
Բնապահպանության նախարարի ճանաչողական այցը Լոռի
Երեկ ճանաչողական այցով Լոռու մարզում էր Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա այցելեց «Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերությանը պատկանող Ճոճկանի պոչամբար և «Թեղուտ» ՓԲԸ: «Հետքը» մի քանի հարց ուղղեց նախարարին:
- Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգն արդեն մի քանի տարի չի գործում: Դրա հետևանքով պոչամբարից արտադրական թունավոր պոչանքերը պարբերաբար թափվում են Դեբեդ գետը: Բնապահպանության նախարարությունն առաջիկայում ի՞նչ միջոցառում է ձեռնարկելու պոչամբարի հետագա անվտանգությունն ապահովելու համար:
-Մենք զրուցեցինք տնօրինության ներկայացուցիչների հետ, իրենք իրենց պարտավորությունները լիարժեք կատարելու են, նմանատիպ խնդիրներ չեն առաջանա: Թունավոր արտանետումները, բնականաբար, չեն հոսի գետ: Եթե հոսեն, մենք կմիջամտենք: Մենք խիստ պատժամիջոցներ կկիրառենք նմանատիպ վտանգները վերացնելու համար: Այսօր հենց դրա համար էլ մենք այստեղ ենք, որպեսզի մեր աչքով տեսնենք և հասկանանք, թե ինչ է կատարվում: Կա նաև դժգոհություն տարածաշրջանի բնակչության, բնապահպանների կողմից, և խնդրին պետք է լուծում տրվի:
-Տեղյա՞կ եք Դեբեդ գետի բնապահպանական ռիսկերին: Դրանք առաջին հերթին պոտենցիալ վտանգ են գետի ջրով ոռոգվող Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և հարևան գյուղերի այգիների և դաշտերի համար` Ճոճկանի պոչամբարի արտանետումների պատճառով:
-Ձեր հարցը տեղին է: Մենք այսօր ընդամենը ճանաչողական այցով ենք եկել: Ինձ բնապահպանական տեսչության պետը տեղեկացրեց, որ, այո, այս պահին էլ որոշակի խնդիրներ կան: Մենք անդրադարձ ենք կատարելու: Մարզպետի հետ մենք պայմանավորվածություն ունենք և առաջիկայում կտրուկ միջոցների ենք դիմելու: Բայց ընկերությունն էլ պետք է կարողանա ինքն իր ձեռքով իր խնդիրներին լուծում տալ: Նորից եմ կրկնում` աղտոտվածության հետ կապված ամեն տեսակի տույժ և տուգանքները մենք կկիրառենք: Վատ վիճակներ կառաջացնենք արտադրողների համար, եթե իրենք չկարողանան իրենց խնդիրները լուծել:
-Ի՞նչ տպավորություն ստացաք «Թեղուտ» ՓԲԸ-ում Ձեր շրջայցից:
-Վերջնական փուլին չեն հասել աշխատանքի առումով: Հիմա նախնական աշխատանքներ են կատարվում: Հետաքրքիր էր, որ ամբողջությամբ նոր տեխնոլոգիաներ են իրականացնում: Առաջին անգամ հանրապետությունում փակ ցիկլի համակարգ է իրականացվելու: Սեփականատերերի պարտավորությունները` նախնական իրենց խոստումների հետ կապված, բնականաբար, իրականացվում են: Մենք բնապահպանական խնդիրների առումով հետագայում համագործակցելու ենք «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ: Հուսով եմ` ամեն ինչ նորմալ կլինի:
-Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական վճարները պետբյուջե 444 մլն դրամից նվազել և դարձել են 100 մլն դրամ` բնապահպանության նախարարության մոնիտորինգի արդյունքներով: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Եթե նվազել են գումարները, ես կուսումնասիրեմ և Ձեզ կտեղեկացնեմ, դա արդեն առանձին:
-Ի՞նչ կասեք ապօրինի անտառահատումների մասին: Տեղյա՞կ եք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, մասնավորապես` Դսեղի անտառտնտեսությունում 4խմ փայտի մեկ օրինական փատաթղթով առնվազն 7 անգամ հատատեղից փայտ են տեղափոխում:
-Խնդիրը կա, այո: Եթե դուք հետևում եք նաև մեր լրատվությանը, մենք հաճախակի ներկայացնում ենք, թե որ անտառտնտեսությունում ինչ տույժ և տուգանքներ են կիրառվել: Բայց դրանով հարցը չի լուծվում: Յուրաքանչյուրս պետք է դառնանք բնապահպան, յուրաքանչյուրս պետք է պայքարենք նման վատ երևույթների դեմ: Մեր քայլը հետևյալն է` մեր տեսչությունն իր դերում է, և մենք առաջիկայում ոստիկանության հետ միջոցառումներ ունենք իրականացնելու` ապօրինի անտառհատողներին պատժելու համար:
-Թումանյանի տարածաշրջանը հանքարդյունաբերության և լեռնամետալուրգիական արտադրության կիզակետ է: Չեք կարծու՞մ, որ Ձեր պարբերական այցելությունները տարածաշրջան կնպաստեն բնապահպանական խնդիրների լուծմանը:
-Քիչ առաջ մենք զրուցում էինք պոչամբարին հարակից համայնքների համայնքապետերի հետ: Եկանք այն եզրակացության, որ այստեղ բնապահպանական ծրագրերի իրականացման խնդիրներ կան: Եվ ներդրողը պետք է լինի համապատասխան հանքը շահագործողը: Դրանով պետք է կարողանանք օգնել համայնքներին: Պատահական չէ, որ մենք այսօր իրավիճակը քննարկում էինք մարզպետարանի ներկայացուցչի, հանքարդյունաբերողի և համայնքապետերի մասնակցությամբ:
Լուսանկարում` մեջտեղում` Արամայիս Գրիգորյանը
Մեկնաբանել