Օձունի եկեղեցու շինարարությունը չի ավարտվի սահմանված ժամկետում
Էմմա Պետրոսյան
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքները, նախատեսվածին հակառակ, սահմանված ժամկետում ամբողջական ավարտին չեն հասցվի: Պատճառը, ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Լեւգուկ» ՓԲԸ-ի տնօրեն Լեւիկ Ղուկասյանը, ի հայտ եկած այլ աշխատանքներն են, որոնք ծրագրում ի սկզբանե նախատեսված չեն եղել:
«Ճիշտն ասած, նախագծողն էլ չէր կարող էդ ամենը նկատի ունենալ, քանի որ շատ աշխատանքներ բացվեցին: Օրինակ, նախագծում նախատեսված չէր գմբեթարդի ամրակայումը, հետո, երբ հեռացրեցինք ծածկերը, տեսանք, որ հողաշեն կեղծ թաղ կա, այն հեռացնելուց հետո բացվեցին 6-րդ դարի կղմինդրածածկի մնացորդները: Գմբեթարդի ամրակայումն իրականացրեցինք ժամանակակից մեթոդներով, հետո շարային աշխատանքները կատարեցինք»,- նշեց «Լեւգուկ» ՓԲԸ-ի տնօրեն Լեւիկ Ղուկասյանը:
Եկեղեցու շինարարական աշխատանքները նախատեսված էր ավարտել մինչեւ 2014թ. հոկտեմբերի 25-ը, սակայն, ինչպես նշում է «Լեւգուկ» ՓԲԸ-ի տնօրենը, աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի, այսինքն` 2015թ.-ին: Այս պահին շինարարությունում ընդգրկված են 2 քարագործ վարպետներ, 3 տեխնիկական վերականգնող վարպետներ եւ 6 բանվոր: Իրականացվում է ծածկերի վերականգնում, որն արդեն ավարտական փուլում է: «Մնացել են հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան 2 կիսալանջերը, որոնք եկող ամիս կավարտենք եւ կսկսենք հարավային զանգակատան ծածկի վերականգնումը: Մնացած հատվածներում պատերի ամրակայման աշխատանքներ են ընթանում: Շինարարական աշխատանքները կավարտվեն էն մասով, ինչ մասով նախատեսված էին»,- ասում է Լեւիկ Ղուկասյանը:
Նրա ասելով` արդեն կսկսեն վերականգնել սրահները, այնուհետեւ կիրականացնեն ջրահեռացման ու բարեկարգման աշխատանքները, որոնք նույնպես նախագծով նախատեսված չեն եղել: Վերջինս նշում է, որ անհրաժեշտությունից ելնելով, ինքը հաճախ է լինում եկեղեցու տարածքում, սակայն ոչ թե որպես վերահսկող մարմին, այլ` մատակարարող:
Այս անգամ այցի պատճառը կրկին նախագծից դուրս առաջացած աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունն է, որը շինարարներն անպայման պիտի համաձայնեցնեին գլխավոր շինարարի հետ: «Այսօր շինարարներն են ինձ հրավիրել այս հարցով. լանջերի ծածկասալերի միացման հանգույցը զանգակատան պատի հետ նախագծով չէր երեւում, բայց պետք է իրականացվեր: Մենք այդ հարցը լուծեցինք տեղում: Վարպետներն արդեն ազատ կարող են իրենց աշխատանքները շարունակել»,- հայտնեց «Լեւգուկ» ՓԲԸ տնօրեն Լեւիկ Ղուկասյանը:
Լուս.՝ Սարո Բաղդասարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել