
Գրիգորի Մարգարյանը Լևոն Հայրապետյանի ձերբակալության հիմքում ադրբեջանական հետք է տեսնում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետևում քաղաքական դրդապատճառներ չի տեսնում:
«Հետք»-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, թե չի բացառում՝ ձերբակալման գործում կարող է խառնված լինել Ադրբեջանը:
«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի հետքը կա այդ գործում: Չնայած ադրբեջանական գործոնը տվյալ բիզնեսմենի հարցում չեմ տեսնում, բայց ամեն դեպքում հնարավոր է, որ դա էլ լինի: Ես եղել եմ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ու տեսել եմ, թե ինչպիսի ստոր, ցածր, կեղտոտ ձևով են աշխատում Ադրբեջանի ներկայացուցիչները: Ադրբեջանցիներն ամեն ինչի կգնան՝ ստոր, կեղտոտ ձևով ամեն ինչ կանեն, դրա համար հնարավոր է, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունն էլ իրենց հետ կապ ունի»,- նշեց Գրիգորի Մարգարյանը:
Պատգամավորն ասաց, թե անհիմն են նաև ԶԼՄ-ներում շրջանառվող վարկածները, թե Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը կապ ունի հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը:
«Ժամանակը ցույց կտա, գիտեք, ամեն ինչ կպարզվի: Այն մեղադրանքները, որոնք ներկայացրել են մեր գործարարին, կարծում եմ, որ շուտեվ կշտկվեն»,- հավելեց Մարգարյանը:
Մեկնաբանել