
Հետախուզական սկանդալի հետքերով. ԱԱԾ-ն չի հերքում իր մասնակցությունը
Արդեն շուրջ մեկ ամիս է անցել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի և ԱԱԾ աշխատակից ներկայացող Վլադ Հակոբյանի հանդիպման սկանդալային ձայնագրության տարածումից:
Հիշեցնենք, որ ձայնագրությունում հստակ լսվում էր, որ ԱԱԾ աշխատակից ներկայացողը սպառնալիքների լեզվով պահանջում էր Հրայր Մանուկյանից, որպեսզի վերջինս համագործակցի ԱԱԾ-ի հետ:
Եկեք փորձենք հասկանալ, թե արդյոք Վլադ Հակոբյան անունով ներկայացող անձը (հնարավոր է, որ իրական անունն այլ է) իրոք ԱԱԾ աշխատակից էր և իրոք հենց ԱԱԾ-ն էր սպառնում ընդդիմադիր ակտիվիստին:
Ջուրը բերանում
Համացանցում փորձեցինք որոնեՙլ ԱԱԾ-ի կողմից որևէ մեկնաբանություն (հաստատում, հերքում) նշված դեպքի հետ կապված: Ու թեև բազմաթիվ, անգամ ամենաիշխանական թերթերը գրել էին Հրայր Մանուկյանի «վերբովկայի» փորձի մասին, որևէ տեղ չգտանք ԱԱԾ-ի մեկնաբանությունը:
Չնայած հանրության մի մեծ զանգված ակտիվ քննարկում էր այդ հարցը, ԱԱԾ կայքում որևէ խոսք չկա այդ դեպքի մասին: Այս հարցի շուրջ ԱԱԾ-ի նման լռությունը, անշուշտ, հակասում է ժողովրդավարական պետության սկզբունքներին: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ ԱԱԾ-ն չի հերքել, որ Վլադ Հակոբյան ներկայացող անձը ԱԱԾ աշխատակից է և գործել է ԱԱԾ անունից:
Թե որքանով է հերքման բացակայությունը նշանակում, որ Հրայր Մանուկյանին սպառնալիքներով «վերբովկա» անողը հենց ԱԱԾ-ն էր, թող դատի ընթերցողը: Սակայն եթե մի պահ պատկերացնենք, որ դա այդպես չէ (և ԱԱԾ-ն կապ չունի), պետք է նաև պատկերացնենք, թե ինչպիսի ուժգին կլիներ ԱԱԾ-ի «հերքումը»:
Ծառայողական գաղտնիք
Այս հարցերի շուրջ գրությամբ դիմեցինք ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և ստացանք բավականին հետաքրքիր պատասխան:
![]() |
![]() |
Այսպիսով, ԱԱԾ անհայտ անվանմամբ մի գլխավոր վարչության պետ բացահայտում է, որ նշված հարցի շուրջ ԱԱԾ-ում կատարվել է ծառայողական քննություն, որի նյութերը փոխանցվել են դատախազություն: Ավելին, նա նշում է, որ այդ նյութերը պարունակում են ծառայողական գաղտնիք:
Գաղտնիքները լինում են տարբեր՝ նախաքննության, անձնական, կորպորատիվ, ծառայողական և պետական: Ծառայողական գաղտնիքը, ըստ օրենքի, տեղեկություն է, որի տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը և այն կարող է վերաբերել ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական ոլորտներին:
Եթե հաշվի առնենք, որ Հրայր Մանուկյանի հետ առնչվող ծառայողական քննությունը չի պարունակում ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական և գիտատեխնիկական, ոլորտներին առնչվող տեղեկություններ, ապա ստացվում է, որ այն պարունակում է հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական ոլորտներին վերաբերող և Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարևոր տեղեկություններ:
Եթե փորձենք ևս մեկ անգամ պատկերացնել, որ «Ժառանգության» վարչության անդամն ինքն էր հորինել այդ ամբողջ պատմությունը, կամ, որ, ենթադրենք, Վլադ Հակոբյան ներկայացողը իրականում ինքնակոչ է ու ԱԱԾ-ի հետ կապ չունի, ապա կստացվի, որ այդ պատմությունը որևէ կերպ չէր առնչվի ծառայողական գաղտնիքի (հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական ոլորտների) հետ: Առավելագույնը, եթե դա այդպես լիներ ու Վլադ Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցվեր, այս նյութերը կարող է պարունակեին նախաքննական գաղտնիք և ոչ երբեք ծառայողական:
«Թեման փակելու» նախադրյալները
Այս պատմության արդյունքում պարզվեց, որ Վլադ Հակոբյանը (ում ԱԱԾ-ին աշխատակցելու հավանականությունը թող որոշի ընթերցողը) կապ ունի նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի օգնական՝ ՀՀԿ-ական Նարեկ Արաքսման-Մանուկյանի հետ, ինչի արդյունքում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյան-Արմեն Աշոտյան ինֆորմացիոն փոխհրաձգությունը:
Զավեշտալի է, բայց փոխհրաձգության ընթացքում կողմերից և ոչ մեկը չանդրադարձավ իր համար առավել ցավոտ հարցին: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը չբարձրաձայնեց, թե ինչու է ԱԱԾ-ն իր թիմում գործակալ պահում և ինչով է ԿԳ նախարարությունը «հետաքրքիր» ԱԱԾ-ի համար:
Իսկ «Ժառանգությունն» իր տարածած հայտարարության մեջ չանդրադարձավ այն հարցին, թե, ըստ ձայնագրության, ԱԱԾ-ն ապօրինի տեղեկություններ է հավաքագրել Հրայր Մանուկյանի մասին, ինչը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն:
Արդյունքում հարցը, որն ավելի քրեական օրենսդրության դաշտում էր, դարձավ քաղաքական ու մոռացության մատնվեցին դրա ամենասուր կողմերը:
Իսկ եթե դրան գումարենք, որ Հրայր Մանուկյանն այժմ կրթություն է ստանում Չեխիայում, իսկ «Ժառանգությունը» աչքի չի ընկնում հարցի հետևողական բացահայտմամբ, կարելի է արձանագրել, որ ստեղծված են բոլոր նախադրյալները «թեման փակելու» համար:
Մեկնաբանել