
Քադաֆին սպանվել է
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանվելու կամ գերեվարվելու վերաբերյալ հակասական տեղեկություններ են հայտնվում միջազգային լրատվամիջոցներում:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի պաշտոնյա Աբդել Մաջիդ Մլեգթան «Ռոյթերս» գործակալությանն ասել է, որ Քադաֆին գերավարվել ու մահացել է ստացած վերքերից, որոնք եղել են ոտքերին ու գլխին:
Ըստ Մլեգթայի՝ Լիբիայի նախկին առաջնորդը փորձել է փախուստի դիմել, երբ ՄԱՏՕ-ի ինքնաթիռները հարձակվել են Սիրթ քաղաքի վրա: «Նրա խմբի վրա շատ կրակեցին, և նա մահացավ»,- ասել է Մլեգթան:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Աբդել Հակիմ Բիլհաջը «Ալ-Ջազիրայի» ուղիղ եթերում հայտարարել է, որ Քադաֆին սպանվել է: Քադաֆիի մահվան մասին հայտնել է նաև Ազգային անցումային խորհրդի «Ալ-Ահրար» հեռուստակայանը՝ առանց նշելու աղբյուրը:
Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը տարածել է հեռախոսով արված նկար, որում երևում է, թե ինչպես է ձերբակալվում վիրավորված Քադաֆին: CNN-ը չի կարողացել ճշտել, թե արդյոք լուսանկարն իրակա՞ն է:
Քադաֆիի գերեվարվելու մասին հայտնել է նաև լիբիական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Միսուրատայի Ռազմական խորհրդին:
Ավելի վաղ Ազգային անցումային խորհրդի ռազմական խոսնակ Աբդուռահման Բուսինը CNN-ին հայտնել էր, որ Քադաֆիի գերեվարվելու մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են: Նա հավելել էր, որ նույնիսկ հայտնի չէ, թե արդյոք Քադաֆին գտնվո՞ւմ էր իր հայրենի Սիրթ քաղաքում կամ դրա մերձակայքում:
ԱՄՆ պետդեպարտամենտը ևս չի հաստատել Քադաֆիի սպանվելու կամ գերեվարվելու մասին տեղեկությունները:
Չնայած սրան՝ լիբիացիները Տրիպոլիում տոնում են իրադարձությունը:
Ավելի ուշ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը հրապարակել է Սիրթ քաղաքի վրա հարձակման տեսանյութը, որում սպանվել է Մուամար Քադաֆին:
Մեկնաբանել