը:
«Հուլիսի 19-ին, երեկոյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված մի խումբ վրացիներ (մոտ 50 հոգի), իրականացրել են ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:
Հարձակման ընթացքում տուժել են ինչպես հոգեւորականները, այնպես էլ եկեղեցու հավատացյալները: Հարձակման պատճառով մարմնական վնասվածքներ են ստացել եկեղեցու հոգևորականները եւ Առաջնորդարանի աշխատակիցները:
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դատապարտում է կատարվածը եւ պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել հայ առաքելական եկեղեցու վրա հարձակված հանցագործներին և տեղի ունեցածի առթիվ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:
Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի տարածաշրջանների հայ հասարակությունը խորապես մտահոգված և վրդովված է տեղի ունեցածով, քանզի բոլորը քաջ գիտակցում են, որ տվյալ հարձակումը տեղի է ունեցել կրոնական և ազգային ատելության հողի վրա, ինչի սերմերը ցավոք վաղուց արդեն սերմանվում են վրաց հասարակության մեջ:
Այն, ինչ տեղի է ունեցել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում քայլ է՝ ուղղված մեր երկրի Եվրոմիությանն անդամակցության, հասարակական կայունության և պետականության դեմ։ Այդ իսկ պատճառով իշխանությունները պարտավոր են ի ցույց երկրի ողջ հասարակության օրենքի ողջ խստությամբ իրական պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին, կազմակերպիչներին և հարձակումը կատարողներին:
Կոչ ենք անում նաեւ Վրաստանում գործող բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցներին, Եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին, ուշադրությամբ հետեւել ազգային և կրոնական հողի վրա տեղի ունեցած ոճրագործության բացահայտման ու մեղավորների պատժման գործընթացին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել