HY RU EN

Հարկադիր կատարողները մտել են մարզահամերգային համալիր

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրինի գործողություններ են իրականացվում մարզահամերգային համալիրի հանդեպ: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են մարզահամերգային համալիր եւ առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից: Այս ամենը հետեւանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի՝ ՄՀՀ-ին փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու»:

Հիշեցնենք, որ երեկ չի կայացել ՄՀՀ-ի հինգերորդ հարկադիր աճուրդը, եւ առայժմ չի հայտարարվել նորը: Ըստ օրենքի՝ «երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: 

Նման լիազորություն ունի միայն ֆինանսների նախարարությունը, որը, ինչպես սահմանում է օրենքը, «պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը»: Փաստորեն, հավանական է, որ նոր աճուրդ չհայտարարվի, եւ 2005-ին մասնավորեցված ՄՀՀ-ն կրկին հայտնվի պետության ձեռքում: