
Ա. Մանուչարյան. «Հայաստանում չկա իշխանություն, որը Լեւոն Հայրապետյանի մասին ուղիղ հարցադրումներ կանի ռուսական կողմին»
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունն ունի` կամ հստակ քաղաքական ենթատեքստ, կամ գործին տրվել է քաղաքական լրացուցիչ շղարշ: «Հետքի» հետ զրույցում Մանուչարյանն ասաց, որ ինքը նման եզրահագնման է եկել հատկապես ռուսական լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններից հետո:
«Դրանք պարունակում են ոչ միայն հենց միջադեպի, փաստի շուրջ տեղեկատվություն, այլև՝ ակնարկներ: Ռուսաստանն, այսպիսով, ինչ-ինչ բաներ է ակնարկում ՀՀ հարուստ, ղեկավար շրջանակներին, օլիգարխներին, մարդկանց, ովքեր տիրապետում են լծակների: Այս շրջանակի հետ ՌԴ-ն խնդիրներ ունի, փորձում է առևտուր անել նրանց հետ, գործարքների մեջ մտնել: Ռուսաստանը պարբերաբար այդ օլիգարխներին հիշեցնում է, թե իրենք ով են եղել, հիմա ով են, որտեղ են գտնվում: Այստեղ կան ակնարկներ` ուղղված նաև Ադրբեջանին: Քանի որ ռուսները պարբերաբար ընդգծում են, որ Հայրապետյանը ղարաբաղցի է, Ղարաբաղի հիմնասյունն է, դրանով չի բացառվում, որ ՌԴ-ն Ադրբեջանին է նաև մեսիջներ ուղղում»,- ասաց նա:
Շարունակելով խոսել Լևոն Հայրապետյանի ձերբակալման գործում ադրբեջանական գործոնի մասին՝ Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Հայրապետյանը հայ-ադրբեջանական հարաբերություններում մեծ դեր է ունեցել:
Բացի դրանից, Մանուչարյանի խոսքով, Լևոն Հայրապետյանը կարևոր դերակատարություն է ունեցել ռուս-ամերիկյան հարաբերություններում եւ ակտիվ մասնակցություն է ունեցել «Գոր-Չերնոմիրդին» հանձնախմբի աշխատանքին:
«Ռուսաստանի քայլերն, ուստի, լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն: Կարող են լինել նաև այլ պատճառներ, որովհետև Հայրապետյանը բազմաշերտ անձնավորություն է և եղել է տարաբնույթ գործընթացների մասնակից: Հնարավոր է, որ կան էլի տարբերակներ. առաջին՝ Ռուսաստանը լուծում է խնդիրներ իր ներսում՝ դրսի հարձակումների հետ կապված: Քանի որ ՌԴ-ն խորը առճակատման մեջ է Արևմուտքի հետ, Ռուսաստանը կարող է ներքին խողովակներով լուծել այս հարցը: Երկրորդ՝ Ռուսաստանի կարգավիճակը փոխվում է: Եթե նախկինում խրախուսվում էր կողոպուտը, թալանը, հիմա գուցե փորձում են խզել կապերը դրա հետ՝ արդարություն հաստատելով: Երրորդ՝ հնարավոր է, որ Լ. Հայրապետյանի ձերբակալությունը լինի ներքին կլանների ռազբորկաների արդյունք»,- ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում չկա իշխանություն, որը ուղիղ հարցադրումներ կանի ռուսական կողմին՝ ստանալու մի շարք հարցերի պատասխաններ, բացատրություններ: Մանուչարյանն ասաց, որ Ռուսաստանը պետք է ձերբակալման մասին մեզ տեղյակ պահեր ավելի վաղ:
«Բարեկամ երկների միջև, եթե անգամ բարեկամ էլ չեն, բայց իրար բանի տեղ են դնում, երբեք նման բաներ պետք է չլինեն: Հիմա եթե մենք համարում ենք միմյանց ստրատեգիական դաշնակիցներ, պետք է տեղյակ լինեինք, որ Հայաստանի համար հանգուցային ֆիգուրը՝ Լևոն Հայրապետյանը, ձերբակալվում է: Եթե անգամ գործում կա քրեական օրենսգրքին հակասող տարր, չնայած կրկնում եմ, հարցն, ըստ իս, քաղաքական է, ՌԴ-ն պետք է խորհրդակցեր Հայաստանի հետ, բայց թե ո՞ւմ հետ պետք է խորհրդակցեր, ես չգիտեմ, որովհետև կա իշխանություն, որը ժողովրդի հետ կապ չունի, Ռուսաստանն էլ չի վստահում, որովհետև այս ու այն կողմ գործարքի մեջ է մտնում: Չկա մի շրջանակ, որը կներկայացնի ժողովրդի շահերը, կլինի ազդեցիկ»,- շեշտեց նա:
Աշոտ Մանուչարյանը նշեց նաև, որ դատապարտում է ազատամարտիկների լռությունը Լևոն Հայրապետյանի ձերբակալման գործում՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ Լևոն Հայրապետյանն այն նույն պահին, երբ ազատամարտիկները համախմբման փորձ էին անում, լինելով Արեւելյան Եվրոպայի երկրների հայության հավաքին, բարձրաձայնել է այդ հարցն ու ասել, որ ստեղծվում է հայ ազատամարտիների միավորում:
Մեկնաբանել