
«Հրուշակ. խոհեր վասն որկորի (Պանթեոն լուսնի վրա)». ցուցադրություն՝ Ժամանակակից արվեստի թանգարանում
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում այս պահին ընթանում է ցուցադրություն՝ «Հրուշակ. խոհեր վասն որկորի (Պանթեոն լուսնի վրա)» խորագրով: Ցուցադրության հեղինակը ամերիկահայ արվեստագետ Նեվդոն Ժամգոչեանն է: Վերջինս Հայաստան է ժամանել Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի կողմից նախաձեռնած «Արտ Կոմունա» Արվեստագետների միջազգային կացարանի շրջանակներում: Հենց լաբորատորիան էլ կազմակերպել է ցուցադրությունը: Ն. Ժամգոչեանի ցուցադրության կոնցեպտը հիմնված է «Մարս 2025» նախագծի վրա: 2025 թվականին նախատեսվում է իրականացնել թռիչք դեպի լուսին: Թռիչքի առաջին մասը բնորոշված է որպես «գիտական», իսկ երկրորդը՝ «արվեստագիտական»:
Երկու մարդուց բաղկացած անձնակազմը կներառի NASA-ի կողմից որակավորված մեկ տիեզերագնացի և մեկ արվեստագետի: Նախատեսվում է, որ լուսնային առաքելությունը կտևի մոտ 48 ժամ, որից 26-ը կանցկացվի լուսնի մակերևույթի վրա: Չորս ժամ ընդհանուր տևողությամբ երկու տիեզերական զբոսանք կիրականացվի տիեզերանավից դուրս: «Արվեստագետին» թույլատրված է վեց խորանարդ ֆունտ ծավալը և երեսուն կիլոգրամ քաշը չգերազանցող բեռ: «Մարս 2025»-ին մասնակցելու համար հայտարարվել է միջազգային մրցույթ արվեստագետների միջև: Նախագծին մասնակցելու համար եղել է 10.851 հայտ 98 երկրից: Մրցույթի շրջանակներում ընդունվել են ինստալացիայի, փերֆորմանսի, քանդակի, պարի և/կամ հողի արվեստի գործերի հայտեր:
![]() |
![]() |
Բազմաթիվ հայտերից, սակայն, «Մարս 2025»-ի ժյուրին ընտրել է արվեստագետ (ուսուցիչ) Նեվդոն Ժամգոչեանի հայտը՝ Պանթեոն լուսնի վրա: Ըստ Նեվդոն Ժամգոչեանի հայտի՝ նրա ինստալացիան բաղկացած է լինելու փոքր Ապոլո տիպի լուսնագնացից, որի վրա տեղադրված է լինելու եռաչափ տպիչ սարք: Լուսնագնացը միացված է լինելու հեռակարավարման կայանին, որը տեղակայված կլինի «Walden Three» շենքի վերին հարկում: Մոլորակի վրա ամեն մի նոր կենդանատեսակի ոչնչացումից հետո, կայանը հրամաններ կհեռարձակի լուսնագնացին: Լուսնագնացը նախ մի փոքրիկ բլուր կսարքի և, այնուհետ, դրա գագաթին կտեղադրի սպանված կենդանու հինգ սանտիմետր բարձրությամբ քանդակը: Տեսախցիկը կհեռարձակի մոլորակը դիտող քանդակները մինչև որ մահաբեր գործողությունները կոչնչացնեն մարդկային տեսակը կամ դադարեցվեն: Ներկայումս, ծայրահեղ վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ցուցակում կան ավելի քան 2000 կենդանիներ:
![]() |
![]() |
Վերահսկիչ կայանում կլինի արտակարգ իրավիճակի համար նախատեսված կոճակ, որը կսկսի բոլոր այդ կենդանատեսակները ավտոմատ տպելու առաքելությունը: Այս առաքելության վերջին գործողությունը լինելու է մարդու արձանը, այն դեպքում, եթե մենք ինքներս ոչնչանանք:
«Ես մտադիր եմ բացման հանդիսավոր արարողություն կատարել լուսնի վրա: Արարողությունը կանցկացվի վերջերս մշակված ապոստորիորային Lingwa de planeta լեզվով և, հուսով եմ, կհեռարձակվի մոլորակի բոլոր երկրներում: Լուսնագնացի վրա կտեղադրվի փոքրիկ սկավառակ Պերսի Շելլիի «Օզիմանդիաս» պոեմով՝ նույնպես գրված այդ լեզվով: Այս լավ հայտնի բանաստեղծության թեման մարդու նվաճումների անցողիկության մասին է ի տարբերության բնության մշտականությանը:
…Այնուհետև, ես հետնորդն եմ երկու մարդկային ցեղի (հայի և հրեայի), որոնք ենթարկվել են մարդկանց ոչնչացման երբևէ ձեռնարկված ամենածավալուն գործողություններին: Այդպիսով, կարելի է ասել, որ ես ոչնչացման վտանգի առաջ կանգնած կենդանատեսակների ցուցակում հայտնված կենդանու մարդկային տարբերակն եմ»,-ասված է Ն. Ժամգոչեանի հայտում:
![]() |
![]() |
«Հետքի» հետ զրույցում արվեստագետը նշեց, որ հենց այս թեմային էլ նվիրված է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ընթացող ցուցադրությունը: Այստեղ ցուցադրված են աշխատանքներ, որոնցում պատկերված են մարդու կողմից արդեն ոչնչացած ընդամենը 16 կենադանատեսակներ գեղանկարչական շարքի տեսքով (բոլոր կենդանատեսակների պատկերումը, գրեթե անհաղթահարելի գործ է):
Ժամգոչեանի խոսքերով ցուցադրված աշխատանքներում կենադանատեսակները պատկերված են «քաղցր» գույներով՝ ունենալով համեմատակններ՝ մարդու՝ քաղցրավենիք ծամելու որկրամոլության հետ: Միաժամանակ, աշխատանքները դիտելիս կարելի է ունենալ հակասության զգացում՝ պանթեոնի տրամադրությանը հակասող գույների հետ կապված:
«Մարս 2025» նախագծի կոնցեպտի հիման վրա արված այս ցուցադրությունը երկար չի մնա Երևանում: Այն ցուցադրվելու է այլ երկրներում ևս, ուստի հայ արվեստասերը այն կարող է դիտել մինչև օգոստոսի 6-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել