
«Մետաղադրամն անապատում» ֆիլմը կներկայացնի Հայոց մեծ եղեռնը
Լիանա Մակվեցյան
2014թ. մայիսի սկզբին Գավառում մեկնարկեցին «Մետաղադրամն անապատում» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այն լիամետրաժ պատմագեղարվեստական ֆիլմ է, որի սցենարի հեղինակներն են ԱՄՆ քաղաքացի, բարեգործ, «Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրինը եւ Արփի Աղոյանը:
Ֆիլմի հիմքում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական իրադարձություններն են, հայ ժողովրդի գաղթն ու ցեղասպանությունը:
Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է 2014 թվականին, Ամանորի նախօրեին: Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են Հայաստանում, նկարահանումները կատարվել են Երեւան եւ Գավառ քաղաքներում, Սեւանա լճի մերձակայքում, Կարմիր գյուղ, Դալարիկ, Տաթեւ գյուղերում, իսկ օգոստոս ամսից կշարունակվեն ԱՄՆ-ում:
Մոտ չորս տասնյակ դերասաններ իրենց ժամանակն ու տաղանդն են ներդրել Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը լսելի դարձնելու համար: Ֆիլմի գլխավոր դերերում դերասաններ Մարտուն Ղեւոնդյանն ու Բյուրեղիկ Մնեյանն են: Գլխավոր հերոսուհուն՝ Սառա Սենդերսին, մարմնավորում է Արփի Աղոյանը:
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մետաղադրամն անապատում» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015 թվականի ապրիլի 24-ին, երբ միջազգային հանրությունն ու աշխարհի հայությունը նշեն ողբերգության 100-րդ տարելիցը: Ըստ Ռոբերտ Բրինի` ֆիլմն ուսուցողական, տեղեկատվական միջոց է, որը մի փոքր քայլ կլինի դեպի Հայոց ցեղասպանության ճանաչումը:
«Թեեւ ֆիլմի պրիմիերան կայանալու է Հայաստանում, սակայն այն նախատեսված է Հայաստանից դուրս գտնվող անգլախոս հանրության համար, որոնցից շատ քչերն են տեղեկացված Հայաստանի պատմական ողբերգական իրողության մասին: Թույլ չտանք, որ եւս 100 տարի անցնի՝ առանց արդարության ճանաչման»,- իր խոսքում նշեց Բրինը:
Հարցազրույցի վերջում Ռոբերտը հույս հայտնեց, որ մինչ 2015 ապրիլի 24-ը ֆիլմը կգրավի հովանավորների ուշադրությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել