
Տիգրանակերտի այս տարվա հնագիտական պեղումների առաջին արդյունքները
Տիգրանակերտում արդեն արձանագրվել է առաջին ու ամենակարևոր հայտնագործությունը, որը նորաբաց երկրորդ եկեղեցու արևելյան խորանի տակ պեղվող վաղքրիստոնեական դամբարանն է: Այն ունի արեմուտք-արևելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային և հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր:
Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Հուշարձանը թերևս Աղցքի արքայական դամբարանի և Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ` վաղքրիստոնեական մշակույթում:
Պեղումների արդյունքները հնարավոր կդարձնեն վավերացնել այս տիպի կառույցի մի նոր հորինվածք, ինչպես նաև փաստագրել և պատմական իրական հիմքերի վրա դնել 5-րդ դարի երկրորդ կեսի Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի իրական ընթացքն ու մանրամասները:
Հիշեցնենք, որ Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը ս.թ. հունիսի 25-ից վերսկսել է Արցախի Տիգրանակերտի պեղումները՝ պատմական գիտությունների դոկտոր, Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ եւ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ նախաձեռնությամբ:
Հնագիտական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս և Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ: Պեղման ներկա մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր, միջին խորությունը` 2,5 մետր:
Կարևորելով դամբարանի հայտնաբերումը` ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը քննարկում է նորահայտ հուշարձանի ամրակայման եւ կոնսերվացման աշխատանքների հնարավորությունը:
Այս մասին հայտնում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը:
Լուս.՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել